«ՀԱԿ»-ի ներկայացուցիչները ծանոթացել են Էյվազլարը շրջանցող ճանապարհի վերակառուցման ընթացքին (լուսանկարներ)
«Սյունյաց Երկիր».Գորիս-Կապան ավտոմայրուղում 2021 թ. ամռանը տեղի ունեցած տագնապալից իրադարձությունները, որոնք որոշակիորեն շարունակվում են նաեւ այս օրերին, հավելյալ վկայություն են այն բանի, որ Գորիս համայնքի մեջ մտնող Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի հետ ճանապահային հաղորդակցության այլընտրանքային ուղիների կառուցումը պահի հրամայականներից է:
Այլընտրանքային ուղիներից մեկը, անտարակույս, կարող է լինել Խոտ-Որոտան՝ դեռեւս 1960-ական թվականներին կառուցված ճանապարհը, որը կարելի է վերագործարկել հիմնանորոգումից հետո:
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը, որ մասնակցում է Գորիս համայնքի ավագանու ընտրությանը, ի սկզբանե կարեւորել է տվյալ ճանապահի վերագործարկումը:
Խազալ կապ կոչվող տարածքով ձգվող այդ ճանապահի գործարկմամբ կբացառվի Շուռնուխ, Որոտան եւ Բարձավան գյուղերի հնարավոր շրջափակումը:Եւ ահա սեպտեմբերի 27-ին մեկնարկել են այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Հոկտեմբերի 12-ին ճանապարհաշինարարներին այցելեցին ՀԱԿ-ի ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ:
Ճանապարհաշինարարներին այցելողների մեջ էին Գորիսի ավագանու անդամի թեկանծուներ Կարեն Լազարյանը, Տիգրան Հայրապետյանը, Նարե Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, ինչպես եւ Տաթեւ համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Լալայանը («Շանթ դաշինք» կուսակցությունից):
Շրջայցին մասնակցում էին ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, վարչության իրավական հարցերի հանձաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը:
Ճանապարհաշինական տեղամասի պատասխանատու Գինեվան Ղազարյանը ՀԱԿ-ի ներկայացուցիչներին հանգամանալից տեղեկություններ հաղորդեց կատարվող աշխատանքների ընթացքի մասին:
Խոտ-Որոտան 10 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը:
Ենթադրվում է, որ հողային աշխատանքները կավարտվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ:
Ճանապարհի հողային շերտը կունենա 12, ասֆալտբետոնե շերտը՝ 6 մ լայնություն:
«Ճանապարհ» ՍՊԸ-ն Բալահովիտից Գորիս է տեղափոխել ժամանակակից եւ հզոր տեխնիկա: Արդեն իսկ տեսանելի են կատարվող աշխատանքների մասշտաբները, որը, հիրավի, ոգեւորիչ է:
Եւ, այդուհանդերձ, ողջամիտ կլիներ, եթե իրականացվող աշխատանքներում ընդգրկեին հավելյալ ուժեր. դա են պահանջում տեղանքի ռելիեֆային բարդությունները, հողային աշխատանքների ենթադրվող ծավալը, այլապես դժվար կլինի մինչեւ տարեվերջ ավարտել աշխատանքների առաջին փուլը: