Այսօր չորս գերիներ վերադարձել են Հայաստան
Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն»,– ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:
Հայաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ գերիներ են փոխանակել Ռուսաստանի Դաշնության հետ եռակողմ համաձայնագրի շրջանակներում, այսօր հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:
«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի և Երևան են վերադարձվել են չորս հայ գերիներ», - ասել է նա: