Աշոտ Սարգսյան. Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը
Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը
Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունից հետո հաջորդ առաջնահերթ խնդիրը պետք է դառնար Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումը, այնքանով, որքանով խորհրդարանի ընտրությունը կանգ էր առել ոչ թե ԽՍՀՄ կազմում մնալու, այլ անկախության ձեռքբերման ծրագրի վրա։ Անկախության հռչակագիրը նախապատրաստելու նպատակով ստեղծվեց հանձնաժողով՝ պատգամավոր Կարեն Յուզբաշյանի նախագահությամբ: Կարճ ժամանակի ընթացքում, բացի հանձնաժողովից, ստացվեց փաստաթղթի նախագծի մոտ մեկ տասնյակ տարբերակ: Առանձին տարբերակներ էին ներկայացրել ՍԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը, «Ազգային միասնության ուխտը», Կոմկուսը, անգամ անհատ պատգամավորներ:
Առաջին քննարկումներից, խմբավորումներից ու խմբագրումներից հետո խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց Հռչակագրի երեք տարբերակ: Երկրորդ քննարկումից հետո այն ներկայացվեց մեկ նախագծի եւ երկու հատուկ կարծիքի տեսքով: Հատուկ կարծիքներից մեկը (Մեխակ Գաբրիելյան) առաջարկում էր տեքստում ավելացնել հետեւյալը. «Չեղյալ հայտարարել 1920թ. դեկտեմբերի 2-ից հետո մինչեւ 1923թ. կնքված Հայաստանին վերաբերող բոլոր պայմանագրերը եւ որպես նպատակ հռչակել «Ազատ, անկախ եւ միացյալ» Հայաստանի կերտումը»: Երկրորդ հատուկ կարծիքը (Աշոտ Նավասարդյան, Իգոր Մուրադյան) նախատեսում էր անկախության վերականգնման հռչակում 1922թ. ԽՍՀՄ կազմավորման պայմանագիրը չեղյալ հայտարարելու ճանապարհով: Խորհրդարանը հռչակագրի տեքստում չընդունեց այդպիսի լրացումներ։ Որպես հիմք ընդունված տարբերակի վրա որոշ փոփոխություններից հետո այն «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» անվանումով օգոստոսի 23-ին 183 կողմ, 2 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով, մեծ խանդավառությամբ ընդունվեց Գերագույն խորհրդում: Հռչակագիրը վերջնական տեսքով նիստում ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը:
Կարեւոր այս քաղաքական փաստաթղթի քննարկման ընթացքում ծավալված բանավեճը, ինչպես եւ սպասելի էր, ընթացավ, մի կողմից՝ ՀՀՇ-ի՝ իրական քաղաքական հասկացությունների, իրատեսական քաղաքական սկզբունքների եւ արժեքային նոր համակարգի վրա հենված գաղափարախոսության ու ծրագրերի, մյուս կողմից՝ դրան հակադրվող ավանդական պատկերացումների միջեւ: Քննարկումների առաջին փուլերում շրջանառությունից դուրս եկան այն նախագծերը, որոնք ենթադրում էին Հայաստանի գոյությունը ԽՍՀՄ կազմում։ Մյուս մանրամասների բազմաժամ քննարկումները հանգեցրեցին երկու հիմնական խնդրի հաղթահարմանը։ Պատգամավորների մի խումբ, «արմատական» անկախական դիրքերից համարում էր, որ պետք է Գերագույն խորհրդի միջոցով անմիջապես քաղաքական անկախություն հռչակել: ՀՀՇ-ն մերժում էր առկա հարափոփոխ եւ անկանխատեսելի իրավիճակների համար կոշտ, մանեւրելու հնարավորությունից զրկող, նաեւ ԽՍՀՄ գործող համապատասխան օրենքին հակասող եւ Կենտրոնի կողմից ճնշումների համար իրավական հիմք կամ առիթ տվող այդ ուղին:
ՀՀՇ ծրագիրը ենթադրում էր ունենալ մի փաստաթուղթ, որը կարձանագրի հանրապետության՝ ժողովրդավարական ինքնիշխան պետություն դառնալու հաստատակամությունը եւ կուղենշի այդ հիմքի վրա քաղաքական անկախության հասնելու՝ գործող օրենսդրական դաշտում օրինական, միջազգային հանրության համար ընդունելի ճանապարհը: Դա կվերացներ հետագայում նույն միջազգային հանրության կողմից Հայաստանի անկախության ճանաչման համար հնարավոր խոչընդոտները: ՀՀՇ-ի այս մեկնակետը, սակայն, շատ ավելի կարեւոր էր անկախության հասնելու ճանապարհի անվտանգության եւ ապահովության առումով: Խորհրդային Միությունը շարունակում էր գոյատեւել, իսկ նրա քայքայման ակնհայտ նշանները հարյուրտոկոսանոց երաշխիք չէին այն բանի, որ այդ քայքայումը առանց մեծ ցնցումների ու վտանգավոր անակնկալների կարճ ժամանակում կհասնի տրամաբանական ավարտի: Այդ երաշխիքը եւ համոզմունքը չունեին նաեւ միջազգային հանրությունը եւ նույնիսկ միջազգային տրամաչափի քաղաքական գործիչները, ուստիեւ առավել զգուշությամբ ու «հոգատարությամբ» էին վերաբերվում ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությանը: Ընդհակառակը՝ ավելի էր մեծանում այն վտանգը, որ հոգեվարք ապրող բռնապետությունում հնարավոր են նաեւ անկանխատեսելի զարգացումներ ու իրադարձություններ, որոնք, թեկուզ տեւական ժամանակի համար՝ անհեռանկար, սակայն տվյալ պահին կարող էին վտանգավոր լինել միջազգային հանրության, եւ ճակատագրական՝ առաջին հերթին՝ հենց իր կազմում գտնվող փոքր ու «ապստամբ» ժողովուրդների համար (մեկ տարի անց հայտնի «ԳԿՉՊ»-ն նման սպասումների եւ զգուշավորության արդարացիության փայլուն ապացույցն էր)։ Հայոց համազգային շարժումը մերժում էր չհաշվարկված այդ ուղին։
ՀՀՇ-ն մերժում էր նաեւ հայդատական/պահանջատիրական գաղափարներն այդ փաստաթղթի հիմքում դնելու ձգտումները: Վերջինս, որպես նպատակ, առաջ էր քաշում ոչ թե Հայաստանի (ՀԽՍՀ գոյություն ունեցող սահմաններով) անկախությունը, այլ «Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի կերտումը», առաջարկում դա ամրագրել Հռչակագրում, ինչպես նաեւ՝ չեղյալ հայտարարել 1920թ. դեկտեմբերի 2-ից հետո մինչեւ 1923թ. կնքված բոլոր պայմանագրերը: Սա, ակնհայտորեն, այլ բան չէր նշանակում, քան պահանջատիրական նկրտումների հռչակմամբ անկախության ուղեգծից հրաժարում: Հիշյալ պայմանագրերի չեղյալ հայտարարումը կնշանակեր Թուրքիայի հետ դե յուրե հայտնվել չհայտարարված պատերազմական կամ առճակատման իրավիճակում, ինչն, իր հերթին, Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմում մնալը կդարձներ պարտադրված ու աներկընտրանք:
Սակայն կար նաեւ մեկ այլ լուրջ նկատառում։ Շատ կարեւոր էր, որ Անկախության մասին հռչակագիրը, որպես քաղաքական հիմնարար փաստաթուղթ, ընդունվեր ոչ թե պարզապես ձայների սահմանված մեծամասնությամբ, այլ միաձայնությամբ, ընդհանուր համաձայնությամբ՝ որպես Հայաստանի ժողովրդի ընդհանրական կամքն արտահայտող իշխանության բարձրագույն մարմնի ակտ։ Դա կարեւոր էր ինչպես երկրի ներսում գործելու, այնպես էլ ԽՍՀՄ-ում եւ միջազգային ասպարեզում դրա կշիռը բարձրացնելու համար։ Նման միաձայնության հնարավոր եղավ հասնել «արմատականների» եւ «պահանջատիրականների» քաղաքական պատվախնդրությունը բավարարող ոչ էական երկու զիջմամբ՝ Հռչակագրի նախաբանում «Առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների» եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ Դեկտեմբերի 1-ի որոշման հիշատակմամբ, իսկ հիմնական տեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատար կանգնելու մասին մի դրույթ ներառելով։ Դրանք ձեւակերպվեցին այնպես, որ հետագայում լուրջ խնդիրներ չհարուցեին։
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը կարեւորագույն պատմական փաստաթուղթ էր: Այն ազդարարում էր 70-ամյա կոմունիստական բռնապետական դարաշրջանի ավարտը եւ դրա թողած ժառանգության ու ծանրագույն հետեւանքների թոթափման սկիզբը: Այստեղ օրենսդրական ամրագրում ստացան հանրապետության ինքնիշխանության հաստատմանն ու ամրապնդմանը նպատակաուղղված այն խնդիրները, որոնք մինչ այդ (մասնավորապես՝ 1989-ի դեկտեմբերին եւ հետո) ՀՀՇ-ն փորձել, բայց ամբողջությամբ չէր կարողացել անցկացնել կոմունիստական Գերագույն խորհրդում: «Հայաստանի անկախության մասին Հռչակագիրն» ամփոփում էր ՀՀՇ քաղաքական ծրագրի բոլոր հիմնական խնդիրները եւ նպատակները, որոնք եւ ամբողջությամբ իրականացվեցին հաջորդ տարիներին:
«Հայաստանի անկախության մասին հռչակագիրը» ընդունվեց օգոստոսի 23-ին, ըստ էության՝ միաձայն: Իրավական կարգավիճակի առումով Հռչակագիրը յուրահատկություն ուներ: Այն սահմանադրություն չէր, եւ նրա նորմերը անմիջական գործողության ուժ չունեին: Փաստաթղթի վերջին կետը նախատեսում էր, որ այն հիմք պետք է ծառայեր «Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության մշակման, իսկ մինչ այդ՝ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման, պետական իշխանության մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»: Հռչակագրի ներածական մասը ներկայացնում էր այն հիմքերը եւ ելակետերը, որոնցից ելնելով էլ հռչակվում էր երկրի քաղաքական ընթացքի հետագա ուղեգիծը: Այդ հիմքերն էին՝ «Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», «պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ, համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում», «մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը», «ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը», Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին դեկտեմբերի 1-ի որոշումը, Առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները: Նպատակը հայտարարվում էր «ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»:
Ճշտվում էր Հայաստանի դիրքը ԽՍՀՄ-ի կամ կենտրոնական իշխանության նկատմամբ: Հռչակվում էր ոչ թե անկախություն, այլ՝ «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբ»: Ըստ այսմ էլ՝ խոսվում էր նոր ինքնիշխան պետության մասին: Եւ այդ ինքնիշխանությունը ենթադրում էր «պետական իշխանության գերակայություն, անկախություն, ինքնուրույնություն, լիիրավություն»: Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում էր Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան), որտեղ պետք է գործեին միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները: Այսինքն՝ դադարեցվում էր ԽՍՀՄ Սահմանադրության գործողությունը Հայաստանում: Սա նշանակում է, որ ձեւի առումով կամ իրավականորեն՝ Հայաստանը առայժմ մնում էր ԽՍՀՄ կազմում եւ պատրաստ էր ԽՍՀՄ կազմից դուրս գալը համապատասխանեցնել այդ գործընթացը կարգավորող միութենական համապատասխան օրենքին: Սակայն դրա կողքին՝ արդեն իսկ իրեն էր վերապահում բոլոր այն իրավունքները, ինչ կարող էր ունենալ յուրաքանչյուր անկախ պետություն: Հետ էին վերցվում Կենտրոնին պատվիրակված լիազորությունները եւ իրավունքները: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը վերապահվում էր բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: Հայաստանն իրեն հայտարարում էր միջազգային իրավունքի սուբյեկտ, իրեն իրավունք վերապահում այլ պետությունների հետ մտնել անմիջական հարաբերությունների մեջ եւ վարել անկախ արտաքին քաղաքականություն, ինքնուրույն եւ անմիջապես մասնակցել միջազգային կազմակերպությունների գործունեությանը: Հրաժարվում էր նաեւ իր նկատմամբ Կենտրոնի ստանձնած պարտավորություններից. «Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ»: Հայտարարվում էր նաեւ ԽՍՀՄ սպառազինությունից, ոսկու պաշարներից, ալմաստի եւ վալյուտային ֆոնդերից իր մասնաբաժնի իրավունքը: Հռչակագիրը հանրապետության ինքնիշխան իրավունքների օբյեկտ եւ նրա ժողովրդի սեփականություն էր հայտարարում «հողը, նրա ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային պոտենցիալը», որոնց «տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով»:
Հարցերի մյուս կարեւոր խումբը վերաբերում էր ժողովրդավարական նորմերի հաստատմանը: Իշխանության միակ կրողը հայտարարվում էր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որն այն «իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմիններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների հիման վրա»: Հռչակվում էր խոսքի, մամուլի, խղճի ազատություն: Ընդ որում՝ այս ազատությունները, փաստորեն, անմիջապես սկսեցին գործել, եւ նոր իշխանությունը ապահովում էր դրանց անձեռնմխելիությունը: Հայտարարվում էր օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործառույթների տարանջատում, բազմակուսակցական համակարգ, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապակուսակցականացում: Հանրապետության տարածքում ապրող բոլոր բնակիչների համար հայտարարվում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, պետությունը ստանձնում էր նրանց պաշտպանությունը, ապահովում նրանց ազատ եւ իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից եւ դավանանքից:
Հռչակագրում հստակ ուրվագծվում էին նաեւ տնտեսության մեջ կատարվելիք համակարգային փոփոխությունները: Սոցիալիստական տնտեսաձեւը զրկվում էր մենաշնորհային իրավունքից, հայտարարվում էր, որ «Հայաստանի Հանրապետությունը, հենվելով տնտեսության բազմակացութաձեւության հիմունքների վրա, որոշում է իր տնտեսվարման սկզբունքները եւ կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային եւ մաքսային ծառայություններ»:
Ինքնիշխան պետությանը հատուկ քաղաքականություն էր նախատեսվում իրականացնել նաեւ այլ բնագավառներում, մասնավորապես՝ լեզվի, կրթության, մշակույթի ոլորտներում. «Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի՝ որպես պետական լեզվի գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ»: Անկախության մասին հռչակագրի դրույթները շուտով օրենսդրական ուժ ստացան ընդունված համապատասխան օրենքներով, ինչպես նաեւ դարձան այն հիմքը, որի վրա ստեղծվեցին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքները եւ առաջին Սահմանադրությունը։
(Հատված «Հայաստանի անկախության վերականգնումը. 1990-1991 թթ.», Երեւան, 2020 թ. գրքից)


