Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում մայիսի 1-ին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք՝ Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:
Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որում Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետով անցնում են հայկական պետհամարանիշներով մեքենաներ, և անցակետի ադրբեջանցի ծառայողները ստուգում են Արցախի քաղաքացիների անձնագրերը, մեքենաները։
«Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար», նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: