Հարութ Ուլոյան. Արևմուտքի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ (1988-1993 թթ)
Արևմուտքի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ (1988-1993 թթ․)
«Ներկայիս իշխանություններն ու իրենց քարոզիչները, Ղարաբաղի հետ կապված ամեն ինչի ուրացմանը զուգահեռ, չեն դադարում Արցախյան շարժման սկզբնավորման վերաբերյալ դավադրությունների շրջանառումը։ Եվ որպես հստակ օրինաչափություն՝ այդ ամենը պայմանավորում են Խորհրդային Միության ԿԳԲ-ի գործունեությամբ կամ հենց բուն Ռուսաստանի քաղաքական հաշվարկներով։ Ու նման դավադրապաշտական տեսությունների կողմնակիցները, որոնց «անշահախնդիր» հիմնավորումը զուտ այն է, որ ԽՄ-ի նման բռնապետական երկրում Արցախյան շարժում չէր կարող առաջանալ, մի բան էլ ծավալվել, որևէ կերպ չեն անդրադառնում այն հանգամանքներին, թե հակառակ ԽՄ-ին կամ Ռուսաստանին, Արցախյան շարժման կամ, ավելի ճիշտ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ինչ քաղաքական որոշումներ էին կայացվում Արևմուտքում։
Եթե ԿԳԲ-ի ու ռուսական «բաժանիր, որ տիրես» քաղաքական տրամաբանությունը Հայաստանի հանդեպ դավադրություն էր, ապա ի՞նչ անուն կարելի է տալ Արևմուտքի քաղաքականությանը։ Որպեսզի հարցադրումը պատկերավոր լինի, հարկ է ներկայացնել Արևմուտքի կողմից 1988-1993 թվականներին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված որոշումների որոշ դրույթներ։
1․ Եվրոպական խորհրդարանի որոշումներից․
- 7 հուլիսի 1988 թ., ԵԽ-ն «աջակցում է հայկական փոքրամասնության՝ ՀԽՍՀ հետ վերամիավորվելու պահանջին»; «Ղարաբաղի բնակչության շուրջ 80%-ը հայեր են, և տարածաշրջանը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկվել էր կամայականորեն»; «պաշտպանել Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայերին և պատժել Սումգայիթի ջարդերի պատասխանատուներին»։
- 18 հունվարի 1990 թ., «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառված շրջափակման լիակատար և անհապաղ վերացում»; «երաշխավորել Ադրբեջանում բնակվող հայերի պաշտպանությունը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մարդկանց ու ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը»։
- 15 մարտի 1990 թ., «Լեռնային Ղարաբաղը, որը կառավարվում է Ադրբեջանի կողմից՝ հակառակ բնակիչների մեծամասնության կամքի, որոնց ավելի քան 75%-ը հայեր են»; «ԽՍՀՄ իշխանություններին կոչ է անում խաղաղ լուծում գտնել Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի այլ շրջաններում բնակվող հայերի խնդիրների համար»;
- 14 մարտի 1991 թ․, ԽՍՀՄ-ն պահպանելու համար իրականացվող հանրաքվեի ֆոնին, ԵԽ-ն կոչ է անում անցկացնել «այլ բնույթի հատուկ հանրաքվե, որը հնարավորություն կտա տարածաշրջանի ազգային խմբերին իրացնել ինքնորոշման իրենց իրավունքը»;
- 16 մայիսի 1991 թ., «խորհրդային և ադրբեջանական ուժերի գործողությունների հետևանքով ոչնչացվել են հայկական գյուղեր, իսկ հայկական բնակավայրերի բնակչությունը տեղահանվել է»։
- 13 փետրվարի 1992 թ., «Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը վերջին երեք տարիների ընթացքում ենթարկվել է շարունակական շրջափակման և ագրեսիայի»; վերահաստատում է «ավելի վաղ ընդունված բանաձևեր, որոնցով ճանաչվել էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»։
- 21 հունվարի 1993 թ., «Ադրբեջանի կողմից իրականացվող անընդհատ շրջափակումը միջազգային իրավունքի խախտում է»։
2․ ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի որոշումներից․
- 19 նոյեմբերի 1989 թ., Սենատի բանաձև․ «Լեռնային Ղարաբաղի՝ 80 տոկոս կազմող հայ մեծամասնությունը շարունակաբար արտահայտել է ինքնորոշման և ազատության իր ձգտումը»։
- 17 մայիսի 1991 թ., «խորհրդային և ադրբեջանական ուժերը ոչնչացրել են հայկական գյուղեր և հայաթափել Ղարաբաղի շրջակայքի հայկական տարածքներ»; «դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շրջափակումները, ուժի կիրառումն ու ահաբեկումը», «բոլոր ներգրավված կողմերի միջև երկխոսությունը՝ որպես հակամարտության երկարաժամկետ լուծման միակ ընդունելի ճանապարհ»։
- 24 հոկտեմբերի 1992 թ., Օրենք․ «ԱՄՆ-ի օգնությունը չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը»՝ օրենքով նախատեսված բացառություններով։ Ի դեպ, սահմանափակումը պետք է գործեր այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չէր զեկուցել, որ Ադրբեջանը ձեռնարկում է հստակ ու ստուգելի քայլեր՝ շրջափակումները դադարեցնելու ուղղությամբ։
***
Այս որոշումները, որոնք, բնականաբար, ամբողջական չեն, այնուամենայնիվ տպավորիչ պատկերացում են տալիս տվյալ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումների մասին։
Այժմ՝ հարց․ արդյո՞ք տվյալ դիրքորոշումներից կարելի է ենթադրել, որ Արևմուտքը դավադրաբար Հայաստանին ներքաշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ և իր որոշումներով թեժացրել է այն։ Եթե Արցախյան շարժումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «թոկ», «ավանտյուրա» ու «թակարդ» էին Հայաստանի համար և դրանում մեզ ներքաշել էր, ըստ իմաստուն մերօրյա փրկիչների, մի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ մյուս կողմից ԿԳԲ-ն, ապա տասնապատիկ շատ այդ ամենի մեջ մեզ ներքաշել էր Արևմուտքը՝ թե՛ վերը նշված որոշումների ոգուց բխող տրամադրությունների ձևավորմամբ, թե՛ հետագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծմամբ ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը վերջինիս վերապահելու քաղաքական դիրքորոշմամբ։
Այո՛, դուք էլի կարող եք շարունակել մառազմի հասած ձեր ուրացման քաղաքականությունը, բայց պատմությունը ջնջել չե՛ք կարողանալու։ Նույնիսկ ապագայի պատմությունը»։


