Հակոբ Արշակյան. Միասնական տոմսային համակարգ է գործելու

Պաշտոնական 17.04.2019   12:30   347

Մայիսին կունենանք Երևանի ամբողջական ուղևորահոսքերի պատկերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով` այս պահին ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում։

«Փորձում ենք հասկանալ` ինչ փոխադրամիջոցներ են անհրաժեշտ, ինչ քանակի, ինչ հաճախականությամբ պետք է շարժվեն դրանք։ Ուղևորափոխադրումների ինքնարժեքի գնահատում նույնպես կատարվում է։ Այս պահին ինֆորմացիան հավաքագրման փուլում է, և շուտով կունենանք ամբողջական պատկեր»,–ասաց նախարարը։

Ըստ նրա` միասնական տոմսային համակարգ է գործելու, և տոմս հնարավոր կլինի գնել նաև օն–լայն։ Բացի այդ, տրանսպորտային բոլոր միջոցների վրա տեղորոշող սարքեր կլինեն, որպեսզի ուղևորը կարողանա հետևել` որտեղ է տրանսպորտը և երբ կժամանի։

Նախարարը նշեց նաև, որ հին և նոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների տարանջատում չի լինելու, և եղած ուղևորափոխադրող ընկերությունները նույնպես կարող են մասնակցել առաջիկայում կայանալիք մրցույթին։

Այս տարի պետբյուջեով 78 կմ ճանապարհ կհիմնանորոգվի, բացի այդ ճանապարհների լրացուցիչ նորոգման ծրագրերով էլ աշխատանքներ կկատարվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Բացի այդ, ըստ նրա, միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երևան–Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սևանի տարածքում։

«Երևանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ։ Հարավային ուղղությամբ էլ` դեպի Մեղրի ընկած հատվածում կլինեն նորոգումներ։ Վերջին 5 տարիների համեմատ` այս տարի աննախադեպ քանակով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարելու` խոսքը 300 կիլոմետրից ավել ճանապարհի մասին է»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ իրենք ճանապարհաշինարարական աշխատանքների թվայնացման են գնում` առաջիկայում կլինի թվային քարտեզ, որտեղ հնարավոր կլինի տեսնել ճանապարհի որ հատվածը, ինչ ընկերության կողմից, որքան գումարով է կառուցվում։

Նրա խոսքով` նախարարությունը Հայաստանը տրանզիտ գոտի սարքելու ուղղությամբ քայլեր է իրականացնում և դեպի Վրաստան ու Իրան ուղղությամբ ճանապարհների նորոգման համար 15 մլրդից ավել գումար են տրամադրել։

Խոսելով Մ6 ճանապարհի (Վանաձոր–Ալավերդի–Վրաստան) կառուցման մասին` նախարարը նշեց, որ Վանաձորից Թումանյանի կայարան գնացող հատվածի շինարարությունն արդեն ավարտվել է, և մյուս տարի կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձր որակի ճանապարհ։

Հակոբ Արշակյանի խոսքով` Հյուսիս–հարավ ավտոճանապարհի հետ կապված էլ այս տարի պետք է ավարտեին Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի հատվածը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ամբողջությամբ ավարտել։

Նախարարը հավաստիացրեց` Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կառուցման ավարտի վերջնաժամկետի հետ կապված այս պահին բանակցություններ են գնում։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հակոբ Արշակյան, տրանսպորտ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon