«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. Ո՞ւմ օգտին է աշխատում Մ. Աջապահյանի «հայրենասիրությունը»

Աշոտ Սարգսյան. Ո՞ւմ օգտին է աշխատում Մ. Աջապահյանի «հայրենասիրությունը»

Ո՞ւմ օգտին է աշխատում Մ. Աջապահյանի «հայրենասիրությունը»

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյան. «Լեւոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր մեր հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի: Այդ ազգակործան գաղափարին հետեւելով է, որ ոմանք կարծում են, թե Նախիջեւանը պետք է Ադրբեջանինը լինի, Կարսն ու Արդահանը պետք է Թուրքիայինը լինեն»։ 

Ճիշտ է ասում Մ. Աջապահյանը, չլիներ «Լեւոնիզմը», բոլորը կհամարեին, որ Նախիջեւանը պետք է ոչ թե Ադրբեջանի, Կարսն ու Արդահանն էլ՝ ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի կազմում լիներ, եւ այդ դեպքում հաստատ, «մեր հայրենիքն այսքան փոքր չէր լինի», չէր լինի, բնականաբար, նաեւ Եռաբլուրը...
Շատ «հայրենասիրական» է, հույժ «ազգասիրական»։
Նման բաներ կային 1990-ից ի վեր, ճիշտ է՝ «Լեւոնիզմը» կասեցրեց։
1918-20թթ. Աջապահյանի երազած ժամանակներն էին՝ «Լեւոնիզմը» չկար, բոլորն ազատ էին «հայրենիսեր» ու «ազգասեր» լինել առավելագույն չափով։
Իրերի բերմամբ՝ այդ ժամանակ Հայաստանի կազմում էին Նախիջեւանն էլ, Կարսն էլ, Արդահանն էլ։
Ու քանի որ բոլորն ազատ էին առավելագույն չափով «հարենասեր» ու «ազգասեր» լինել, չբավարարվելով դրանով, ոմանք՝ «Ծովից ծով Հայաստան» էին ուզում, ոմանք՝ մի քիչ համեստ՝ «Վիլսոնյան Հայաստան»։
Եւ, չգիտես ինչու, կորցրեցին Նախիջեւնն էլ, Կարսն էլ, Արդահանն էլ։ Քիչ էր մնում՝ ամբողջ Հայաստանն էլ կորցնեին։
Այսինքն, որքան էլ տարօրինակ ու անբնական՝ հայրենասիրությունն աշխատեց ոչ թե հօգուտ հայրենիքի, այլ հօգուտ հակառակորդի, թշնամու։

1998-ին Աջապահյանի երազած ուժերը վերջ դրեցին «Լեւոնիզմի» իշխանությանը, դրանով վերացնելով նաեւ մեր հայրենիքի մեծանալու 10-ամյա խոչընդոտը։
(Փակագծում ասենք, որ «Լեւոնիզմի տասնամյա շրջանում մեր հայրենիքի մի քիչ մեծացումը նրա հետ կապ չուներ, նրանից թաքուն էին արել, նրան փաստի առաջ կանգնեցրել)։
Հիմա ամեն մեկն սկսեց «կարծել» եւ ուզել այնքան, որքան երեւակակայությունը բավարարում էր՝ «Քուռ-Արաքսյան հանրապետությունից» մինչեւ «Վիլսոնյան Հայաստան, անգամ՝ «Ծովից ծով»։
Որքան էլ զարմանալի ու անբնական, բայց Հայաստանն էլ չմեծացավ...
Ու ոչ միայն։

Հիմա «Արցախի հարցի» փոխարեն «Սյունիքի հարցի» մասին ենք խոսում։ Հիմա ոչ թե Ադրբեջանն է «տարածքային ամբողջականության» մասին մտածում, այլ՝ Հայաստանը։
Բայց մի՞թե դա է կարեւոր։
Կարեւորը «հայրենասիրությունն» ու «ազգասիրություն» է, որքան շատ՝ այնքան լավ (գուցե նաեւ եկամտաբեր)։
Հետո՞ ինչ, որ դրա հետեւանքը (հակառակ ամեն տեսակ տրամաբանության) կարող էլ լինել (ինչպես դա եղավ 1920-ին) Արցախի մնացած մասի եւ Հայաստանի կորուստը։
Դա ի՞նչ կարեւոր է...
Կարեւորն այն է, որ ոչ մեկը չի կարող մեզնից խլել Նախիջեւնն էլ, Կարսն էլ, Արդահանն էլ, «Քուռ-արաքսյանն» էլ, «Ծովից ծովն էլ» մերը համարելու խիստ «հայրենասիրական», խիստ «ազգասիրական» (գուցե նաեւ եկամտաբեր) իրավունքը։

Հետո՞ ինչ, թե ում օգտին է աշխատել ու աշխատելու սրբազանի «սրբազան» երազանքը։

Այնպես որ՝ աջապահյանները, օգտվելով իրենց անօտարելի իրավունքից, հանգիստ խղճով շարունակելու են իրենց որքան «հայրենասիրական», նույնքան եկամտաբեր գործը, ու դրա միակ հնարավոր խոչընդոտը «Լեւոնիզմն» է։

Աշոտ Սարգսյան