«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Այսօր գործ ունենք դատական համակարգի կապիտուլյացիայի հետ

Արմեն Խաչատրյան. Այսօր գործ ունենք դատական համակարգի կապիտուլյացիայի հետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, Բարձրագույն դատական խորհուրդը 6 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնող դատավոր է ընտրել Մնացական Մարտիրոսյանին։ Այս ընտրությունը բուռն արձագանքի արժանացավ քաղհասարակության շատ ներկայացուցիչների շրջանում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը։

– Փիլիսոփայորեն եմ մոտենում, այլ բան չի մնում։ Հիշո՞ւմ եք, որ Կարեն Անդրեասյանը խոստացել էր երկրաշարժ դատական համակարգում, բայց այսպիսի ավերիչ երկրաշարժ որևէ մեկիս մտքով չէր անցնում։ Հասկանո՞ւմ եք, երբ 4 տարի անընդհատ խոսում են ռեֆորմից, ու ես չեմ վարանի այդ բառն օգտագործել՝ ամենահանցագործ դատավորը, որն ավելի քան 20 տարի ծաղրել է արդարադատությունը, ու այդ ամենը եղել է ավելի քան ակնհայտ, պատասխանատվություն կրելու փոխարեն նշանակվում է պաշտոնի, գալիս ես նորից այն նույն գնահատականին, որ մենք գործ ունենք ազգակործան իշխանության հետ։

Միայն պատերազմն ու Ղարաբաղը խնդիրը չէին «ազգակործան» գնահատականը տալու համար, մենք այսօր գործ ունենք դատական համակարգի պատվազրկման, նվաստացման, կապիտուլյացիայի հետ, ամենավատ, ամենաբացասական բառերով կարելի է նկարագրել այն, ինչ տեղի է ունեցել երեկ Բարձրագույն դատական խորհրդում։

Երկու բան է պակաս մնացել․ Աղվան Հովսեփյանին նշանակել ԲԴԽ ղեկավար ու այն ժամանակ «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին՝ գլխավոր դատախազ, սրանով պատկերը կամբողջանա։ Այլանդակություն է Մնացական Մարտիրոսյանի դեմքով արդարադատություն ունենալ, ես էլի անուններ կարող եմ տալ, որովհետև ես այդ բոլորի քննած գործերը հատ-հատ գիտեմ։ Երբ այս տարի սկսեցին մերժել մեր տղաների վճռաբեկ բողոքները, ինձ համար, բացի այդ ֆորմալ մասից՝ «հիմնարար իրավունքի խախտում առկա չէ», կամ այդ ստանդարտ ձևակերպումներով մերժումները, բայց այս նշանակումից հետո այդ խճանկարը գալիս, ամբողջանում է։

Մի պետության մեջ, որտեղ Մնացական մարտիրոսյանները ոչ թե պատասխանատվության են ենթարկվում արդարադատության դեմ գործած հանցագործությունների համար (ու սրանք մերկապարանոց խոսքեր չեն․ Եվրոպական դատարանի վճիռներով, նաև ֆորմալ առումով հաստատված փաստեր են), այլ նոր պաշտոններ են ստանում, ապա իրենք էլ պետք է որոշե՞ն՝ նախկինում հանիրավի դատապարտված անձինք արդարացվե՞ն, թե՞ չէ։

Եթե ինչ-որ մեկը փողոցից զենք է գտնում ու այն պահում է` իմանալով, որ դա ապօրինի է, բայց միևնույն է, դա անում է այն գիտակցմամբ, որ այդ զենքը մի օր կարող է կիրառել։ Հիմա, այս իշխանությանը, որին արդեն հանգիստ կարող ենք ասել ավտորիտար ռեժիմ (քանի որ գոնե վերջին մեկ տարվա երևույթներից հետո ռեժիմն ամբողջությամբ մտնում է այս նկարագրի մեջ), անհրաժեշտ են Մնացական Մարտիրոսյան ու նրա նման գործիքներ, զենքեր, որոնք, վստահաբար իմացեք, մի օր հաստատ օգտագործվելու են։

Օգտագործվելու են նոր քաղաքական պատվերներով վճիռների համար, օգտագործվելու են, որպեսզի իրենց ականջահաճո դատական ակտեր կայացվեն, խնդիրներ լուծվեն այդ անձանց միջոցով:

Սա ուղղակի մի շտրիխ էր, որ եկավ, ամբողջացրեց այս իշխանության ազգակործան բնույթը։ Վստահաբար ասում եմ, որ Հայաստանում չկա մի քաղաքացի, որը, եթե իհարկե չի հանդիսանում ռեժիմի շահառու, ունի վստահություն մի դատական համակարգի նկատմամբ, որում Մնացական Մարտիրոսյանը վերանշանակվում է որպես դատավոր։

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Կարեն Անդրեասյանն իր խոստումը չկատարեց։ Կարծիքներ են հնչում, որ Անդրեասյանն ունի այդ քաղաքական կամքը, բայց ԲԴԽ-ի մյուս անդամները ճնշում են նրան։

– Ես ասացի, չէ՞, Կարեն Անդրեասյանը կատարեց խոստումը․ այնպիսի երկրաշարժ արեց դատական համակարգում, որ բոլորս սարսափել ենք։ Ես չեմ հավատում, եթե ճնշում են, թույլ չեն տալիս իր բարեփոխումներն իրականացնի՝ թող հրաժարական ներկայացնի, դուրս գա։ Կարեն Անդրեասյանն այդ հեղինակությունը կամ ճանաչվածությունը չէր ունենա, եթե ժամանակին չգնար հրաժարական ներկայացնելու քայլին:

Այն ժամանակ նրան ճնշում էին, հրաժարական ներկայացրեց ու պահեց իր դեմքը։ Այն, ինչ երեկ եղել է ԲԴԽ-ում, ուղիղ 2008 թվականի հոտ է գալիս։ Այն, որ այս իշխանությունը գնում է ՀՀԿ-այացման, կասկած չունեմ։ Ավելի մեծ անակնկալ ԲԴԽ-ն կարող է մատուցել, եթե վաղն Աղվան Հովսեփյանին բերեն նշանակեն ԲԴԽ նախագահ։

– Որ ասում եք՝ «2008-ի հոտ է գալիս», նկատի ունեք նո՞ր մարտի 1, պարո՛ն Խաչատրյան։

– Ես միշտ ասել եմ, որ մարտի 1-ը մեծ կոնտեքստ է, ու այդ կոնտեքստի մի գլխավոր հատվածը դատական իշխանության հլու-հնազանդ ծառայելն էր քաղաքական իշխանությանը, այսինքն՝ այդ իմաստով, այո՛, նոր մարտի 1․ նոր քաղաքական, պետպատվերով վճիռներ, հակառակ դեպքում ինչի համար է պետք Մնացական Մարտիրոսյանը։

Հիշենք, էլի, կենսագրությունը․ Կուկուի դատ, Ժիրայր Սեֆիլյանի դատ, Արման Բաբաջանյանի դատ, մարտիմեկյան տասնյակ քաղբանտարկյալների դատ։ Մնացական Մարտիրոսյանը «Մարտի 1»-ի գործերով երկրորդ ամենաշատ գործ քննած դատավորն է։ Մնացական Մարտիրոսյանը մարտիմեկյան դատավարության սիմվոլն է։

– Գուցե Մարտիրոսյանն օգտվել է այն շանսից, որը տալիս է գործող իշխանությունը. Նիկոլ Փաշինյանն ասում էր, չէ՞, որ իրենք ուղղվելու հնարավորություն են տալիս բոլորին, այդպիսով նաև հնարավորություն՝ մաս կազմելու գործող կառավարությանը։

– Գիտեք, ես դուրս եմ եկել այն տարիքից, որ Գյուլնազ տատի հեքիաթներին հավատամ, թող գնան խոստացած ապագայի մասին հեքիաթները պատմեն դրանց հավատացողներին։

Նրանք որևէ մեկին շանս չեն տալիս, որովհետև շանս տալը կլիներ հանուն պետության, հանուն ազգի համախմբման։ Եթե շանս են տալիս, բա ինչի՞ց է, որ հենց ընտրությունները սկսվում են, նախկինները դառնում են ազգի դավաճան, ազգը կործանող, պետությունն ավերող, բայց հենց պաշտոն տալու հարցն է առաջ գալիս՝ կարելի է շանս տալ, չկա՛ այդպիս բան։ Սա իրենց քաղաքական վատ նպատակներն իրականացնելու համար օգտագործվող պոպուլիստական հայտարարություն է։

Այո՛, նախկին-ներկա չպետք է լինեն մի բուռ հողի վրա, որի գոյության հարցն արդեն կասկածի տակ է դրված իրենց տված դեղերի հետևանքով, բայց դա չի վերաբերում արդարադատության դեմ ավելի քան 20 տարի անընդհատ հանցագործություն կատարած Մնացական Մարտիրոսյանին։

Քրիստինե Աղաբեկյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: