Հարութ Ուլոյան. «Քաղաքական գնահատականի նախադեպը»

Խոսք 07.07.2020   19:06   561

Երբ 1998 թվականին իրականացված պալատական հեղաշրջումից հետո արհեստականորեն ձևավորված «Արդարություն և միասնություն» (Երկրապահներ, ՀՅԴ, ՌԱԿ, ՀԴԿ, ՍԻՄ և այլն) դաշինքը Ռոբերտ Քոչարյանին օծեց Հայաստանի ղեկավար, վերջինս, նախ, «նախկիններին» ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի կոնկրետ ներկայացուցիչների նշանակեց տարբեր պաշտոնների, ապա ստեղծեց իրեն առընթեր «Քաղաքական խորհուրդ» (ՔԽ), որում ընդգրկվել էին այդ ժամանակ քիչ թե շատ ակտիվ ուժերի հիմնական մասը, կարճ ժամանակով նաև «նախկինները»` ՀՀՇ-ն: Հենց այդ ժամանակ արդեն խոսվում էր այն մասին, որ ՔԽ ստեղծելու Քոչարյանի գլխավոր նպատակն ԱԺ-ին հակազդելն էր:

Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ ազգափրկիչ այդ կառույցի գոյության նպատակը «նախկին» իշխանությունների վերաբերյալ «քաղաքական գնահատական» հնչեցնելն էր: Որոշ ժամանակ անց ՀՀՇ-ն լքում է ՔԽ-ն, արձանագրելով, որ «Քաղաքական խորհուրդն իր ստեղծման օրվանից ոչ միայն չի փորձել քննարկել պետության առջեւ ծառացած եւ ոչ մի կարեւորության խնդիր, կապված թե արտաքին, թե ներքին քաղաքականության հետ, այլեւ ի վիճակի չէ այդ անել»:

ՔԽ-ն ստեղծման օրվանից 3 ամիս անց հրապարակվում է «նախկինների» «քաղաքական գնահատականի» 2 տարբերակ: Դրանցից «մեղմ» տարբերակն (ՀՀԿ-ի հեղինակած) ընդունվում է մեծամասնության կողմից, իսկ «թունդ» տարբերակը ներկայացվում է որպես 2 ուժերի հատուկ կարծիք:

Պատկերացրեք` ՀՀԿ-ի ներկայացրած «մեղմ» տարբերակում, որին այլ ուժերի հետ մեկտեղ կողմ է քվեարկել նաև Վազգեն Սարգսյանի ղեկավարած ԵԿՄ-ն, «նախկինները» քննադատվում են «ազգային նպատակների նկատմամբ քամահրանքի և ազգային գաղափարախոսության մերժման» համար:

Վազգեն Սարգսյանի և ԵԿՄ-ի մասը բաց թողնենք, քանի որ ուղղակի անհեթեթություն կլինի «նախինների» վերաբերյալ նման գնահատականի կոնտեքստում նրանց տարանջատելը նույն «նախկիններից»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա դա նույն ՀՀԿ-ն է, որը եղել էր «նախկինների» ամենամտերիմ դաշնակիցը և պաշտանել ու առաջադրել էր «ազգայինը մերժող» Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը 1996 թվականի ընտրությունների ժամանակ: Ավելին, ընտրություններից հետո ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանը, դիմելով Տեր-Պետրոսյանին, «ուրախությամբ» շնորհավորել էր նրան հաղթանակի կապակցությամբ, իսկ ԱԺ-ի դեմ իրականացված գրոհն էլ համարել էր «վանդալիզմ» և «պետական հեղաշրջման փորձ»:

Վերադառնալով «նախկինների» «քաղաքական գնահատականին», կարևոր է ծանոթանալ նաև այդ ընթացքում Քոչարյանի հրապարակային դիրքորոշմանը.

«Երեւի, կարելի է գնահատական տալ այս վերջին ընտրություններին, 95, ինչ-որ տեղ 96-ի երեւույթներին, բայց այստեղ դա էլ միանշանակ չէ, այսինքն՝ միայն իշխանությունների մեղքը չէ։ Ես համարում եմ, որ պատճառը նաեւ ընդդիմության՝ ինչ-որ չափով ռադիկալ կեցվածքն էր։ Կարելի է շարունակել այս ցանկը, բայց մեղադրել գործադիր իշխանությանը, որ ժողովուրդը առանց լույս էր մնացել՝ մեկ այլ խնդիր է։ Այդ դեպքում պետք է մի քիչ ավելի խորանանք եւ հայտնաբերենք, թե ով էր փակել ատոմակայանը, որովհետեւ եթե այն փակված չլիներ 89 թվին, շատ հավանական է, որ ժողովուրդն այս վիճակում չէր լինի 92-93 թվին։ Դրա համար երեւի պետք է իրարից զատել այն օբյեկտիվ երեւույթները, որոնք պետք է լինեին Հայաստանում, կապված անցումային շրջանի, Սովետական Միության փլուզման հետեւանքների հետ, պետք է ճիշտ գնահատենք պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ ի վերջո, եթե չեմ սխալվում, 28 անգամ պայթեցրել են միայն գազամուղը։ Պետք է նաեւ ճիշտ գնահատել մի շարք այլ գործոններ՝ կապված, օրինակ, Վրաստանի անկայուն վիճակի հետ, որը տեւել է մի քանի տարի։ Այս բոլոր երեւույթներն օբյեկտիվորեն ազդել են Հայաստանի տնտեսության վրա, եւ այստեղ երեւի իշխանությունների մեղքը չկա։ («Առավոտ», 01.12.1998)»:

Քոչարյանն, ըստ էության, երկակի խաղ էր խաղում: Մի կողմից կուլիսներում ՔԽ-ից պահանջում էր «քաղաքական գնահատական» տալ նախկիններին, մյուս կողմից` «նախկինների սխալները» փորձում էր օբյեկտիվ պատճառներով բացատրել: Պարզ ասած` ՔԽ-ին օգտագործում էր որպես գործիք:

Ի դեպ, «նախկիններին» «քաղաքական գնահատական» տալու վերաբերյալ նույն այդ օրերին արտահայտվել է նաև այն ժամանակ ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը.

«Մտադիր էլ չեմ, չեմ էլ կարող, ժխտել, որ եղել եմ նախկին կառավարության կազմում. 1993 թվականից պաշտպանության նախարար, 1995-ից՝ ազգային անվտանգության։ Այո, նաեւ իմ մասնակցությունն է եղել այն թերություններին ու սխալներին, որոնք տեղ են գտել։ Իսկ ընդհանրապես, նրանք, ովքեր ասում են նախկին իշխանություններ եւ այլն, իրենք դրա մեջ չե՞ն եղել։ Թող այն ժամանակ աշխատեին։ Չկարողացան, բայց հիմա սովորեցնում են, թե ինչպես է պետք աշխատել։ Շատ տարօրինակ է» («Առավոտ», 14.11.1998):

Հարութ Ուլոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՔՊ, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀԿ, Հարութ Ուլոյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon