Գտնված զինծառայողներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հոսպիտալ
Երեկ գտնված զինծառայողներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կարեն Շահնազարյանի և Աղասի Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։