Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրերը և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հանդիպումները քաղաքացիների հետ (տեսանյութեր)
Մաս 2-ն՝ այստեղ
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերն ընտրողին ներկայանում են ոչ միայն իրենց ծրագրերով ու խոստումներով, այլև մի քանի բառով ձևակերպված կարգախոսներով, որոնցում փորձում են ամփոփել սեփական քաղաքական ուղերձն ու տեսլականը։
«Ա1+»-ը զրուցել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց կարգախոսների իմաստը։
Համար 10․ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Խելամիտ ուղի»
Ըստ ուժի՝ «Խելամիտ ուղի»-ն խորհրդանշում է Հայաստանի ռազմավարական, իրատեսական, հաշվարկված և արդյունավետ զարգացման ճանապարհը: Հավատարիմ իրենց հիմնարար սկզբունքին, այն է՝ «Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է»։
Որպես խելամիտ ուղի կուսակցությունն առաջարկում է․
Վարել խաղաղություն կնքելու այնպիսի քաղաքականություն, որը կապահովի ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը։ Հայաստանը վերածել անվտանգ տարանցիկ հանգույցի TRIPP+BRICS ծրագրի իրագործման շնորհիվ։ Հայաստանը Իրանին կապող այդ երկաթուղին կապահովի երկրի թռիչքային զարգացումը։
Նոր ատոմակայանի և էներգիայի կուտակման ժամանակակից համակարգերի կառուցում։ Ջրային ռեսուրսների լիարժեք տնօրինման նպատակով ջրային ռեսուրսների նախարարության հիմնում։
Գյուղատնտեսության նախարարության վերականգնում, պետական օպերատորների համակարգի ներդրում՝ անհրաժեշտ նյութերի ցածր արժեքով մեծածախ գնումների և արտադրանքը մեծածախ շուկայում իրացնելու համար։ Այս քայլերի շնորհիվ ֆերմերների համար կանխատեսելի ու երաշխավորված նվազագույն շահույթի ապահովում։
Բարձր տեխնոլոգիաների զարգացում։ Լիովին Հայաստանում տեղակայված Տվյալների կենտրոնների հիման վրա գործող արհեստական բանականության մոդելի մշակում։ Դպրոցների «օպտիմալացման» դադարեցում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ «ուսուցիչը կգա աշակերտի մոտ» մոդելի կիրառում։ ԲՈւՀ-ում ուսման համար էժան ու երկարատև վարկեր տրամադրող ուսանակողական ներդրումային բանկի հիմնադրում։
Կենսաթոշակի աճը միջին աշխատավարձի աճի հետ ավտոմատ կապելու համակարգի ներդրում։ Անհաշտ պայքար ընտանեկան բռնության դեմ։ Ժամանցի և մասսայական սպորտի զարգացման համար հանրային տարածքների ստեղծում։
Վերադարձ կիսանախագահական համակարգին, ինչի շնորհիվ կվերականգնվի Իշխանության թևերի հակակշիռների և զսպումների ամբողջովին խաթարված սկզբունքը։ Դատարանների, դատախազության և հանրային հեռուստատեսության անկախացում, օրենքի գերակայության վերականգնում, Եկեղեցու գործերին միջամտության բացառում, թմրանյութերի և խաղամոլության տարածման կանխում»։
Ներկայացնում ենք Հայ Ազգային Կոնգրեսի «Հայաստանի խելամիտ ուղին» նախընտրական ծրագիրը՝ ամբողջական:
«Ո՞ւմ ընտրել». հատված Անի Հովհաննիսյանի AnalitikTalk հաղորդաշարից.
Տեսանյյութը՝ «Ա1+»-ի


