Մեսրոպ Հարությունյան. Ինչի՞ սիմվոլ է վարչապետը

Խոսք 23.10.2021   20:04   139

Ալիք Մեդիա. «...Առայժմ ՀՀ վարչապետի անձից վերանանք (փիլիսոփաներն ասում են՝ աբստրահվենք) եւ թերթենք մեր Սահմանադրությունը։ Թերթեցինք, հասանք 21-րդ՝ «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները» հոդվածին։ Կա դրոշը, զինանշանը, օրհներգը։ Բայց, այ քեզ բան, վարչապետի խորհրդանիշ լինելու մասին խոսք չկա։ Շարունակեցինք կարդալ. վարչապետի՝ խորհրդանիշ (աներձագի բառապաշարով՝ սիմվոլ) լինելու մասին խոսք չկա նաեւ հետագա որեւէ հոդվածում։

Իսկ հիմա նորից «աբստրահվենք» կոնկրետ անձից մեր «աբստրահումից» ու հարցնենք՝ իսկ ինչի՞ խորհրդանիշ (վայ, ներողություն՝ սիմվոլ) է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էստեղ ես ստիպված եմ երկար մտածել, ընտրել յուրաքանչյուր բառը, արտահայտությունը, դարձվածքը, չէ՞ որ հենց վերջերս ընդունվել է «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» մի օրենք, որով պատասխանատվություն է սահմանվել, այսպես կոչված, «ծանր վիրավորանքի» համար (ՀՀ ՔրՕր, հոդված 137.1)։ Իսկ «ծանր վիրավորանքն» էլ սահմանվել է՝ իբրեւ «անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը»։

Ենթադրում եմ, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածի ձեռքը մենակ ես չէ, որ կրակն եմ ընկել ու մտածում եմ բառերը ընտրելու մասին։ Վստահ եմ, որ իրենց քաղաքական գործիչ համարող մտքի գիգանտների երկնած այս անհեթեթությունը շուտով գլխացավանք է դառնալու նաեւ ոստիկանության, քննչական կոմիտեի քննիչների համար, որոնք պիտի քրեական գործ հարուցեն, քննեն, ինչպես նաեւ դատախազության համար, որը պիտի դատարանում պաշտպանի այդ քրեական գործերով մեղադրական (անհեթեթ) եզրակացությունը՝ ապացուցելով, օրինակ, որ «կապիտուլյանտ» բառը հայհոյանք է կամ «ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանք»։

Հիմա ես անգամ չգիտեմ՝ կարո՞ղ եմ ասել, որ Փաշինյանը շառլատանության սիմվոլ է։ Կամ, ասենք, «փանջունիականության» սիմվոլ։ Կամ՝ «մտքի ու գաղափարի իսպառ բացակայության» սիմվոլ։ Եվ քանի որ չգիտեմ, իրավունք ունեմ ասելու, թե ոչ, կամ արդյո՞ք դա կհամարվի «ծանր վիրավորանք», ուստի չեմ էլ ասում։

Բայց հարցս մնում է օդում կախված, եւ այն ուղղված է կարկառուն ՔՊ-ական պատգամավորներին եւ այն իշխանավորներին, որոնք, ըստ Հրաչյա Հակոբյանի, «իբրեւ սիմվոլ» են կախում Փաշինյանի նկարները. «արդ, ինչի՞ սիմվոլ է ձեզ համար Նիկոլ Փաշինյանը»։

Քանի որ դուք, հաստատ, «դուխ» չեք ունենա ազնվորեն պատասխանելու, ես դա անեմ ձեր փոխարեն. Նիկոլ Փաշինյանը ձեր բարեկեցության բարձրացման, իր ու ձեր իշխանական տենչերը բավարարելու սիմվոլն է, եւ ճիշտ եք անում, որ այդ սիմվոլը կախում եք ձեր գլխավերեւում։ Չէ՞ որ առանց նրա դուք ոչինչ էիք հասարակության համար։

Էնպես որ. շարունակե՛ք պաշտել ձեր կուռքին, եւ ինչպես Վանոն կասեր՝ «վայելե՛ք պաշտոն եւ ախրանա…», մինչեւ որ կգա ժամանակը, ձեր կուռքն այլեւս իշխանություն չի ունենա, ու դուք կսկսեք Բադասյանի նման ասել. «Դե, կարգն էր էդպես…»։

Բայց դա արդարացում կամ մեղմացուցիչ դեպք հանցանաց էլ չի ընդունվի...»։

Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մեսրոպ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon