«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Զուրաբյան. ՀՀ-ում և Արցախում Փաշինյանն իրականացրել է ուղիղ այն, ինչը փորձել էր կանխել Տեր-Պետրոսյանը

Զուրաբյան. ՀՀ-ում և Արցախում Փաշինյանն իրականացրել է ուղիղ այն, ինչը փորձել էր կանխել Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը՝ Արման Կարախանյանի

«Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում և Արցախում Նիկոլ Փաշինյանն իրականացրել է ուղիղ այն, ինչը փորձել էր կանխել Տեր-Պետրոսյանի պլանը»,-Հայ ազգային կոնգրեսի ի 32-րդ համագումարում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

1988֊ի Ղարաբաղյան Շարժումը եւ նրա կողմից ստեղծված իշխանությունը հրաշքներ գործեց, հաղթելով ե՛ւ տոտալիտար կոմունիստական ռեժիմին, ե՛ւ մեզ մի քանի անգամ բոլոր ռեսուրսներով գերազանցող Ադրբեջանին, որովհետեւ ի սկզբանէ որդեգրել էր ճիշտ քաղաքական արժեհամակարգ. իրատեսություն, չափավորություն, սեփական ուժերին ապավինում, աշխարհաքաղական իրողությունների ճշգրիտ վերլուծություն, ազգային շահերի եւ իղձերի այնպիսի ձեւակերպում եւ իրականացում, որը համահունչ է ժամանակակից աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական աշխարհակարգի պահանջներին եւ նորմերին։

Պետք է վերջապես գիտակցել, որ մեր պետությունը բռնեց պարտության ճանապարհը, երբ շեղվեց 1988֊ի Շարժման սկզբունքներից, որդեգրեց «ոչմիթիզականության» արկածախնդրական դիրքորոշումը եւ՝ արբեցած ձեռք բերված հզորությունից՝ որոշեց աշխարհից ստանալ ավելին, քան աշխարհը կամենում էր մեզ տալ։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ձեւականորեն բանակցում էին հակամարտության կարգավորման համար, բայց այնպիսի անիրատեսական եւ առավելապաշտական պահանջներ էին ներկայացնում, որոնք երբեւէ խաղաղ կարգավորման հիմք դառնալու շանս չունեին։ Սակայն, արկածախնդրության եւ ոչմիթիզականության ճանապարհով հայոց ղեկավարներից ամենահեռուն գնաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ամբողջ աշխարհին իր դեմ հանեց բանակցությունները պայթեցնող «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությամբ, հրաժարվեց շարունակել բանակցությունները Մինսկի խմբում ձեւավորված ձեւաչափով, որոշեց, որ կարող է ամբողջ աշխարհին պարտադրել բանակցությունները՝ ի՛ր «սեփական կետից» սկսելու պահանջը, եւ, անմտորեն կուլ տալով Տավուշյան հուլիսյան դեպքերի հմտորեն մատուցված խայծը՝ Ալիեւի ձեռքերը արձակեց վաղուց նախապատրաստված ադրբեջանա֊թուրքական ագրեսիայի սանձազերծման համար։

Կարծում եմ, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական կարգախոսը պետք է այլ կերպ հնչեր՝ «Ապագա կա՛ր»։ Ապագա իսկապես կար, եթե իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը գոնե մի քիչ խելամիտ լինեին, հասկանային ռազմական բալանսի եւ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները, եւ, թեկուզեւ ուշացումով, ընդունեին 2019 թվականի հունիսին Մինսկի խմբի նախագահության կողմից պաշտոնապես առաջարկված խաղաղ կարգավորման պլանը, ըստ որի հայկակական կողմը պետք է վերադարձներ ընդամենը 5 շրջանը՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Կուբաթլին եւ Զանգելանը, թողնելով Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտումը (բնականաբար Շուշին եւ Հադրութը ներառյալ) ապագա սերունդներին։

Խաղաղության պայմանագիրը ամրապնդվում էր այդ 5 շրջաններում խաղաղարար զորքերի տեղաբաշխմամբ եւ այդ նույն շրջանների ապառազմականացմամբ (ինչը նշանակում էր, որ ադրբեջանական զորքերը մի սանտիմետր անգամ առաջ չէին գա նախապատերազմական դիրքերից)։
Խելագարի համառությամբ, Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ադրբեջանա֊թուրքական ռազմական մեքենայի ջախջախիչ տեխնոլոգիական առավելությունը, մերժեց արժանապատիվ խաղաղության այդ պլանը 2019 թվականին, 2020 թվականի գարնանն ու ամռանը, պատերազմի նախօրեին, պատերազմի առաջին օրերին, գլորելով Արցախն ու Հայաստանը դեպի կործանարար պարտության անդունդը։

Այնպես որ, ինչքան է՛լ նա փորձի արդարանալ, ինչքան էլ փորձի իր կործանարար սխալների մեղքը բարդել զինված ուժերի վրա, դավաճանության, դասալքության եւ դավադրությունների վրա, միեւնույն է չի ստացվելու։ Իրականում դրանք չեն պարտության պատճառները։ Դրանք հետեւա՛նք են, կործանարար սխալների արդյունքում անխուսափելի պարտության հետեւանք։ Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն եւ մեղավորը, եթե կուզեք՝ գլխավոր ճարտարապետը՝ հենց Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը։

Միեւնույն ժամանակ ես հեռու եմ ամբողջ մեղքը բացառապես Փաշինյանի վրա բարդելու մտադրությունից։ Ինչ֊որ իմաստով նա ինքը զոհ է՝ հայոց աշխարհը պատած առավելապաշտական ոչմիթիզականության։ Նշեք, թե քանի՞ քաղաքական ուժ գիտեք Հայաստանում, որ Ղարաբաղի հարցը համարել են չլուծված, զգուշացրել են գալիք պատերազմի վտանգի մասին, խոսել են փոխզիջման հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, եղել է մե՛կ այդպիսի ուժ, եւ այդ մեկ ուժը հենց այն մարդիկ են, որոնք այսօր նստած են այս դահլիճում։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը լծված էին երկրում ոչմիթիզականության վակխանալիա ստեղծելու գործին, եւ Փաշինյանը ինքը՝ ընդամենը համազգային այդ անմտության խրախճանքի արգասիքն է։

Ցանկանում եմ օգտվել առիթից եւ անդրադառնալ հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանությանը, ըստ որի Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր֊Պետրոսյանի «հոգեզավակն է» եւ իրականացնում է Տեր֊Պետրոսյանի պլանը։ Պարզ վերլուծությունը ցույց է տալիս սակայն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եւ Արցախում իրականացրեց ուղիղ այն, ինչը Լեւոն Տեր֊Պետրոսյանի «պլանը» փորձում էր կանխել։ Նիկոլ Փաշինյանը իրականացրեց հենց ոչմիթիզականների պլանը, որովհետեւ նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող։ Այդ հող նրանից գրավեցին ուժով, մեր հազարավոր զինվորների արյան հաշվին։ Եւ քանի որ նա իրականացրեց ոչմիթիզականների պլանը, ճիշտ կլիներ նրան համարել հենց նրանց՝ Քոչարյանի, Դաշնակցության, Սասնա Ծռերի հոգեզավակը։ Արդարության համար նշենք, որ 2008 թվականին Նիկոլը կիսում էր ղարաբաղյան հակամարտության Տեր֊Պետրոսյանի մոտեցումները, սակայն, 2012 թվականին՝ ՀԱԿ֊ի ցուցակով խորհրդարանում հայտնվելուն պես նա խզեց կապերը մեզ հետ, իսկ 2015 թվականին սկսեց բացահայտ քննադատել Տեր֊Պետրոսյանին ոչմիթիզականության» դիրքերից։