Արման Գալոյան. Տեր-Պետրոսյանի 80-ամյակի այս գիտաժողովը պետք է դառնա մեկնակետ
Նախագահ Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված գիտաժողովն իսկապես տպավորիչ էր։ Երեւի նկատել եք՝ միջոցառումից օրեր անց էլ շարունակում եմ սոցցանցի իմ էջում կիսվել գիտաժողովի հետ կապված նյութերով, լուսանկարներով, տեսանյութերով։
Ինչո՞ւ եմ տպավորված, եթե պատմաբան չեմ, արեւելագետ չեմ, եւ բացի այդ, գիտաժողովու ներկայացված բանախոսությունների մի մասը այնքան էլ հանրամատչելի թեմաներ չէին, այլ՝ ուղղված էին մասնագիտական լսարանին, հետեւաբար, պետք է, որ ինձ համար «ծանր» կամ «ձանձրալի» լինեին։
Բացատրեմ.
Մենք ավելի շատ ծանոթ ենք Լեւոն Տեր-Պետրոսյան պետական, քաղաքական գործչին. նրա քայլերն ու խոսքը այս տարիներին մեր աչքի առաջ են եղել, դրանք չափազանց շատ են քննարկվել։ Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը, հնչած կարծիքները ծայրահեղ տարբեր են։
Իհարկե, ժամանակն էլ եկավ ապացուցելու, որ Նախագահը ամենակարեւոր հարցերում չսխալվեց երբեք, ու հայաստանյան քաղաքական դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա (ցավոք)։
Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյան գիտնականին, նա հանրության լայն շերտերին շատ ավելի քիչ է ծանոթ, թեեւ՝ նրա ամենաոխերիմ հակառակորդներն անգամ, չհամաձայնվելով քաղաքական քայլերի հետ, մշտապես ընդունել են գիտնական Տեր-Պետրոսյայնին, նրա մեծությունը։ Մարդիկ գիտեն նրա «Խաչակիրները եւ հայերը» երկհատորյակի մասին. պատմաքաղաքագիտական ֆունդամենտալ ուսումնասիրություն, թեեւ՝ իմացողներից ոչ բոլորն են ընթերցել այն։ Ընդհանուր առմամբ Տեր-Պետրոսյան գիտնականն ավելի անծանոթ է մեզ։
Եւ այս գիտաժողովը շատ կարեւոր էր՝ ճանաչելու Լեւոն Տեր-Պետրոսյան գիտնականին հենց այդ տեսանկյունից։ Տեսնել, որ միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա մի շարք գիտնականներ շտապել են Հայաստան՝ բանախոսությամբ հանդես գալու Տեր-Պետրոսյանին նվիրված գիտաժողովում, քննարկելու թեմաներ, որոնց մասնագետն է նա՝ հայ-ասորական կապեր, Կիլիկիայի հայկական թագավորության պատմություն, հայ թարգմանական գրականություն եւ այլն։
Միաժամանակ, անչափ ոգեւորիչ էր մի ամբողջ օր լինել նրա կողքին հենց գիտական միջավայրում, այն միջավայրում, որտեղից նա դուրս է եկել եւ որտեղ նրան շարունակում են չափազանց մեծարել ու գնահատել՝ աներկբայորեն, առանց «բայց»-երի։
Դա երեւաց գիտաժողովի ժամանակ, երեւաց օտարերկրացի անվանի գիտնականների ու առաջին նախագահի շփումներում։ Երեւաց գիտաժողովում Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանի, Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի ելույթներից, ապա՝ «Հրապարակ» թերթում լեզվաբան Ալվարդ Բարխուդարյանի հարցազրույցից։
Ու մի բան էլ. հաշվի առնելով նրա ավանդը գիտության մեջ, պետք է նման գիտաժողով կազմակերպվեր ոչ միայն հիմա՝ 80-ամյակի առթիվ, այլեւ՝ սրանից 10 տարի առաջ՝ 70-ամյակի կապակցությամբ, նաեւ՝ 5 տարի առաջ՝ 75-ամյակի առթիվ։ Թեեւ՝ չեմ կարող չասել, որ Մատենադարանում 2021թ. լույս էր տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակին նվիրված տոնագիր գիտական ժողովածու։ Ասել է, թե՝ այնուամենայնիվ, անվանի գիտնականը գնահատվել է մատենադարանցիների կողմից։
Հիմա, կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանի 80-ամյակի այս գիտաժողովը պետք է դառնա մեկնակետ։ Նման գիտաժողովներ պետք է կազմակերպվեն ոչ միայն Մատենադարանում, այլ նաեւ ԵՊՀ-ում, կամ թեկուզ հենց՝ Արեւելագիտության ֆակուլտետում, որտեղ նա ուսանել է, ինչպես նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, որտեղ դասավանդել է։
Տարին դեռ չի ավարտվել։ Տեր-Պետրոսյանի 80-ամյակը պետք է դառնա ոչ թե մեկանգամյա միջոցառում, այլ՝ գիտական եւ հանրային մտքի համախմբման շարունակվող գործընթաց։


