Անահիտ Օհանյան. Սա էմոցիոնալ պրովոկացիա է, քաղաքականության մեջ հոգեբանական պատերազմ
Վաղուց էի ուզում գրել այս մասին, բայց չէի կարողանում տրամադրվել ու մտքերս ճիշտ շարադրել։ Սակայն պատերազմում երկու որդի կորցրած կնոջ փաշինյանին ուղղված շնորհակալությունը ստիպեց ինձ տանջվել ու վերջապես գրել սա։ Որովհետև եթե չհասկանանք, թե իրականում ինչ է անում փաշինյանը, ազգիս մի զգալի հատված պարզապես կհասնի հոգեկան հյուծման։
Միակ քաղաքական գործիչը, որն ինձ ապշեցնում է իր հոգեբանական երկաթյա ամրությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Նա գրեթե երբեք չի ընկել էմոցիոնալ թակարդների մեջ, և հենց դա է պատճառներից մեկը, որ վերջում միշտ ճիշտ է դուրս եկել։ Անգամ փաշինյանը, որի վրա ինստիտուտներ են աշխատում, չկարողացավ նրան ներքաշել էմոցիոնալ դաշտ։
Պատկերացրեք, թե ինչ ավելի սարսափելի ողբերգություն կարող էր տեղի ունենալ Մարտի 1-ին, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդվեր ոչ թե սառը դատողությամբ, այլ իր բարկությամբ ու էմոցիաներով։ Այդ պահին մեկ սխալ բառը, մեկ անզուսպ կոչ կամ մեկ էմոցիոնալ որոշումը կարող էին երկիրը տանել քաղաքացիական պատերազմի:
Եվ հենց այդ սցենարը թույլ չտալու համար է, որ փաշինյանը Լևոնին «փախնող» է անվանում:
__________
նիկոլ Փաշինյանի հանրային վարքագիծը երկար ժամանակ ներկայացվել է որպես սովորական պոպուլիզմ: Քարոզարշավը իր ընտրազանգվածի ճաշակին համապատասխանելու փորձ։ Բայց եթե ավելի խորությամբ նայենք, կտեսնենք, որ այդ վարքը շատ ավելի բարդ և հաշվարկված մեխանիզմ է:
Այն ոչ միայն իր աջակիցներին պահելու համար է, այլ նաև նպատակ ունի ազդելու ընդդիմադիր մարդկանց նյարդերի վրա առաջացնելով զայրույթ, հուսահատություն և էմոցիոնալ սպառում։
Սա էմոցիոնալ պրովոկացիա է, քաղաքականության մեջ հոգեբանական պատերազմ։
Այս մեթոդները մանիպուլյատորին թույլ են տալիս վերահսկել հանրային օրակարգը և ստիպել հակառակորդին անընդհատ արձագանքել զգացմունքներով, ոչ թե սառը դատողությամբ...
Սխալ է մտածել, թե փաշինյանի պահվածքը պարզապես ոճ է կամ բնավորություն:
Նրա անդադար ցուցադրական ուտելը, գռեհիկ վարքը, լայվերում դիտավորյալ անկիրթ ժեստերը, սրտիկները, զոհվածների ծնողների թեման քաղաքական շոուի վերածելը միայն ամբոխային հոգեբանության վրա ազդելու կամ մարդկանց ճաշակին հարմարեցնելու համար չէ։ Դա նաև հոգեբանական ճնշման տեխնոլոգիա է ուղղված ընդդիմադիր մարդկանց նյարդային համակարգը մաշեցնելուն։
Նման վարքը գրգռում է ընդդիմության զգացմունքները առաջացնելով ծաղր, զայրույթ, ինչը հանգեցնում է էներգիայի անօգուտ ծախսման։
Ավելի ցավալին զոհված զինվորների ծնողների օգտագործումն է։
Երբ բանական մարդուն ցույց են տալիս, որ պատերազմի արդյունքում երկու որդի կորցրած մայրը կանգնած շնորհակալություն է հայտնում հենց այն մարդուն, որի օրոք և որի քաղաքական որոշումների հետևանքով տեղի է ունեցել այդ ողբերգությունը, բանական մարդու ներսում առաջանում է ոչ միայն ցավ, այլ նաև անզորության ու իրականության խեղաթյուրման զգացում։ Մարդը ընկնում է «տրավմատիկ դիսոնանսի» մեջ, երբ նրան միաժամանակ ստիպում են տեսնել և ողբերգությունը, և դրա արդարացումը։
Իսկ ամբոխը շատ ավելի արագ է արձագանքում պարզունակ հուզական ազդակներին, քան բանական փաստարկներին։ Եվ երբ ցավը փաշինյանը դարձնում է քաղաքական գործիք, ամբոխը սկսում է կորցնել ոչ միայն դատողությունը, այլ նաև դուրս է գալիս բարոյական դաշտից։
Եթե մարդկանց անընդհատ պահում են հուզական ցնցումների մեջ, նրանք աստիճանաբար կորցնում են քննադատական մտածելու ունակությունը։
Սա նոր տեխնոլոգիա չէ։ Շատերը հիշում են 2018 թվականի «Ռոբերտ Աբաջյանի պապիկի» պատմությունը, որը դարձավ ֆեյքային և մանիպուլյատիվ սիմվոլի օրինակ։
Հասարակական հույզերը շահարկելու և զոհի կերպարը քաղաքական նպատակներով օգտագործելու նույն մեխանիզմը կարծես շարունակվում է նաև հիմա պարզապես ավելի կոշտ ու ցինիկ ձևով։
Եթե կարող է լինել Աբաջյանի ֆեյք պապիկ, ապա կարող է լինել նաև զոհվածի ֆեյք մայր:
Իսկ բանական մարդուն մշտապես նյարդային գրգռվածության, սկանդալի, շոկի և բարոյական սահմանների փլուզման տեսարաններ ցույց տալու նպատակը մեկն է․ հոգնած և էմոցիոնալ քայքայված հասարակությանը կառավարելն ավելի հեշտ է, քան սառը դատող մարդուն։
Սա հոգեբանական ազդեցություն է ուղղված ընդդիմադիր մարդկանց նյարդային համակարգը թուլացնելուն և նրանց էմոցիոնալ ռեսուրսները սպառելուն։
Նման ռազմավարության դեմ արդյունավետ դիմադրությունը պահանջում է էմոցիոնալ անջատում և խիստ կենտրոնացում փաստերի, ծրագրերի ու երկարաժամկետ նպատակների վրա, այլ ոչ թե անընդհատ պրովոկացիաներին արձագանքելու վրա։
Եվ հենց այս պատճառով էլ խնդրում եմ բոլոր բանական մարդկանց անջատել նիկոլի թելադրած զգացմունքային օրակարգը և հենվել միայն սառը մտածողության վրա։
Զրկեք նրան այդ զենքից:
Մեծ հավանականությամբ առաջիկայում Հայաստանը կրկին մտնելու է հետընտրական լարված զարգացումների փուլ, և այդ պահին ժողովրդին ամենից շատ պետք է լինելու ոչ թե էմոցիաներով առաջնորդվող, այլ սառը դատողությամբ, հոգեբանական կայունությամբ ու պատասխանատվության զգացումով առաջնորդ։
Սրա համար էլ ասում եմ, որ ընդդիմադիր ուժերը պետք է համապատասխան մասնագետներ հրավիրեն, որպեսզի կարողանան դիմակայել այս հոգեբանական պատերազմին, չշարժվեն նիկոլի թելադրած օրակարգով:
Որպեսզի ոչ միայն չհիասթափեցնեն իրենց ընտրողներին, այլ նաև կարողանան խուսափել նոր Մարտի 1-ի վտանգից։


