Աշոտ Սարգսյան. Պատերազմը և դրա պատասխանատուները՝ փաստերով. ilur
Փաստ 14.
Քայլ առ քայլ եւ անշեղորեն իրականություն դարձավ ժամանակի ընթացքում տնտեսական եւ ռազմական ուժերի հարաբերակցության՝ հօգուտ Ադրբեջանի փոփոխության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը։
Այս փաստը կարող է իր համար ստուգել եւ պարզել յուրաքանչյուր ոք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարեկան ՀՆԱ-ի, պետական բյուջեի, ռազմական հատկացումների թվերը քաղելով ինտերնետային բաց աղբյուրներից։
Հայաստանում հետեւողականորեն վատթարացավ ժողովրդագրական իրավիճակը՝ 23 տարվա ընթացքում տեղի ունեցած արտագաղթը քամեց երկրի մարդկային ռեսուրսները։
Հակամարտության կարգավորված չլինելու պայմաններում Հայաստանը շրջանցեցին տարածաշրջանային կարեւորագույն կոմունիկացիաները՝ երկաթուղային գծերը, գազատարները, նավթամուղերը։
Այս ամենն ավելի քան ակնհայտ էին եւ պետք է հիմք ծառայեին «ստատուս քվոյի» պահպանման ռազմավարությանը վերջ տալու, անկեղծ ու կառուցողական քայլերով կարգավորման գնալու համար։ Դա չարեցին ո՛չ Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը, ո՛չ Ն. Փաշինյանը։
Ազգային ժողում 2021 թ. ապրիլին ներկայացրած տարեկան մի հաշվետվության մեջ Ն. Փաշինյանը թափահարում էր 2017 թ. Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ կազմված փորձագիտական մի փաստաթուղթ, ըստ որի` Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցությունը արդեն եղել է 1:10-ի։ Ապա ավելացրեց, որ այդ փաստաթղթում ինչ-որ հանգամանքներ հաշվի չեն առնված, եւ իրական հարաբերակցությունը 1:20-ի է։
Արդեն լուծած լինելով Արցախի՝ որպես հակամարտության կողմի միջազգային մանդատի ոչնչացման հարցը, ուժերի նման հարաբերակցությամբ, Ադրբեջանն այլեւս պատրաստ էր լուծելու նաեւ «գրավյալ տարածքները» ետ բերելու իր երկրորդ խնդիրը՝ ոչնչացնելու հայկական կողմի երկրորդ հաղթաթուղթը։
2016 թ. ապրիլյան պատերազմից դեռ կես տարի առաջ այդ մասին հերթական անգամ ահազանգեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2015 թվականի նոյեմբերի 26-ին հրապարակված «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրություն» հոդվածով (տե՛ս iLur am. 26.11.2015) ։ Չբավարարվելով դրանով, նա այդ վտանգի մասին խորհրդապահական նամակ հղեց Սերժ Սարգսյանին (տե՛ս Կարեւորագույն փաստաթղթեր Լեւոն Տեր-Պետրոսյանի արխիվից, iLur am.03.11.2021)։
Փաստ 15.
Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին տրամադրեց այն հիմքերը, որոնք նրան անհրաժեշտ էին ռազմական ճանապարհով արցախյան խնդիրը լուծելիս միջազգային հանրության համաձայնության ապահովման համար։
Ունենալով ուժերի տասնապատիկ գերազանցություն, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը փորձեց ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Միջազգային հանրությունը, ի դեմս Մինսկի խմբի անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի՝ դա թույլ չտվեց, ռազմական գործողությունները 4 օր հետո դադարեցվեցին. գործում էր ռազմական ճանապարհով Արցախյան հակամարտության լուծման անթույլատրելիության մասին նույն միջազգային հանրության սահմանած դրույթը։
2018 թվականից Սերժ Սարգսյանին փոխարինած Ն. Փաշինյանը, շարունակելով իր նախորդների՝ «ստատուս քվոն» պահպանելու ռազմավարական գիծը, մի քանի քայլ էլ առաջ անցավ նրանցից։
Փաշինյանի այդ «քայլերի» մասին խոսվել է բազմիցս.
Նա հայտարարեց, որ չի ճանաչում մինչ այդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կատարված տասնամյակների աշխատանքը եւ ամեն ինչ պետք է սկսի «զրոյական կետից», «իր կետից»։
Հայտարարեց՝ «Արցախի հարցը լուծված է», «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ դրանով, ըստ էության, հրաժարվելով կարգավորման բանակցային գործընթացից։
Նոյեմբերյանում, կուլ տալով Ադրբեջանի խայծը, գնաց զինված սադրանքի՝ փոքր մի դիրքի գրավումը տարփողելով որպես «Սարդարապատին» հավասար հաղթանակ հակառակորդի դեմ։
Թուրքիայի դեմ ճոճեց «Սեւրի պայմանագիրը»։
Սա արհամարհական վերաբերմունք էր միջազգային հանրության, միջազգային իրավունքի, Մինսկի խմբի նկատմամբ, բաց մարտահրավեր՝ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային։
Այս ամենը, սակայն, փաստորեն, նաեւ այն պակասող հիմքն էր, որն ազատեց Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության՝ միջազգային հանրության պարտադրանքից, իսկ Թուրքիային առիթ եւ հնարավորություն ընձեռեց հօգուտ Ադրբեջանի ակտիվորեն ներգրավվել ռազմական գործողություններում։
Եթե անգամ այս քայլերն արվում էին ներքին լսարանի առջեւ «հերոսանալու» սին մղումով, դժվար է գտնել ավելի արդունավետ գործողություններ, որոնք գիտակցված ձեւով կարվեին առավելագույնս մոտեցնելու եւ նույն միջազգային հանրության աչքում «իրավականորեն արդարացված» դարձնելու համար ադրբեջանական ագրեսիան։ Այդ ամենի անմիջական հետեւանքն էր 44-օրյա պատերազմը եւ դրա նկատմամբ միջազգային հանրության քար անտարբերությունը. ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, չհիշեց ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության՝ ավելի քան երկուսուկես տասնամյակ գործած, իրենց իսկ սահմանած արգելքի մասին։
Փաստ 16.
Զինադադարի հնարավոր երկու ելքերից մեկը՝ պատերազմը, նախորդ 23 տարում կարելի էր կանխել ցանկացած պահի՝ քաղաքական-պետական մտածողություն դրսեւորելու եւ Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի շահը անձնականից վեր դասելու դեպքում։
Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները, թե վարչապետ մնալու դեպքում ինքը պատրաստվում էր ստորագրել սեղանին դրված կարգավորման վերջին փաստաթուղթը՝ «Լավրովյան պլանը», նշանակում է, թե նույն բանը նա կարող էր անել նաեւ նախագահության վերջին տարիներին։ Պատերազմը այդ դեպքում պարզապես կբացառվեր, Ադրբեջանի համաձայն լինել-չլինելը, ստորագրել-չստորագրելը ոչ մի նշանակություն չէր կարող ունենալ։ Տվյալ փաստաթղթի տակ Հայաստանի ստորագրության առկայության պայմաններում պարզապես կբացառվեին Ադրբեջանի կողմից ռազմական լայնածավալ գործողությունները կամ դրանք կհանդիպեին միջազգային հանրության կոշտ դիմակայությանը։
Ըստ Ն. Փաշինյանի՝ պատերազմը կարելի էր կանխել դեռ դրա սկսվելուց ամիսներ առաջ, նույնիսկ սկսվելուց անմիջապես հետո, առաջին օրերին՝ սեղանին դրված կարգավորման նույն փաստաթուղթն ստորագրելով։ Նման հնարավորության մասին, ինչպես ասվեց, նա խոսել է մի քանի անգամ՝ միաժամանակ խոստովանելով, որ այդ դեպքում կունենայինք «շատ ավելի լավ վիճակ»։ Նա ներկայացրել է նաեւ այդ քայլին չգնալու իր շարժառիթը, այն է՝ որպեսզի իրեն չհամարեին «թղթով հող տվող» եւ «դավաճան»։ Սա այլ բան չէ, քան ինքնախոստովանական ցուցմունք՝ երկրի ղեկավարի համար հնարավոր ամենածանր հանցագործության մասին։ Այս հանցագործությունը սողացող ընթացք է ունեցել եւ նույն չափով վերաբերում է նաեւ իր նախորդներին՝ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։
***
44-օրյա պատերազմն ընդամենը վերջին (առայժմ վերջին) դրվագն է այն ահռելի կորուստների եւ արհավիրքների (սա առանձին թեմա է), որոնք ունեցել են Հայաստանը, Արցախը եւ հայ ժողովուրդն ընդհանրապես՝ 1998 թվականից ի վեր։
Դա տեղի է ունեցել երկրի քաղաքական ընթացքը իրատեսական քաղաքականության սկզբունքներից տրամագծորեն շեղելու, այն «հայդատականության» տիրույթ տեղափոխելու հետեւանքով։
Դա տեղի է ունեցել պետական-քաղաքական մտածողության լիակատար բացակայության, անձնական շահը ազգայինից վեր դասելու հետեւանքով։
Այո, թանկ արժեր Արցախը՝ այն ձեռքբերումներով, որոնք առարկայացել էին 1988-1898 թվականներին։ Հետագա 23 տարում, իրոք, «ծախվեց» Արցախը՝ վերածվելով անձերի իշխանության, դիրքի, անձնական հարստության։ Եւ դրա դիմաց վճարեց ոչ թե Ադրբեջանը, այլ նույն Արցախի, Հայաստանի ժողովուրդը՝ իր տված հազարավոր զոհերով, ահռելի զոհողություններով, խեղված ճակատագրերով, վտանգված ներկայով եւ անկանխատեսելի ապագայով։
Եւ սա կայացած պատմական փաստ է։
Կորուստների նման ահռելիության հանդիման, որպես քաղաքական գնահատական սովորաբար տրվող ամենակոշտ՝ «դավաճանություն» բառը մեղմասացություն է թվում այլեւս։
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: