Օրացույց
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օրը
- Ս. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը: Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձևումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն` կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը:
- Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև Ս. Պիոն քահանան: Հայտնի է, որ նա գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ:
- Հանուն քրիստոնեության մարտիրոսված սրբերից են Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագները: Ս. Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել բարեպաշտ քրիստոնյային: Ս. Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք` պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար:
- Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Ս. Որմզդանան և պարսից իշխան Ս. Սայենը: Նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին և նահատակվում իբրև նվիրյալ քրիստոնյաներ:
- Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Ս. Աբդլմսեհը: Հայրական հոտը հովվելիս նա ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան` տալով «Աբդլմսեհ» անունը, որը նշանակում է «ծառա Քրիստոսի»: Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում որդուն այն նույն տեղում, որտեղ մկրտվել էր երանելին:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2024-02-05, 2025-02-24, 2026-02-09, 2027-02-01, 2028-02-21, 2029-02-05, 2030-02-25։
Читать на русском