«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին -2»

Լևոն Զուրաբյան. «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին -2»

Ոչ ո՛ք այդքան շատ վնաս չի տվել Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը, որքան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը (խոսքը՝ ՀՀ նախագահի կարգավիճակով պաշտոնավարման ժամանակաշրջանների մասին է)։

Դրա մասին ես գրել էի դեռ 2001 թվականին «Զոհաբերված դիվանագիտություն. Ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին» հոդվածում, իսկ այսօր հրապարակում եմ մի նոր հոդված, որը կարող եք համարել առաջին հոդվածի սիքվելը՝ «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդպես հեշտ մատաղ անեք, կամ Ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին - 2»։

Բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են հասկանալ ղարաբաղյան կարգավորման թաքնված դիվանագիտական իրողությունները՝ 1992-ից մինչեւ այսօր։

Լևոն Զուրաբյան


«Վերջերս պատահմամբ աչքովս ընկավ 2006–2008 թվականներին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի մի պնդում, ըստ որի` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանն «առաջարկում էր համաձայնություն տալ 1997 թ. համանախագահների ներկայացրած «Փուլային» լուծման համաձայնագրին, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ԼՂԻՄ-ի սահմաններով, ինքնավարության լիազորություններով»[1]։ Հաշվի առնելով սույն գործչի արդեն բավականին մոռացված լինելու հանգամանքը, գուցեեւ կարելի էր անտեսել այս հայտարարությունը, բայց… Որոշ ժամանակ անց հայտնաբերեցի նաեւ, որ նույնը պնդում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջերս հրապարակված ինքնակենսագրական գրքում։ Ըստ Քոչարյանի, Տեր–Պետրոսյանը «կոչ արեց զիջումների գնալ Ղարաբաղի հարցում եւ համաձայնել փուլային կարգավորման ծրագրին, որն առաջարկում էին Մինսկի խմբի համանախագահները։ Այդ ծրագրով  Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում»[2]։

Քոչարյանի գրքին ո՛չ ծանոթանալու եւ ո՛չ էլ անդրադառնալու ցանկություն չունեի։ Այդ գրքի բազմաթիվ պնդումների ակնհայտ ստահոդությունն արդեն բացահայտել ու բարձրաձայնել են ներկայացված իրադարձությունների ականատեսներն ու մասնակիցները։ Գիրքն արժեզրկված է ինտելեկտուալ ազնվությունը գնահատող մարդկանց միջավայրում։ Այնուամենայնիվ, մեջբերված պնդմանը որոշեցի արձագանքել  երկու պատճառով։ Նախ` ակնհայտ է, որ Թորոսյանի եւ Քոչարյանի այդ պնդումը դարձել է քոչարյանասարգսյանադաշնակցական քաղաքական  դիցաբանության գլխավոր հիմնաքարը: Վերջինս կոչված է ապացուցելու, որ Տեր–Պետրոսյանը ցանկանում էր «հանձնել Ղարաբաղը», իսկ Քոչարյանն ու Սարգսյանը «փրկել են» Ղարաբաղը։ Այս միֆը, հետեւաբար, «արդարացնում է» նրանց բոլոր կոռուպցիոն հանցագործությունները եւ քաղաքական հակառակորդների հետապնդումները. չէ՞ որ ազգային փրկությունն ամենից վեր է։ Իրականում սա միակ թեզն է, որն ստեղծում է «գաղափարական» հիմքեր այս՝ բացառապես թալանով աչքի ընկած պսեւդոքաղաքական խմբավորումների համար եւ թույլ է տալիս իրենց շուրջը միավորվելու քարոզչություն ծավալել։ Հանի՛ր այս «հիմնաքարը» քարոզչական այդ շինության տակից, եւ այն ամբողջությամբ կփլուզվի։ Երկրորդ պատճառը նույնպես կարեւոր եմ համարում. ինչքան էլ Քոչարյանն ու Թորոսյանը վարկաբեկված լինեն, նրանք զբաղեցրել են Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնները, ինչն էլ՝ զուտ պաշտոնի բերումով, կարող է վավերականության որոշակի կշիռ հաղորդել նրանց ասածներին։

Այսքանը` որպես նախաբան։ Մնացյալն այն մասին է, թե արդյո՞ք Լեւոն Տեր–Պետրոսյանը երբեւէ ընդունել է, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, եւ արդյո՞ք, մասնավորապես, 1997 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած պլանը նախատեսում է նման կարգավորում։ Կպատասխանեմ նաեւ այն հարցին, թե ովքե՛ր են իրականում մեր դիվանագիտական ձախողումների գլխավոր հեղինակները, եւ ո՛վ է Հայաստանի Հանրապետության այն միակ ղեկավարը, որ պաշտոնապես ընդունել է Ղարաբաղն Ադրբեջանին կցելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի պլանը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ