Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործի բացահայտման առանցքային անձ էր
2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանը, որն, ըստ մամուլի, այսօր առավոտյան պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.
Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։
Այլ մանրամասներ ճշտվում են։
Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերված ոստիկանության գեներալ-գնդապետ, 2008-ին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:
Հարությունյանը Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից էր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթակաների դատավարության ժամանակ ի թիվս այլ վկաների, պետք է ցուցմունք տար։