«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արցախի Աժ-ն տարակուսելի է համարում Փաշինյանի հայտարարությունը

Արցախի Աժ-ն տարակուսելի է համարում Փաշինյանի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որում տարակուսելի է համարում Նիկոլ Փաշիյանի՝ Արցախի սուբյեկտայնության և ապագայի վերաբերյալ հայտարարությունը:

Ստորեւ ներկայացնում ենք Արցախի ԱԺ հայտարարությունն ամբողջությամբ․

«Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող եւ նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ եւ վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետի կողմից՝ դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում։

Արցախի ճակատագիրը որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել եւ չի լինելու։ Արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային եւ քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնությունն ու վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար եւ վտանգավոր ձեւակերպումների ու գաղափարների առթիվ։

Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988թ. ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991թ․ սեպտեմբերի 2-ին հռչակված եւ միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձեւավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը եւ նրա տեւական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ։

Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի  իրավական եւ քաղաքական հիմքերը եւ մեր ազգային շահերի պաշտպանությունն այդ համատեքստում որեւէ հակասության մեջ չէր մտնում միջազգային կառույցների եւ միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ։

Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկություններում, հաստատվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված պարզաբանումներում։

Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկված աշխատանքային տարբերակների եւ բանակցային ձեւաչափի հնարավոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ եւ վտանգավոր են։

Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող եւ հնարավոր օտար տարրերի ներկայության կարեւորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի դիմաց։

Գլուխ խոնարհելով արցախյան գոյապայքարի բոլոր նահատակների առջեւ՝ միաժամանակ երախտագիտություն ենք հայտնում համայն հայությանը, մասնավորապես՝ ՀՀ մեր հայրենակիցներին՝ Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:

Հայկական երկու հանրապետությունների եղբայրական փոխհարաբերությունների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռեւս 1992թ. հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որը հստակ սահմանել է միջազգային հանրության լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության նկատմամբ:

Այդ որոշմամբ ՀՀ-ը պարտավորվում է «հետեւողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Սահմանվում է նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս բանաձեւն արդիական է նաեւ այսօր:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի եւ իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության հարցում, հայտարարում է` անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձեւավորված  իշխանությունները», նշված է ԱՀ ԱԺ  հայտարարության մեջ