Վարդան Հարությունյան. Հաշիվ ներկայացնելու օրը կգա

Խոսք 18.02.2021   13:00   327

aliqmedia.am. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց՝ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ» եւ հրաժարվեց ընտրություններ կազմակերպելու մտքից։ Ասում են՝ նման պահանջի առկայության դեպքում փողոցում 100000 մարդ պետք է լիներ։ Չկա այդքան մարդ՝ չկա, ուրեմն, նման պահանջ։ Այն, որ մարդիկ հրապարակ դուրս չեն գալիս հրապարակում եղած ուժերի հետ չնույնացվելու պատճառով՝ «Իմ քայլի» համար փաստարկ չէ։ Ինչպես նաեւ փաստարկ չէ, որ քաղաքացին ոչ թե փողոցն, այլ ընտրություններն է համարում իր խոսքն ասելու լավագույն միջոց:

Փողոցով իշխանության եկած ուժը չկարողացավ կտրվել փողոցից, շարունակեց մնալ փողոցում, հետեւել փողոցին եւ փողոցով պայմանավորել իր գործողությունները։ Չեն հասկացել նրանք 2018-ի խորհուրդը։ Որպես նախկիններին քշած փողոցային շարժում են այն դիտարկում եւ իրենց հեռացումն էլ փողոցով են պայմանավորում։

Չաճեցին, քաղաքական գործիչներ չդարձան, քաղաքական գործընթացներն ու «հասարակության լայն շերտերի տրամադրությունները» շարունակում են պայմանավորել փողոցում գտնվող զայրացած մարդկանց քանակով։

Ներկա ու ապագա զարգացումներից ու նաեւ օրվա իշխանությունների վարք ու բարքից անկախ՝ 2018-ի ապրիլ-մայիսը որպես սահմանագիծ կմնա մեր պատմության մեջ։ Այդ օրերին հրապարակ դուրս գալու ու փողոցները մեզանով լցնելու հիմնավոր պատճառ ունեինք։

Քսան տարի շարունակ ընտրակեղծարարությամբ վերարտադրվող իշխանությունն այլ ճանապարհ չէր թողել։ Ընտրություններով փոփոխություններ իրականացնելն անհնարին էր։ Վստահ էինք՝ այդ սահմանից այս կողմ բոլորովին այլ կյանքով ենք ապրելու։ Տեղի ունեցածը հեղափոխություն անվանեցինք։ Մեկ տարի երեւի պետք եղավ, որ սկսենք հասկանալ՝ մեր պատկերացրած հեղափոխությունը չկա ու չի էլ լինելու։

Հեղափոխական կարգախոսները շուրթերին՝ ոգեւորության ալիքի ու մեր վեր մեկնված ձեռքերի վրա իշխանական սենյակներ մտածները բոլորովին էլ հեղափոխականներ չէին։ Մենք հեղափոխություն էինք ուզում, նրանք, փաստորեն, իշխանություն։

Մենք նրանց մեր պատկերացրած որակներով էինք օժտել։ Պատրաստ էինք տալ նրանց ամեն ինչ ու տվեցինք։ Մենք դարձանք նրանց համար կամուրջ ու ճանապարհ։ Միայն հաջողեն, իրականություն դարձնեն տարիների մեր ձգտումները։ Իսկ նրանք ապաշնորհ ու անկարող դուրս եկան։ Պարզվեց՝ անպատկերացնելի ստախոսներ, սնապարծներ, անպատասխանատուներ ու խոստմնազանցներ են, որոնց հետ ճանապարհ գնալ չի կարելի։

Անպատասխանատու իրենց վարքով տարան մեզ պատերազմի։ Առանց խղճի խայթի, առանց ափսոսանքի նշույլի ուղարկեցին նրանք մեր որդիներին մահվան։ Այն թեթեւությամբ, ինչ թեթեւությամբ մեկ բաժակ ջուր են խմում։ Իբր՝ հանուն հայրենիքի։

Չկան մեր որդիները, արնոտած ու խոցված է հայրենիքը, բայց կան նրանք՝ անվրդով ու ապահով։ Ապրում ու չեն էլ հասկանում, չեն էլ փորձում հասկանալ, իսկ գուցե՝ չեն էլ կարող հասկանալ իրենց արարքի ողջ ծանրությունը։

Չեն հասկանում՝ ինչ փորձության են տարել ու տանում երկիրը։ Չեն մտահոգվում զոհերի համար։ Ոչ մի ափսոսանքի խոսք, որ կտպավորվեր, որ կհուշեր թե վշտակից են մեզ, սփոփել են ցանկանում՝ հետպատերազմյան այս ամիսներին չհնչեց նրանց շուրթերից։ Փոխարենը տեսանք, թե ինչպես են զոհերի հիշատակը իրենց աջակցության երթի վերածում։ Տեսնում ենք ամեն վայրկյան, թե որքան օտար են մեր ցավին ու մեր հոգսերին։

Լարվածությունը մեղմելու, արտաքին վտանգներից երկիրը պաշտպանելու աղոտ հույս կար՝ արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքում երկրի կառավարմանը նոր ու կարող ուժեր ներգրավվելու հնարավորություն կստանային։ Հրաժարվեցին այդ մտքից նույնպես։

Ասում են՝ մեղավոր եք, դուք եք ընտրել։ Իսկ ո՞րն է մեր մեղքը։ Արդյո՞ք այն, որ ընտրությունից ընտրություն՝ չհանդուրժելով ընտրակեղծարարությունները, չհանդուրժելով մեր քվեի աղավաղումը դուրս ենք եկել հրապարակ։ Ասել ենք, որ համաձայն չենք, որ չենք համաձայնելու։ Արդյո՞ք այն, որ տարիներ շարունակ ընդդիմացել ու կալանավայրերին քաղբանտարկյալներ ենք մատակարարել։ Արդյո՞ք այն, որ երբ հարկ է եղել՝ ամռան շոգին ու ձմեռվա ցրտին՝ կանգնել ենք՝ ոստիկանական մահակին, դիմահար կրակոցին հանդիման։ Չվախենալով, չընկրկելով, չնահանջելով ու չվհատվելով, որ մոտեցնենք 2018-ը։ Եւ մոտեցրել ենք։

Մենք արել ենք մեր գործը եւ լավ ենք արել այն։ Նրանք, ովքեր եկան 2018-ին, երբ պահը հարմար էր, հաջողությունն ակնհայտ՝ խոստացան, որ արժանապատվորեն կտանեն մեր ու մեր երկրի ուսերին ծանրացած բեռը, խոստացան կերտել մեր պատկերացրած երկիրը, հավաստիացրեցին, թե կարողանալու են, բայց տապալեցին՝ նրանք են մեղավոր։ Նրանք անկարողներ ու խաբեբաներ դուրս եկան։ Ճիշտ այնպես, ինչպես փողոցային խաբեբայի որգայթն ընկած օրինապաշտ քաղաքացին մեղավոր չէ, այնպես էլ մենք մեղավոր չենք։

2018-ի ապրիլ-մայիսին հրապարակում կանգնածներս առաջինն ենք, որ սրանց հաշիվ ենք ներկայացնելու։ Կգա ընտրության օրը՝ արտահերթ, թե՞ հերթական՝ կներկայացվի այդ հաշիվը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

aliqmedia.am

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon