Արմեն Խաչատրյան. Սա օտարերկրյա ուղիղ միջամտություն է ՀՀ ընտրություններին
Բնավ իմ ոճի մեջ չի անդրադառնալ նմանատիպ հրապարակումներին։ Բայց այս անգամ, նկատի ունենալով, որ ֆեյսբուքյան տիրույթուն անընդհատ քննարկվում է այս թեման, գտնում եմ, որ Հայաստանի իշխանությունը պատկանում է միայն հայ ժողովրդին և ոչ մի արտասահմանյան պարոնի կամ նրա թիկունքին կանգնած ուժերին։ Այն ձևավորվում է բացառապես ՀՀ քաղաքացիների ազատ քվեարկությամբ, ոչ թե Վաշինգտոնի կամ Անկարայի ցանկություններով։
Իսկ հիմա տեսեք՝ ամերիկյան փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բացահայտորեն հայտարարում է, որ ուզում է Փաշինյանը վերընտրվի, որովհետև հենց նա է կարողանում «կառուցել երկարաժամկետ գործընկերություն» (կարդա՝ բացել Սյունիքով միջանցք, հանձնել հայրենիքի կտորներ, կատարել ամեն ինչ, ինչ ասում են վերևից)։ Իսկ Թուրքիայի արտգործնախարարը (և էլի մի քանի անգամ պաշտոնական դեմքեր) նույն բանն է ասում՝ «մենք աջակցում ենք Փաշինյանի կառուցողական դերին» և ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդարարում նրա վերընտրությունը։
Սա ուղիղ օտարերկրյա միջամտություն է ընտրություններին։
Ընտրական օրենսգրքի հստակ արգելք կա՝ օտարերկրյա պետություններին, նրանց ներկայացուցիչներին և կազմակերպություններին արգելված է որևէ կերպ նախընտրական քարոզչություն անել կամ ազդել ընտրությունների վրա։ Բայց երևի որոշների համար օրենքը գործում է միայն հայ ընդդիմության դեմ, իսկ երբ Ամերիկայի փոխնախագահը կամ թուրքական ղեկավարությունը բացեիբաց «օրհնում» է իրենց թեկնածուին՝ դա «դիվանագիտություն» է համարվում, չէ՞։
Հայ ժողովուրդը ոչ մի օտար տիրոջ կարիք չունի, որ ասի՝ ում ընտրի։ Մենք ինքներս կորոշենք մեր ճակատագիրը՝ առանց Վենսի «հավանության» և առանց Անկարայի «աջակցության»։ Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է հայտարարել «Փաշինյանը մեր տղան է» և դրա համար ոչինչ չլինի՝ խորապես սխալվում է։ Սա ոչ միայն արհամարհանք է հայ ժողովրդի ինքնիշխանության նկատմամբ, այլև ուղիղ մարտահրավեր մեր պետականությանը։
Հայաստանը՝ հայերինն է, ոչ թե միջանցքի, ոչ թե «խաղաղության» անվան տակ հանձնվող տարածքների, և ոչ էլ արտասահմանյան «էնդորսմենթ»-ների։ Որոշումը կկայացնի ժողովուրդը՝ և ոչ թե նրանք, ովքեր արդեն բացահայտ ասում են՝ «մեզ պետք է հենց սա»։


