«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Հավերժ քո Գերի. «Նորից բարև, ախպերս, ես հետ էկա... գերությունից»

Հավերժ քո Գերի. «Նորից բարև, ախպերս, ես հետ էկա... գերությունից»

«Ես հետ էկա... գերությունից։ Մերսի քեզ։ Բոլորին մերսի։

Քո ասած երկու ամիս էս կողմ, էն կողմ դիմացա, տո, թե շատ ես ուզում, ներում էլ եմ։ Էկա, տուն-տեղիս հասա։ Ընկա մորս չփխած դոշակի մեջ ու մեռելի պես քնել եմ։ Բայց չորոտ էր, գիտե՞ս։ Շատ չորոտ էր։ Հաց-պանիր-պամիդորն էլ էր չորոտ, ոնց որ խոտ ուտեի։ Դե, հիմա, անսովոր է, ախպեր ջան, ինձ էլ հասկացի. համարյա մի տարի ափսեիդ մեջ թքած լափ ուտես, ու ուրախանաս, որ գոնե էդ լափը տալիս են։

Չուտեիր էլ, տկլորացնում, քցում էին ձների մեջ։ Էդ անտեր ձյունն էլ ձյու՞ն, ինադու հո սառը չէր։ Մի երկու անգամ փորձեցի, գիտեմ։ Այ, երրորդ անգամ էլ սառը չէր. անջատված ընկնում ես ձյան մեջ, ու մեկ էլ, հոպ, սիրուն փաթիլ։ Մտածում ես` այ մարդ, էս բնությունն էս ինչ հրաշք է, հըլը էս եղյամին նայի։ Էդ ո՞նց նախկին կյանքումս չէի ֆիքսել. հենց դիմանամ, հասնեմ տուն, էրեխեքիս կպատմեմ, որ աշխարհի ամենակատարյալ բանը ձյան փաթիլն է. գալիս ընկնում են, հավաքվում իրար գլխի` թեւ-թիկունք լինում, հետո միասին էլ հալում-գնում են...

Հա, ասում էի` հետիս տղեքին ասեմ` փաթիլներին նայեք, տղերք, որ չգժվեք, որ չգժվե~ք, որ դիմանաք, երկու ամիս էս կողմ, էն կողմ, որ դիմանաք։ Ախպերս, ում հասցրի ասել եմ, ում չհասցրի` մեռան...սպանեցին...չդիմացան։ Չդիմացան տղերքը էրկու ամիս էս կողմ, էն կողմ...Ներիր իրանց, չհասցրին դիմանալ, որ հետո քեզ ներեին։

Լավ ենք հասել, սամալյոտը իջավ, սաղ էկան, բժիշկ-հոգեբան, սաղ դուզն էր։ Ապրեք։ Գոհ ենք։ Թուղթ-գրիչ, հարցփորձ, դե պտի պատմեի, թղթաբանություն է, հետո պատմածս կարող ա էն սաղ մնացածներին օգնի հետ բերել։ Պատմելուց սաղ վերապրեցի, հա ասի չլացեմ, բայց չստացվավ։ Թուլացել եմ, ախպեր ջան։ Առաջ գիտես ինչ հաղթանդամ տղա էի, մուսկուլներս տեղը, ուժս տեղը։ Մուսկուլներս էլի տեղն են, բայց փսքել են։ Դատարկ է. մե’ջն է դատարկ։

Մորս չփխած դոշակի վրա երկրորդ գիշերն արդեն չկարողացա քնել. վեր եմ թռնում, անկախ ինձնից հելա դուրս, որ դեմքով պառկեմ ձյան վրա ու սպասեմ հարվածին։ Զարմացա, ձյուն չկար։ Հետ էկա, մտա տեղաշորս, ու սաղ գիշեր զառանցեցի` տղեք, դեմքով դեպի ձյունը, նայեք փաթիլներին...նայեք փաթիլներին...

Իրանք էլ կդիմանան, երկու ամիս էս կողմ էն կողմ, կարող ա նույնիսկ ներեն էլ, հետ էլ կգան, բայց հաց-պանիր-պամիդորը չորոտ կլինի, մամայի էփած տաք ճաշն էլ մինչեւ կուլ տալը, այ հենց պահին, որ հասնում է կոկորդիդ, կհիշեցնի էն մեջը թքած լափը...գունագեղ տոնակատարության ժամանակ էլ ձնե գետին կփնտրենք, որ թաղվենք դեմքով դեպի ձյունը, դեմքով դեպի ձյունը...որ չկարողացանք սաղով փաթիլների նման թեւթիկունք լինել, գալ, լցվել իրար գլուխ ու միասին հալվել...որ չգժվենք, որ չգժվենք գունագեղ տոնակատարության հրավառություններում...

Այսուհետ ու հետայսու
Հավերժ քո
Գերի»

Լուսինե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից