Աշոտ Սարգսյան. Փաշինյանի հերթական մանիպուլյացիան
Այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումում ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել է հետևյալը. «Ըստ էության, ժողովրդավարության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ ես չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավառ ապացույցն է։ Եվ ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»։
Փաշինյանը նկատի է ունեցել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում արված հետևյալ արձանագրումը. «Ղարաբաղում եւ Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը վեց հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը եւ ես»:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է հետևյալը: Տեսնելով, որ իրեն չհաջողվեց վերջին պատերազմում կրած ջախջախիչ պարտության մեղքը բարդել ՀՀ առաջին իշխանությունների կողմից 1991 թվականին պատերազմից չխուսափելու հանգամանքի վրա, նա այսօր կատարել է իր հերթական մանիպուլյացիան, չհասկանալով, որ ՀՀ առաջին նախագահը թվարկել է միայն այն պաշտոնատար անձանց անունները, որոնց վրա էր բարդված վարվող ղարաբաղյան կարգավորման բանակցությունների գործընթացի ողջ պատասխանատվությունը:
Մինչդեռ այսօր ղարաբաղյան կարգավորման գործընթացին ոչ ոք, այդ թվում և առաջին հերթին Փաշինյանը, փորձագիտական մակարդակով չի տիրապետում: Եվ այդ պատճառով է, որ իր անճարությունը կոծկելու նպատակով, նա ամեն օր դիմում է մի նոր մանիպուլյացիայի:
Աշոտ Սարգսյան