«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արցախի իշխանությունն ընդունում է կրակի դադարեցման առաջարկությունը. հայտարարություն

Արցախի իշխանությունն ընդունում է կրակի դադարեցման առաջարկությունը. հայտարարություն

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ»,– ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հայտարարությունում:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ գործողությունները, ուստի Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության առաջարկությունը:

Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը կցված է փաստաթուղթ, որում նշված է.

1.Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

2.Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ՝ դրանք շուտափույթ օգտահանելու նպատակով:

3.Ադրբեջանի կողմից ներկայացված հարցերը` Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման մասին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները կքննարկեն Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին կայանալիք և հետագա հանդիպումներում։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։