ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կապվել է ՄԻՊ-ի հետ՝ քննարկելու համար ՍԴ դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը

Պաշտոնական 14.09.2020   12:30   44

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համար Սահմանադրական դատարանի դատավորների դատական նշանակման ընթացիկ գործընթացը և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել գործընթացին:

Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների նշանակման գործընթացի անկախ գնահատման կարևորության մասին և այն մասին, թե ինչպես կարող են երկու հաստատությունները համատեղ աշխատել գործընթացին հետևելու հարցում:

Քննարկումների ընթացքում նշվել է, որ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն գնահատման հարցում և կպատրաստի իրավական վերլուծություն դատավորների նշանակումը կարգավորող օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, պարտավորությունների ու առաջատար փորձի վերաբերյալ:

Գնահատման նպատակն է իրականացնել գործընթացի անկախ և անաչառ ուսումնասիրություն՝ դատական իշխանության անկախության նկատմամբ հանրային վստահության ձևավորման տեսանկյունից։ Ուշադրություն կդարձվի դատավորների նշանակման հարցերը կարգավորող իրավական ակտերին ու ընթացակարգերին, այդ ընթացակարգերի գործադրմանն ու գործընթացի թափանցիկությանը:

Երկու հաստատությունները համատեղ նշել են, որ դատավորների նշանակման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ է թափանցիկությունը, ուստի Խորհրդարանում պետք է ապահովվի, որպեսզի գործընթացի բոլոր փուլերը լինեն հնարավորինս թափանցիկ: Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կարող է ամրապնդվել թափանցիկ գործընթացների միջոցով:

ՄԻՊ աշխատակազմ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ դատավորի թեկնածուներ, ԵԱՀԿ, ԺՀՄԻԳ, ՀՀ ՄԻՊ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon