Էդգար Շաթիրյանը հրաժարական է տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Իմ քայլը» Էդգար Շաթիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։
Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ։
Շնորհակալ եմ Ազգային ժողովի կառավարող “Իմ քայլը” խմբակցությանն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում հենց իմ թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաև Ազգային ժողովին՝ ինձ վստահության քվե տալու համար»։
Հիշեցնենք, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։