ԱՀ դատախազություն. Արցախի բնակիչ Բեգլարյանը փորձել է հատել Հակարիի կամուրջը և առևանգվել է

Ադրբեջանի զինծառայողների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանի առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազության մամուլի ծառայությունը։
Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին` ժամը 17-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, փորձելով շրջանցել ադրբեջանցիների կողմից Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված հսկիչ-անձնագրային կետը՝ ՀՀ գնալու ճանապարհին, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից։
Օգոստոսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ Արցախի քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով (Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազությունը:
Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տեղեկությունը հրապարակվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` դիմումը վերաբերում է մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 1–ին հայտնել էինք, որ Արցախի քաղաքացի, 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել է, հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ և առևանգվել։