Ադրբեջանը կրկին խափանել էր Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Այսօր առավոտյան ` վերականգնել է
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:
ՌԴ խաղաղապահները երեկ՝ հունվարի 28-ին, մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Դեկտեմբերի 12-ի առավոտից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա:
Լրացված.
Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
Շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում: