Արման Գրիգորյանը՝ մի քանի հարց/պնդման վերաբերյալ (տեսանյութ)
Երբեմն բանավոր հարցազրույցների ժամանակ դժվար է մաքսիմալ հստակությամբ խոսել բաների մասին, որոնք մի քիչ ավելի տեսական բաղադրիչ ունեն, հետևաբար որոշեցի գրավոր անդրադառնալ մի քանի հարց/պնդման, որոնք անընդհատ արծարծվել են իմ վերջին հարցազրույցների ժամանակ։
1. Լավ չի՞ արդյոք, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և հրաժարվել Ռուսաստանից միակողմանի կախվածությունից։
Սա պարզ մանիպուլյացիա է։ Ասածս ուղղված չէ հարցազրույց վարողներին։ Նրանք բարեխղճորեն տալիս էին այս հարցը, որովհետև որոշակի քաղաքական նախապատվություններ ունեցող ու բավականին ստվար մի զանգված համառորեն ու հետևողականորեն պնդում է, որ տեղի ունեցողը դիվերսիֆիկացիա է։ Սա փաշինյանական դպրոցի հայտնի մեթոդի հերթական կիրառումն է։ Վերցրու ինչ-որ կոնցեպտ, շուռ տուր գլխի վրա ու կիրառիր այն կամայականորեն, խոսիր այդ կոնցեպտի մասին միայն վերացական մակարդակում ու երբեք դրան օպերատիվ միս ու արյուն մի տուր։ Ի՞նչ է սա նշանակում դիվերսիֆիկացիայի պարագայում։ Սա նշանակում է վերցնել այդ կոնցեպտի բուն իմաստը, որը նշանակում է ռիսկերի հակակշռում և հնարավորությունների ընդլայնում ու կպցնել դա մի քաղաքականության, որը ոչ մի կապ չունի այդ բուն իմաստի հետ։ Անզեն աչքով տեսանելի է, որ նպատակն Արևմուտքի հետ ինտեգրումն ու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հիմնավոր խմբագրումն է, որը ոչ մի կապ չունի դիվերսիֆիկացիայի հետ, բայց երբ դրա անունը դնում ես դիվերսիֆիկացիա, քննադատների գործը խիստ դժվարանում է, որովհետև, ինչպես ասացի հարցազրույցներից մեկում` դիվերսիֆիկացիան մայրության ու խնձորի կարկանդակի պես բան է. բոլորը կողմ են դրան։ Ու երբ մարդիկ նման ակնհայտորեն լավ բան են քննադատում, նրանք պարզապես աննորմալի տպավորություն են թողնում ։ Մի երկրորդ խնդիր էլ կա այս եզրույթի գործածության հետ կապված։ Եթե նույնիսկ մեր իշխանության նպատակը դա լիներ, դիվերսիֆիկացիան բարդագույն պրոբլեմ էր լինելու, որովհետև դա պարզապես մեզանից չի կախված։ Մեզ կոշտ ընտրություն են պարտադրում երկու կողմերը, որոնց հետ մենք ուզում ենք մեր հարաբերությունները հավասարակշռել։
2. Եթե մեզ չեն պաշտպանել Ջերմուկում ու Փարուխում, մեզ չեն պաշտպանի նաև Սյունիքում ու Արարատյան դաշտում։
Սա պնդում է, որ շատերի համար արդեն անվիճելի լինելու ստատուս ունի։ Այն աստիճան, որ երբ այդ պնդման վերաբերյալ կասկածներ ես հայտնում, մարդիկ քեզ սկսում են վերաբերվել որպես այլմոլորակայինի։ Մինդեռ սա ընդամենը տարրական մեթոդաբանական սխալի հետևանք է։ Ես վերջին հարցազրույցներում մի քանի անգամ հղում եմ արել counterfactual եզրույթին, ու փորձել բացատրել, թե ինչ կանոնների պետք է հետևել, երբ այդ մեթոդի օգնությամբ ինչ-որ պնդում ես ուզում պաշտպանել։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ասացի, որ լավ հայերեն համարժեք չեմ գտնում դրա համար, բայց հետո անդրադարձա, որ դա կարելի է թարգմանել, որպես մտավոր էքսպերիմենտ։ Դրա էությունն այն է, որ դու պատկերացնում ես ալտերնատիվ իրականություն, որտեղ ամեն ինչ նույնն է, բացի այն փոփոխականից, որի ազդեցությունն ուզում ես չափել։ Եվ այսպես, երբ մենք ասում ենք եթե Ջերմուկում չօգնեցին, Սյունիքում էլ չեն օգնելու, մենք ենթադրում ենք, որ Ջերմուկն ու Սյունիքը նույն բանն են։ Բայց դրանք նույն բանը չեն։ Սյունիքի արժեքն ուրիշ է, հետևաբար Ջերմուկում տեղի ունեցածը չի կարող անխափան կանխատեսիչ լինել, թե ինչպես կվարվեին ռուսները, եթե հարձակում լինի Սյունիքի վրա։ Կամ Երևանի։
3. Եթե ռուսները հեռանան, ոչինչ չի փոխվի Հայաստանի անվտանգության միջավայրում։
Սա նույն խնդրի մի այլ դրսևորում է։ Ենթադրում ես, որ անվտանգության համակարգում կարող ես մի փոփոխական փոխել (ռուսների ներկայությունը), առանց որևէ կերպ ազդելու համակարգը բնութագրող մյուս փոփոխականների (ադրբեջանցիների ու թուրքերի մտադրությունները) վրա։ Այստեղ մի ուրիշ մեթոդաբանական խնդիր էլ կա։ Մարդիկ չեն սիրում աշխարհին նայել հավանականությունների պրիզմայով (չնայած ինչպես ստորև կտեսնենք, դա երբեմն սելեկտիվ բնույթ ունի)։ Քեզանից միշտ պահանջում են դետերմինիստիկ կանխատեսումներ։ Բայց դետերմինիստիկ կանխատեսումներ անելն անշնորհակալ ու սխալ մոտեցում է, երբ գործ ունես ոչ դետերմինիստիկ պրոբլեմի հետ։ Վստա՞հ եմ ես արդյոք 100 տոկոսով, որ եթե ռուսները հեռանան, թուրքերի ու ադրբեջանցիների ճնշումը մեզ վրա կտրուկ կաճի կամ որ նրանք կարող են ուժ կիրառել Հայաստանի դեմ։ Ոչ, 100 տոկոսով վստահ չեմ։ Բայց ո՞ր տեսակետն է ավելի ողջամիտ, որ դրա հավանականությունը կաճի՞, թե՞ որ այն նույնը կմնա։
4. Եթե մենք համագործակցենք Արևմուտքի հետ, եթե նրանց համար որոշակի շահեր ստեղծենք, նրանք հետագայում շահագրգռված կլինեն մեզ անվտանգության երաշխիքներ տալու։
Սա կրկին օրինակ է ինչ-որ աբստրակցիայի դիմելու` առանց դա լուրջ, օպերատիվ հիմնավորումներով ամրապնդելու։ Դե իսկապես դժվար է վիճարկել այն վերացական սկզբունքը, որ եթե ինչ-որ երկիր ինչ-որ տեղ շահեր է ձեռք բերում, նրա հակվածութունն այդ շահերը պաշտպանելու մեծանում է։ Բայց այդ պնդմամբ հնարավոր չի բավարարվել առանց մի երկու կոնկրետ հարցի պատասխանելու։ Այդքա՞ն է մեծանալու է Արևմուտքի շահը, որ մեզ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ երաշխիքներ տա։ Հատկապես ի՞նչ շահեր կարող են լինել դրանք։ Եթե Ռուսաստանը որոշի լրջորեն հակազդել, Արևմուտքը Ռուսաստանի դեմ նույնպե՞ս պաշտպանելու է Հայաստանին։ Ի՞նչ է ենթադրում այդ պաշտպանությունը։ Ուկրաինայի պե՞ս են պաշտպանելու, թե՞ պատրաստ են լինելու իրենց զինվորներին էլ զոհաբերել։ Կարողանալու՞ են Հայաստանին պաշտպանել, չնայած Ուկրաինային չեն կարողանում։ Եվ այլն։ Այլապես, այս ոճով ուզածդ բանը կարող ես պնդել առանց պատասխանատվության զգացումի ու պնդումդ հիմնավորելու անհրաժեշտության։
5. Մեր հիասթափությունն ու զայրույթը ռուսների նկատմամբ արդարացված են, որովհետև 2022 թ.-ին չկատարեցին իրենց պայմանագրային պարտավորությունները։
Սրա մասին խոսելիս էլ մի երկու անգամ գործածել եմ «կատեգորիայի սխալ» բառակապակցությունը։ Ի՞նչ նկատի ունեի։ Մի շատ պարզ բան։ Մեր խնդիրը հասկանալն է, թե ինչ տեղի կունենա մեզ հետ, եթե շարունակենք այս քաղաքական կուրսը, եթե շարունակենք համագործակցել ու ինտեգրվելու փորձեր անել Ռուսաստանի ու Իրանի հակառակորդների հետ՝ արհամարհելով նրանց առարկություններն ու մտահոգությունները։ Բողոքելը, թե ռուսներն իրենց ճիշտ չեն պահել կարող է շատ բնական թվալ այս կոնտեքստում, բայց իրականում դա բացարձակապես ոչ մի տրամաբանական հետևանք չունի նշածս խնդրի համար։
Կցում եմ վերջին հարցազրույցս Սիվիլնեթի հետ։ Խոստացել էի մի երկու շաբաթ հարցազրույց չտալ, բայց Արշալույս Մղդեսյանը պնդեց, որ իմ նախորդող հարցազրույցներում չբացված փակագծեր կային, տեղի տվեցի։
ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր
Արման Գրիգորյան


