«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում

Անահիտ Օհանյան. Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում

Հայաստանյան քաղաքական դաշտի որոշակի շրջանակների համար «արևմտամետ» լինելը պարզապես եկամտաբեր բիզնես է:

Նրանք արևմտյան արժեքների ու ժողովրդավարության մասին իրենց աղավաղված պատկերացումները հրամցնում են հանրությանը ճիշտ այնպես, ինչպես էժանագին պոդիումներում  ցուցադրում են «մոդայիկ» հագուստ:

Նորաձևության աշխարհում կա մի հետաքրքիր երևույթ: Գոյություն ունեն հագուստի ապրանքանիշեր, որոնք հատուկ նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ուզում են հսկայական տառերով գրված լոգոներով ծածկել իրենց չկայացվածությունն ու ներքուստ իրենց «էլիտար ու հարուստ» զգալ։ Մինչդեռ ոչ մի կայացած մարդու կամ իրական մեծահարուստի վրա չես տեսնի այդ ճչացող բրենդային պիտակները, որովհետև նրանք իրական որակն են գնահատում, ոչ թե էժանագին ցուցամոլությունը:

Մեր այսօրվա «արևմտամետների» մեծամասնությունը հենց այդ տրամաբանությամբ է հանրությանը վաճառում «դեմոկրատիայի» փայլուն, բայց դատարկ պիտակը, որպեսզի որոշ չկայացած զանգվածներ, այդ պիտակը վրաները կպցնելով, իրենց «առաջադեմ ու ինտելիգենտ» զգան:

Բայց երբ հերթը հասնում է բուն արևմտյան  արժեքներին, սրանց ողջ կեղծիքը ջրի երես է դուրս գալիս։

Արևմուտքում  և հատկապես ԱՄՆ-ում, մասնավոր սեփականության և սեփական ընտանիքի պաշտպանությունը բացարձակ ու անձեռնմխելի իրավունք է: 

Եթե զինված օտարը ներխուժում է քո տուն, սեփականատերն ունի լիակատար օրինական իրավունք նրան տեղում ոչնչացնելու  առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ: 

Ադրբեջանցի զինված ասկյարը ներխուժում է Հայաստանի տարածք, մտնում կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների տուն, իսկ «արևմտյան արժեքների» տակ թաքնվողները, որոնք մեծ մասամբ հենց նիկոլականներ են, սկսում են բացահայտ արդարացնել զինված թշնամուն։ 

Իհարկե, պետք է նաև արձանագրել, որ գործող իշխանությունը սեփական ժողովրդին փաստացի զրկել է ինքնապաշտպանության իրավունքից պարզ  հասկացնելով, որ եթե Ադրբեջանը կրակ բացի, որևէ պատասխան չպետք է լինի։ Եվ այս չգրված «օրենքը» խախտողները   նույնիսկ եթե ադրբեջանական գնդակից վիրավորված են, չհամարձակվեն ինքնապաշտպանվել, այլապես սեփական երկրում կհայտնվեն մեղադրյալի ու դատապարտյալի աթոռին։

Զարմանալի չէր, որ «գլխավոր արևմտամետ» Արամ Զավենիչը  ադրբեջանցուն արդարացնողի դերի մեջ է: 

Հետաքրքիր է, նույն Զավենիչը ինչպե՞ս կարձագանքեր, եթե ասենք ԱՄՆ-ում  զինված իրանցին ներխուժեր հրեայի տուն, կամ միգրանտը ամերիկացու բնակարան ու տանտերը պաշտպանվեր։ Այդ դեպքում   Զավենիչը ակնթարթորեն կհիշեր արևմտյան բոլոր օրենքներն ու մարդու իրավունքները: 

Սա է նրանց «արևմտամետության» ողջ էությունը:  Ոչ  մի կապ իրական արևմտյան արժեքների, օրենքի  կամ մարդու իրավունքների հետ։ Նրանց պետք է միայն այդ էժանագին «բրենդը» սեփական քաղաքական սնանկությունն ու անողնաշարությունը քողարկելու համար։

Հ.Գ.  Զավենիչին ու իր նմաններին խորհուրդ կտամ մի հատ լավ ուսումնասիրել այդքան գովերգած արևմտյան արժեքները։ Որովհետև ոչ մի քաղաքակիրթ արժեհամակարգի մեջ չեն մտնում սեփական եղբորն ուրանալը, արժանապատվության կորուստն ու սեփական ազգին դավաճանելը  հանուն իշխանության քաղցրության ու մի քանի կոպեկի։

Անահիտ Օհանյան


Հիշեցնենք՝ Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ: