Արցախում HALO Trust ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել
Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատուկ կարևոր գործերի վարչությունում վարույթ է ընդունվել « HALO Trust»-ի կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու առթիվ հարուցված քրգործը։
Քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) և 316-րդ հոդվածով (լրտեսությունը)։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ 24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել են ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։
ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը ասել էր, որ Ավագյանի դիրքորոշումը չի արտացոլում նախագահի տեսակետը: Այդուհանդերձ, ո՛չ Ավանեսյանը, ո՛չ որևէ այլ պաշտոնական աղբյուր առ այս պահը չեն հերքել այս սկանդալային տեղեկությունը։
HALO Trust կազմակերպությունը հերքել էր այդ լուրերը` դրանք բացարձակ սուտ համարելով։