Դատավոր Դանիբեկյան. Քոչարյանի պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը:
Դատարանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների վարքագծին, ովքեր չէին ներկայացել նախորդ դատական նիստին, քանի որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին իբր «հնչեցվել են սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին»:
Նշենք, որ դատարանն ավելի վաղ ուսումնասիրել է ձայնագրությունը և որևէ վիրավորանք և սպառնալիք չի արձանագրվել:
Դանիբեկյանը լսեց պաշտպանների պատճառաբանությունը, ինչից հետո որոշում կայացրեց Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառել դատական սանկցիա:
«Պաշտպանի դատավարական պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին և իրականացնել պաշտպանյալների շահերի պաշտպանությունը: Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը:
Դատարանն արձանագրում է, որ պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն, քանի որ պաշտպանների դիրքորոշումներից ակնհայտ է, որ առկա չէր դատարան չներկայանալու պատճառ:
Դատարանն արձանագրում է, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի, Արամ Օրբելյանի, Հայկ Ալումյանի, Ռոբերտ Սահակյանի, Արամ Վարդեվանյանի, Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի կողմից չարամտորեն չեն իրականացվել իրենց դատավարական պարտականությունները, ինչն արտահայտվել է սույն թվականի հունվարի 21-ին դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալով, ինչի հետևանքով խոչընդոտվել է գործի քննության բնականոն ընթացքը:
Այդ պատճառաբանությամբ դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշեց կիրառել դատական սանկցիա` նկատողության տեսքով»,- ասաց Դանիբեկյանը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:
Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին: