Արտակ Բեգլարյանը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախի կրած սոցիալ-տնտեսական վնասները
Անցած տարվա սպետեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջում շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։ artsakhpress-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացնելով պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները։
«Հիմա 39 հազար անձ ոչ միայն տեղահանված է, այլ նաև անօթևան է ու բազմաթիվ կարիքներ ունի՝ կրթական, հոգեկան, առողջական և այլն։ Բացի տեղահանվածներից, ունենք զոհված անձանց ընտանիքներ ու վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ, որոնք բոլորը տարբեր կարիքներ ունեն՝ և՛ սոցիալական բնույթի, և՛ առողջական»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ ամենը պետության և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հոգածության ներքո է։
Նրա խոսքով՝ վնասների ու կարիքների գնահատման լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացվում են Արցախի կառավարության և տարբեր մասնագիտական խմբերի կողմից, որոնք ավելի պրոֆեսիոնալ կերպով զեկույցներով ամփոփելու և ներկայացնելու են դրանք։
Անդրադառնալով տարածքային ու ենթակառուցվածքային վնասներին՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը մանրամասնեց, որ Արցախի 228 համայնքներից 120-ն ընկել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Այս համայնքները նշանակում են նաև ենթակառուցվածքներ, տնտեսական հնարավորություններ։ Մեր վերահսկողության տակ մնացած համայնքներում բազմաթիվ ենթակառուցվածքային վնասներ են եղել՝ ոչնչացվել են բնակելի տներ, տնտեսական նշանակության ենթակառուցվածքներ, էլեկտրամատակարարման, գազամատակարարման կապի և ճանապարհային ենթակառուցվածքներ և այլն։ Սրանք լրացուցիչ հումանիտար խնդիրներ են առաջացրել և առայսօր առաջացնում են»,- ասաց Բեգլարյանը։
Խոսելով պատերազմի հետևանքով կրած տնտեսական վնասների մասին՝ նա նշեց, որ Արցախի ՀՆԱ-ն 2019 թվականին կազմել է ավելի քան 342 միլիարդ դրամ, 2020-ին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ՀՆԱ-ն նվազել է 22,4 տոկոսով՝ կազմելով 270 մլրդ 900 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է 224 մլրդ 5 մլն դրամ, որը շուրջ 35 տոկոսով ցածր է 2019 թվականի ցուցանիշից։
«Սա ինքնին արդեն բավականին մեծ հետևանք է և առաջացնում է մարդասիրական, սոցիալական և այդպիսի բազմաթիվ խնդիրներ»,- նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ Արցախի և Հայաստանի կառավարությունների, ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու այլ գործընկերների կողմից տարբեր ջանքեր գործադրվում են դրանց լուծման համար։