Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն մինչև 19 տարին լրանալը
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
Փոփոխություններից մեկով ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը:
«Այս նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:
Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը:
Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ:
Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ:
Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը:
Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:
Հարկ է նշել նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն, քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր, և, հետևաբար, անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից:
Այս ամենը հաշվի առնելով, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Հայաստանի Հանրապետության անձնագրերում առաջարկվում է հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է (կից ներկայացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան գրությունը), ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար»,- ասված է հիմնավորման մեջ: