«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Էրո Ասիլյան. Ո՞վ է հակաքրիստոսը

Էրո Ասիլյան. Ո՞վ է հակաքրիստոսը

Ով ականջ ունի, թող լսի…

Հակաքրիստոսը միայն նա չէ, ում անունը Սուրբ Գրքում հիշատակված է որպես սատանայի որդի, ում գալուստն ու երկրի վրա թագավորելը հազարամյակներ առաջ կանխատեսեց Հովհանես Աստվածաբանն իր «Հայտնություն» գրքում։ Նա կգա որպես հաշտարար և միավորող, որպես խաղաղության խոստացող, որպես համամարդկային լուծումների կրող։ Նա կկառավարի յոթ տարի, որոնցից քառասուներկու ամիսը կլինեն ճշմարիտ հավատացյալների իրական հալածանքի ամիսներ, իսկ հազար երկու հարյուր վաթսուն օր նա իր մոլորեցնող իշխանությամբ կիշխի երկրի վրա՝ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։

Հակաքրիստոսը միշտ կգա առանց եղջյուրների։ Նա կգա ժպիտով, խոստումներով, խաղաղության ծրագրերով։ Եվ հենց այստեղ է մեծ փորձությունը, ոչ թե չարի բացահայտ բռնությունը, այլ բարու կեղծ նմանակումը։

Սակայն աստվածաբանական խորքում Հակաքրիստոսը միայն ապագա պատմական անձ չէ։ Նա հոգևոր վիճակ է, մտածողության կերպ, սրտի վիճակ։ Սուրբ Հովհաննեսն իր թղթերում ասում է. «Եվ այժմ շատ հակաքրիստոսներ կան»։ 

Հակաքրիստոս է նա, ով իրեն Աստծուց վեր է դասում՝ բացահայտ կամ քողարկված կերպով։ Դա անբարտավանությունն է, որ ծնվեց դեռևս դրախտում, երբ մարդը ցանկացավ լինել ինչպես Աստված՝ առանց Աստծո։

Հակաքրիստոս է ճշմարտությունը հարաբերական դարձնողը, բարին ու չարը խառնողը, մեղքը նորմալացնողը, խիղճը լռեցնողը։ Նա, ով լույսը կոչում է խավար, իսկ խավարը՝ լուսավորություն։ Նա, ով արդարությունը փոխարինում է օրինականությամբ, իսկ սերը՝ հանդուրժողականությամբ առանց ճշմարտության։

Հակաքրիստոս է նաև այն համակարգը, որը մարդու հոգին վերածում է թվի, արժեքը՝ օգտակարության, կյանքը՝ սպառման։ Այն աշխարհակարգը, որտեղ մարդը կարող է ունենալ ամեն ինչ՝ բացի իմաստից։ Այն քաղաքակրթությունը, որտեղ տեխնոլոգիան աճում է, իսկ հոգին՝ մանրանում։

Սակայն ամենասարսափելին այն է, որ հակաքրիստոսը հաճախ կրում է բարեպաշտության դիմակ։ Նա կարող է խոսել Աստծո անունից, բայց մերժել Քրիստոսի Խաչը։ Նա կարող է քարոզել սեր, բայց ատել ճշմարտությունը։ Նա կարող է խոսել միասնությունից, բայց արմատախիլ անել հավատքը։

Եվ վերջապես, հակաքրիստոսը ապրում է այնտեղ, որտեղ Քրիստոսին դուրս են մղում սրտից։ Որտեղ մարդն այլևս չի հարցնում՝ «ի՞նչ է ճշմարտությունը», այլ միայն՝ «ի՞նչն է շահավետ»։ Որտեղ խաչը ծանր է համարվում, իսկ զոհաբերությունը՝ անիմաստ։

Սակայն Սուրբ Գրքի հույսը մնում է անփոփոխ,  խավարը երբեք չի հաղթում լույսին։ Հակաքրիստոսը, լինի անձ, համակարգ կամ հոգևոր վիճակ, վերջավոր է։ Իսկ Քրիստոսի Թագավորությունը հավիտենական է։

Էրո Ասիլյան