Արման Գրիգորյան. «Արևմտամետների» մասին մի երկու անխուսափելի դիտարկում
«Արևմտամետների» մասին մի երկու անխուսափելի դիտարկում.
1. Նրանք սարսափելի զարմացած են, որ ես, ապրելով Ամերիկայում, երբեմն քննադատում եմ ԱՄՆ-ի այս կամ այն վարքագիծը կամ նույնիսկ համարում, որ այս կամ այն հարցում Ռուսաստանի վարքագիծն արդարացված է։ Ամենակարկառուն «արևմտամետներից» մեկը մի անգամ հատուկ ստատուս էր գրել, թե ես Ամերիկայում աշխատավարձ եմ ստանում, բայց ռուսներին եմ պաշտպանում։ Էս երկու օրը էդ նույն զարմանքն արտահայտեցին մի քանի այլ «արևմտամետներ»։ Էս զարմանքին նախկինում Հասմիկ Հարությունյանն էր արձագանքել ու ես ուզում եմ երկրորդել Հասմիկի ասածը. էս մարդկանց մտքով չի անցնում նույնիսկ, որ կարծիքները կարող են զակազով չլինել կամ ապրուստ ապահովելու հրամայականով պայմանավորված չլինել։
2. Էս մարդիկ սարսափելի վատ կարծիք ունեն Արևմուտքի մասին։ Նրանց կարծիքով Արևմտյան պետություններն ու հասարակությունները բացարձակ տոտալիտար համակենտրոնացման ճամբարներ են, որտեղ կա մեկ ճշմարիտ կարծիք և այդ կարծիքից որևէ շեղումը հավասարազոր է դավաճան ու ռուսական գործակալ լինելուն։ Իսկապես դժվար է ավելի նողկալի կարծիք արտահայտել Արևմուտքի մասին։
3. Էս մարդիկ նաև մի տարրական բան չեն հասկանում։ Արևմուտքի այս կամ այն քաղաքական վարքագիծը քննադատելը, ընդհանրապես արևմտյան որևէ երկրի կառավարության նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում ունենալը հակաարևմտյան վերաբերմունք չի կարող համարվել։ Էդ նույն արևտամետներից շատերը Հայաստանի այս կամ այն իշխանության քննադատներն են եղել։ Իրենք իրենց դրա համար հակահա՞յ են համարում։
4. Էս մարդիկ չեն հասկանում, որ արևմտյան արժեքներ կոչվածը չի կարելի սահմանել որպես այն, ինչ անում են արևմտյան կառավարությունները։ Արևմտյան արժեքները լուսավորչականության արժեքներն են (իրականում դրանք ունիվերսալ արժեքներ են, բայց դրանց քաղաքական ու գաղափարական ավանգարդն Արևմուտքն է եղել), որոնք ես պատրաստ եմ կրծքով պաշտպանել։ Ես դրանք պատրաստ եմ կրծքով պաշտպանել նաև Արևմտյան կառավարությունների ու վերնախավերի դեմ։ Ու քանի որ մեր «արևմտամետներն» Արևմուտքի մասին նույնիսկ հեռավոր գաղափար չունեն, չգիտեն, որ էսօր Արևմուտքում դրա կարիքը կա։ Արևմտյան արժեքներ պաշտպանելը չի նշանակում աչք փակել Աբու Ղրեյբի վրա, ամերիկյան միլիտարիզմի վրա, նեոլիբերալիզմ կոչվող սադիզմի վրա, ինքնության քաղաքականության վրա, Արևմուտքում էսօր ծավալվող տոտալիտարիստական ապուշությունների վրա, երբ կարող են մարդկանց ճակատագրերը խեղել ինչ-որ արհեստական դերանուններ չօգտագործելու համար, և այլն։ Եթե դու էդ բաների վրա աչք ես փակում կամ պատրաստ ես ծափահարելու որևէ բան միայն էն պատճառով, որ դա Արևմուտքից է գալիս, դու արևմտամետ չես, դու «արևմտամետ ես»։ Ավելի ճիշտ, դու օրգանական պարարտանյութ ես։