Էդուարդ Աղաջանյան. Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ նիստում հանդես եկավ նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ։
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։ Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԽ-ը, նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանական ԶՈւ-ը` տեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք։ Բանակցությունների արդյունքում զինտեխնիկայի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»,- ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` այս գործողության արդյունքում Ադրբեջանն ամրապնդել է դեռևս 2021թ.-ի մայիսի 12-ից ՀՀ տարածքում իր ունեցած ապօրինի ներկայությունը։
«Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում»։
Աղաջանյանը հայտարարեց, որ սահմանին հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ ու հիշեցրեց, որ մայիսի 12-ից հետո ՀՀ-ը դիմել էր ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անելու առաջարկով։ Բայց մինչ օրս դա կյանքի չի կոչվել։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ՀՀ կառավարությանը կոչ արեց դիմել ՀԱՊԿ-ին ՀՀ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ։
Նշենք՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։