«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պարոն Վարդապետյան, եկեք անկեղծ լինենք

Պարոն Վարդապետյան, եկեք անկեղծ լինենք

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման այս տարվա հունվարի 16-ի հյուրը բժիշկ հրապարակախոս Վահան Վարդապետյանն էր։

Պարոն Վարդապետյանը նախկինում աչքի է ընկել իր կրակոտ, սկզբունքային ելույթներով։ Սակայն վերոհիշյալ հարցազրույցի Արցախյան հարցի բանակցություններին վերաբերող հատվածներում պարոն Վարդապետյանը մի քանի տարակուսելի նկատառում է կատարում։  Մասնավորապես նա շեշտում է, որ «94 ից հետո մենք լավ չաշխատեցինք, մսխեցինք մեր հաղթանակը. 94- ից հետո Ադրբեջանը փայլուն կատարեց իր դիվանագիտական խնդիրը, մեզ անվանեց ագրեսոր, իսկ մենք մեր խնդիրը, որպիսի ներկայացնենք Ացախի ինքնորոշման խնդիրը, տանուլ տվեցինք»։ 

Հարց է առաջանում. արդյոք 1994-ից հետո բոլոր ղեկավարինե՞րն են վատ աշխատել և մսխել հաղթանակը։ Արդյոք այդ թվականներին Հայաստանը փայլուն չի՞ աշխատել։ 

ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ.

  • Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:
  • Ադրբեջանն պնդել է, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր: Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից:
  • Հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, սակայն հետագայում մսխվեց և դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների և այսօրվա աղետի հիմքը:

Միայն այն փաստը, որ 1998-ից հետո իշխանության եկած ղեկավարի կամքով Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից, չի՞ խոսում այն մասին, որ «վատ աշխատելն» ու «հաղթանակը մսխելը» ոչ մի դեպքում չի կարող վերաբերել 1994-1998-ի ժամանակահատվածին։ Դե ուրեմն, ինչպես պարոն Վարդապետյանն է ասում՝ եկեք անկեղծ լինենք. իրո՞ք իր խոսքերը կարող են վերաբերել 1994-98-ի ժամանակահատվածին նույնպես, թե՞ իր այդ խոսքերը «ազգակործան պատուհասի» նորօրյա պրոպագանդայի պարզ շարունակությունն են։

Եվ որպես վերջաբան, հիշեցնենք պարոն Վարդապետյանին 2016 թվականին ilur.am կայքում իր իսկ հեղինակած «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅՍՕՐ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄԵՆՈՒՐ» հոդվածից մի քանի մեջբերում։

  •  «Եւս մեկ անգամ փաստենք. ժողովրդի հետ մշտապես ամենաանկեղծորեն հաղորդակցվող գործիչը եղել եւ մնում է ՀՀ հիմնադիր նախագահը: Քաղաքական միտք ու գաղափար հնչում է միայն իր կողմից, լսվում, ընթերցվում եւ քննարկվում է միայն իր խոսքը: Ով իր ուսերին կրում է երկիր պահելու ու պաշտպանելու բեռը, ում համար Հայաստանը ոչ թե զբոսավայր է, այլ ապրելու, տառապելու եւ արարելու հայրենիք, հրաշալի ընկալում է իր համար սպասված եւ ընդունելի այս գաղափարները»:
  • iLur.am. 20.02.2017. «Իշխանափոխություն իրականացնել դեռեւս մեզ չի հաջողվել, դժբախտաբար՝ այս որակի իշխանությունն է այսօր լուծելու Ղարաբաղյան հարցը: Հնարավորինս հայանպաստ լուծման հասնելու համար՝ հանուն խաղաղության, հանուն Արցախի, հանուն պետականության, մեր կողմից ամենախիստ որակումներին արժանացած իշխանությանն անգամ պետք է չխանգարել, անգամ օգնել բանակցային գործընթացում վստահ ու գրագետ հանդես գալու: Եթե կարող է, թող խաղաղությո՛ւնն էլ այս իշխանությունը բերի, եւ մնացած ձախողումներն ու տառապանքները գուցե ներվեն ու մոռացվեն»:
  • «Պետությանն ու ժողովրդին պատերազմից ու կործանումից կանխելու պատասխանատվության բացակայությունը արկածախնդրություն է ու դավաճանություն: Այս է լինելու մեր խստագույն պահանջը իշխանությանը»: 
  • «Եթե մնացածը պոպուլիստական խոստումներով, կեղծ հայրենասիրական կոչերով սիրաշահելու ու բթացնելու են ժողովրդի զգոնությունը, ապա մենք ամենակարեւոր, կենսական ու դժվարին՝ խաղաղության կերտման գործին ենք լծված»:
  • «Պատերա՞զմ, թե՝ խաղաղություն դիլեմայի հնարավորինս շուտ լուծման անհրաժեշտությունը մարդիկ ավելի ու ավելի շատ են հասկանում»: 
  • «Եթե քայլ չես անում հանուն խաղաղության, շեղվում ես խաղաղություն տանող ճանապարհից, քո համաձայնությունն ու համակրանքը վախենում ես հայտնել հնչած ելույթի հանդեպ, էլ չեմ ասում՝ խաղաղություն ու հաշտություն բերող գիծը դավաճանություն ես անվանում, ուրեմն կողմ ես պատերազմին»: 
  • «Եթե պահի հրամայականը չես զգում, նպաստում ես պատերազմին: Եթե քողարկվում ես կեղծ հայրենասիրական կոչերով, խաղաղության ու հաշտության հասնելու փոխզիջումային տարբերակը համարում ես դավաճանություն, պատերազմի ու կորուստների վտանգ ես բերում քո ընտանիքի ու ժողովրդի գլխին»: