«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Լուսինե Առաքելյան. «Չոքած հարցազրույց»

Լուսինե Առաքելյան. «Չոքած հարցազրույց»

Չոքած հարցազրույց

Պարոն վարչապետ, 
Ինչպե՞ս է սկսվել Ձեր առավոտը։ Թե՞յ, սո՞ւրճ, քա՞ղցր, դա՞ռը։ Հասցրե՞լ եք նախաճաշել, թե արեւածագին չեն նախաճաշում։

Տանից դուրս գալիս մինչեւ մեքենա նստելը հասցրեցի՞ք վաղորդյան օդը զգալ Ձեր թոքերում։ Սա՞ռն էր։ Մաքո՞ւր էր։ Կա՞ր օդ շնչելու:

Ի՞նչ էիք մտածում ճամփին, մինչեւ հասաք Եռաբլուր։ Օրվա գրաֆի՞կն էիք մտաբերում, մտովի հանդիպումներն էիք պատկերացնում, գծում-մծում-գծմծում։ Մտածո՞ւմ էիք առհասարակ։ Մաքո՞ւր էր, կա՞ր միտքը։

Եռագույնով պատված ստորոտը տեսնելիս մտովի Ձեր մատները տարե՞լ եք զարկերակին։ Հաշվե՞լ եք։ Քանի՞սն էին րոպեում։ Կայի՞ն։ Գտա՞ք սրտի Ձեր զարկը։ Ուժե՞ղ էր։ Ուժե՞ղ էր այնքան, որ ցավեցնի, թե բութ էր այնքան, որ անլսելի էր...սիրտը...Ձե’ր։

Բա որ հասաք Եռաբլուր, ինչպե՞ս ընտրեցիք շիրիմը։ Պռոտոկո՞լն է թելադրում, թե՞ ոտքերը ուր տանեն։ Նկարներին նայելո՞վ եք ընտրում ու մոտենում, թե՞ հնար ունենայիք կչոքեիք բոլորի առաջ... Հնար ունե՞ք։ Չէ՞։ Ինչո՞ւ։ Ախ, հա՞~, գրաֆիկը, ժամանակը, գործերը, գո’րծը...

Բա որ չոքում եք տասնութ տարեկանի առաջ ու խաչակնքվում, աղոթո՞ւմ եք։ Ի՞նչ եք մտածում էդ պահին։ Կարողանո՞ւմ եք բառեր գտնել մտածելու։ Ինչի՞ մասին եք մտածում ճիշտ էն պահին, երբ ծնկաչոք խաչակնվում եք տասնութամյայի մոտ։ Հեչ էղե՞լ է, որ ուզենաք մի բան, շատ կարեւոր բան, տո թեկուզ էդ գրողը տարած «կներեք ինձ, տղերքը» ասեք, ու, օրինակ, մտածեք` «էս անտեր կոստյումը փոքրոտ ա, կոճակը սեղմում ա, ցուրտ ա, պիտի բաճկոն հագնեի, բայց քարը լավն ա, մալադեց քարտաշներին...»

Իսկ երբ մտովի ներողություն եք խնդրում, հեչ էղել ա բարձրաձայն արձագանքը լսեք տղեքի` ստորոտից մինչեւ գագաթ բարձրացող «ծառայում ԷԻՆՔ Հայաստանի Հանարապետությանը»։

Չե՞ք լսել։ Վախենո՞ւմ եք լսել։ Ինչո՞ւ։ 

Իսկ ուզե՞լ եք չոքելու պահին գետինը բացվեր, անցնեիք տակը, հատակին, որ չտեսնեիք, չլսեիք, չլինեիք...ու շնչեիք վաղորդյան օդը ու զգայիք վերջապես զարկը Ձեր սրտի...
Չէ՞։ Ինչո՞ւ։ 
Ախ, հա...

Լուսինե Առաքելյան