«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Անկախության 35-ամյակին ընդառաջ․ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը

Հարութ Ուլոյան. Անկախության 35-ամյակին ընդառաջ․ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից:

(Նյութը ծավալուն է, բայց Ղարաբաղյան շարժմամբ հետաքրքրվողների համար այն մեծ հետաքրքրություն պետք է ներկայացնի)

Անկախության 35-ամյակին ընդառաջ․ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը 

Արցախյան շարժման առանցքային իրադարձություններից էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունը, որը փոխկապակցվում է Սպիտակի երկրաշարժի առիթով Հայաստան ժամանած ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի ուղիղ հրահանգի հետ։ 

Այդ ժամանակ մոսկովյան ժողովրդավարական ուժերի անվանի ներկայացուցիչները, այդ թվում՝  «Սախարովյան թիմը», մշտական կապի մեջ էին Արցախյան շարժման ղեկավարության հետ, և այդ իրադարձությունների ընթացքում մշտապես փորձել են աջակցություն ցուցաբերել։

1991 թվականին, մի առիթով, նրանք վերհիշում են այդ իրադարձությունները, և այդ հուշերը տպագրվում են մամուլում։
(որոշ կրճատումներով)
***

«...Մենք նորից հավաքվել ենք։ Այս անգամ՝ հեռակա՝ ամսագրային էջում։ 

Անդրեյ Սախարովը, Գալինա Ստարովոյտովան, Լեոնիդ Բատկինը եւ ես՝ Յուրի Ռոստը։ Հավաքվել ենք, որպեսզի վերականգնենք Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերին կատարված ողբերգական դեպքերը, որի հետքերով գնացել ենք մենք՝ Սախարովի խումբը՝ անկախ հասարակական նախաձեռնությամբ եւ ես՝ իբրեւ «Լիտերատուրնայա գազետայի» թղթակից։

Անդրեյ Դմիտրիեւիչը ի ցավ մեզ (եւ բոլորի) արդեն չկա: Սակայն մնացել են նրա հիշողությունները եւ նա նորից, ինչպես այն ժամանակ Ստեփանակերտում, Երեւանում, Սպիտակում, մեր կողքին է:

Այդ նա էր, ինչպես հիմա ընդունված է ասել՝ ամենաթեժ ու լարված տարածաշրջանը մեկնելու նախաձեռնողը: Սախարովը ցանկանում էր ինքը տեսնել եւ միանգամից (եթե առողջ բանականությունը չկորցրած բավականին մարդ գտներ) օգներ հեռացնելու դժբախտությունը: Նա հավաքել էր այն մարդկանց, որոնց կարծիքը հաշվի էր առնում: Առաջին օրերն էին երկրաշարժից հետո: Աղետ էր, որը հակառակ նորմալ տրամաբանության, սրեց հանրապետության ժողովրդավարական ուժերի եւ կենտրոնի հարաբերությունները։

Սպիտակում եւ Լենինականում կործանվող շենքերի որոտների, Ղարաբաղում ավտոմատների եւ հրացանների ճայթյունների կողքին տեղի ունեցավ «աննշան» մի դեպք, որը կարելի է «պերեստրոյկայի» ժամանակաշրջանում կարեւորագույն համարել՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների կալանումը, մարդկանց, որ ընտրել էին կուսակցական իմպերիալիզմի դեմ առանց բռնության պայքարի մեթոդները։ 

ԳԱԼԻՆԱ ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱ․ — Ինչպես հայտնի է, «Ղարաբաղ» կոմիտեն ձերբակալվեց 1988 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դա նշանավոր օր էր՝ երկրաշարժից երկու օր էր անցել, Հայաստանում համաժողովրդական սուգ էր հայտարարված, դա՝ համաշխարհային հանրության կողմից ընդունված է իբրեւ մարդու իրավունքների պաշտպանության օր եւ, վերջապես, դա երկրաշարժի պատճառով ամերիկյան այցելությունն ընդհատած Գորբաչովի՝ Հայաստանում գտնվելու վերջին օրն էր։

ՅՈՒ․ ՌՈՍՏ. — Զինվորական պահակազորը ձերբակալեց քսաներկու մարդ, որոնք ցույց էին կազմակերպել գրողների միության շենքի մոտ, ուր տեղավորված էր «Ղարաբաղ» կոմիտեի կազմակերպած տուժածներին օգնության շտաբը: Զինվորական պարետը ցուցարարներին վարչական հնգօրյա կալանք տվեց։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Վ. Երինի խոսքերով՝ այդ մարդիկ (նրանց թվում «Ղարաբաղի» առաջնորդներն էին) վիրավորել էին զինվորականներին:

Երինը ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդեց․ — Ժամանակին «Ղարաբաղի» ակտիվիստները, շահարկելով ազգային զգացմունքները, հաճախ էլ՝ հանրապետության նախկին ղեկավարության որոշ սխալները, որոշ հեղինակություն էին ձեռք բերել: Սակայն այժմ, երբ Հայոց հողի վրա մարդկային մեծ վիշտ է, նրանք ծայրահեղական գործունեությամբ վերջնականապես հեղինակազրկել են իրենց։ Ժամանակն է օգտագործել ե՛ւ քաղաքական, եւ՛ վարչական իշխանությունն այդ ապերասան արկածախնդիրներին կանգնեցնելու համար։

ՅՈՒ. ՌՈՍՏ.— «Ղարաբաղ» կոմիտեն աշխատում էր հենց առաջին րոպեներից։ Գրողների տանը նրանք շտաբ կազմակերպեցին եւ իրենց համարում էին կառավարական հանձնաժողովի օգնականներ։

Համատարած խուճապի պարագայում նրանք իրենց վրա վերցրին կոորդինատորի ֆունկցիա, բայց դե՝ «ձեռքերով էլ» վատ չէին աշխատում: Նրանք շտաբներ ունեին Սպիտակում, Լենինականում։ Մոտակա գյուղական շրջաններն էին ուղարկում իրենց ակտիվիստներին։ Կոմիտեն ձեւավորեց տեխնիկայով խմբեր եւ 60-70 ավտոբուսով մարդ ուղարկեց աղետի շրջան:

Կարգավորված էր եւ մարդկանց բացահանումը, եւ ընտանիքներում նրանց տեղավորումը: Հազարավոր մարդիկ ցուցակագրվում էին՝ ցանկանալով ընդունել աղետյալներին եւ որդեգրել որբերին։ Երեւանում խոսակցությունները չէին դադարում։ Եվ կոմիտեականները, օգտվելով իրենց հեղինակությունից, փորձում էին բացատրել մարդկանց երկրաշարժի արհեստականության եւ երեխաներին տեղահանելու կասկածների անհեթեթությունը։

Նրանք հսկողություն սահմանեցին եկող խմբերի վրա, դիմեցին ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին եւ նահանգապետ Ջ. Դոքմեջյանին (երկուսն էլ ծագումով հայ են)՝ խնդրելով կազմակերպել օգնության եվրոպական եւ ամերիկյան ֆոնդերը եւ դրանց նպատակային օգտագործումը։ Այժմ այդ միջոցները պետք է հասնեին հայերին՝ շրջանցելով պետական բաշխումը: Պետք է ենթադրել, որ իշխանությունները դժգոհ էին նման որոշումից։

Դեկտեմբերի 10-ին մի քանի հարյուր կանայք, որ ցանկանում էին որդեգրել որբերի, հավաքվեցին գրողների տան մոտ, ուր «Ղարաբաղի» շտաբն էր։ Նրանց վախեցրել էր Հայաստանից դուրս գտնվող մարդկանց երեխաներ որդեգրելու պատրաստակամությունը ճիշտ չըմբռնելը:

Աշոտ Մանուչարյանը, պարետի թույլտվությամբ, ելույթ ունեցավ հավաքվածների առջեւ և ասաց, որ շնորհակալ են բոլորից պատրաստակամության համար, սակայն նախատեսվում է բոլոր որբերին թողնել Հայաստանում՝ հատուկ մանկապարտեզում։ Իսկ որդեգրման հարցերը կլուծվեն փրկարար աշխատանքներից հետո։

Մարդիկ խաղաղված հեռացան։ Սակայն երկու ժամ հետո նորերը հայտնվեցին։ Շրջանի պարետը հրամայեց նրանց տուն ուղարկել։ Մանուչարյանը խնդրեց այդ անել կես ժամից, քանզի մարդիկ սպասում էին աղետի գոտուց վերադարձող ավտոբուսներին։

Կես ժամ հետո շրջանի պարետը եկավ քաղաքի նոր պարետ գեներալ Մակաշովի հետ: Նրանք պահանջեցին բոլորից անհապաղ ցրվել: Իսկ կոմիտեի անդամներն զբաղված էին փրկարար աշխատանքները կազմակերպելով։

— Ընկեր սպաներ, պատրա՞ստ եք կատարելու ձեր պարտքը,— հանդիսավոր հարցրեց գեներալ Մակաշովը։
— Պատրա՛ստ ենք...

Կալանեցին կոմիտեի սենյակում գտնվող բոլոր անդամներին։

Ալեքսան Հակոբյանն այդ ժամանակ կողքի սենյակում էր, հագուստներն էր տեսակավորում: Նա մտավ շտաբ այն պահին, երբ կալանվածներին դուրս էին տանում։

— Այս ի՞նչ է, «Ղարաբաղ» կոմիտեին բռնո՞ւմ եք,— հարցրեց նա։
— Այո՛, իսկ քե՞զ ինչ է պետք։ 
— Ես էլ եմ կոմիտեի անդամ: 
— Դե ուրեմն դու էլ եկ այստեղ:

Գ. ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱ. — Բոլորը դուրս եկան աստիճանահարթակ։ Այդ ժամանակ դրսից մոտեցավ Համբարձում Գալստյանը։ Նա ինձ պատմեց, որ տպավորությունը հոյակապ էր. առջեւից գնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բարձրահասակ, գեղեցիկ, գլուխը բարձր պահած, ձեռքերը՝ մեջքին, կողքերից՝ երկու ավտոմատավորներ։ 

ՅՈՒ. ՌՈՍՏ. — «Ի՞նչ է կատարվում»,— հարցրեց Համբարձումը Վազգեն Մանուկյանին հայերեն։ Եվ Վազգենը նույնպես հայերեն, որպեսզի պահակախումբը չհասկանա, նկատեց.
— Կորիր այստեղից...

Գալստյանը մտածեց, որ նրանց վարչական կալանքի են ենթարկում:
— Ես ինչո՞ւ պիտի նրանց հետ երեք օր նստեմ։ Թող հանգստանան, իսկ ես՝ կաշխատեմ: 

Գ. ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱ․ — Երեք օր հետո Համբարձումը զանգահարեց ինձ՝ արդեն ընդհատակից եւ պատմեց ձերբակալության մանրամասները։ Մենք Մոսկվայում ցնցված էինք այդ իրադարձությամբ եւ խիստ մտահոգված էինք՝ չիմանալով ոչինչ։ «Ղարաբաղ» կոմիտեի շատ անդամներ ընկերներ ու գործընկերներ էին՝ ազգագրագետներ, սոցիոլոգներ։ Համբարձում Գալստյանն ասպիրանտուրան մեր ինստիտուտում էր ավարտել, Ալիկ Հակոբյանի թեկնածուական թեզը ես էի գրախոսել, Լեւոն Տեր-Պետրոսյանը դոկտորականը պաշտպանել էր Լենինգրադի արեւելագիտության ինստիտուտում, որի հետ իմ աշխատանքը սերտորեն կապված է։

Աշոտ Մանուչարյանը ձերբակալության ժամանակ Մակաշովին ցույց էր տվել Հայաստանի Գերագույն խորհրդի անդամի պատգամավորական վկայականը։ Մակաշովն այն դնելով գրպանն, ասել էր. — «Ահա այսպես, որ դու դրանով չպարծենաս»․․․: Սակայն մի քանի ժամից Աշոտին այսուհանդերձ բաց թողին: Խաչիկ Ստամբոլցյանին բռնեցին «Գթություն» ընկերության վարչությունում, ուր նա զբաղված էր միջազգային օգնությունը բաշխելով։ Նրան փորձում էին մեղադրել կաշառակերության մեջ, իբր իր անունով ստացել է միջոցներ, որոնք նախատեսված էին տուժածների համար: Արտասահմանում լավ գիտեին Ստամբոլցյանին, վստահում էին նրան, եւ հաճախ օգնությունը գալիս էր նրա անունով: Այդ «կաշառակեր տարրը» նույնիսկ տաք հագուստ չուներ, որպեսզի բանտում չմրսեր, իսկ առաջին օրերին նրանք նստած էին Երեւանի մոտ գտնվող Նուբարաշենի ցուրտ մեկուսարանում: Ի դեպ՝ Խաչիկը նույնպես Գերագույն խորհրդի պատգամավոր էր։

ՅՈՒ․ ՌՈՍՏ. — «Մինչ ձերբակալությունը,— ընդհատակից գրում էր Մանուչարյանը,— մենք շատ գործնական համագործակցում էինք քաղաքի նախկին պարետության հետ՝ որոշ դեպքերի հետեւանքների բարդությունից խուսափելու նպատակով։ Մենք մարդկանց զսպվածության կոչ էինք անում, իսկ եթե զորքերի արարքների համար բողոքներ էին լինում՝ հանձնում էինք պարետատուն, ուր օպերատիվորեն լուծում էին։ Ես կարծում էի, որ դրությունը դեռեւս կարելի է փրկել, համաձայնեցի ելույթ ունենալ հեռուստատեսությամբ եւ բնակչությանը կոչ անել հանգստության, կատարվածը գնահատել իբրեւ թյուրիմացություն, եթե կալանվածներն ազատ արձակվեն: Ստանալով հավաստիացումներ, ես հրաժեշտ տվեցի եւ հեռացա՝ վստահ, որ ամեն ինչ կհարթվի»:

Թամանյանի արձանի մոտ նրան գրեթե հազար մարդ էր սպասում՝ շրջապատված զինվորներով։ Մանուչարյանը որոշեց նրանց առաջնորդել քաղաքի կենտրոնով, որպեսզի մարդիկ իմանան կատարվածը: «Ռոսիա» կինոթատրոնի մոտ ճանապարհը փակեցին տանկերը։ Նրանք շարժվեցին դեպի «Գայանե» հանրախանութ, ուր քաղաքի պարետի տեղակալը հայտնեց, որ կոմիտեի ձերբակալված անդամներին քննելու է մոսկովյան դատախազությունը եւ նախազգուշացրեց, որ եթե ամբոխը չցրվի՝ կքշեն։ Սակայն ժողովուրդը չցրվեց։ Երթը շարունակվում էր։ Երկաթուղային կամրջի մոտ ցուցարարների վրա հարձակվեցին զինվորները։ Մարդիկ վազեցին մոտակա պուրակը եւ սկսեցին զինվորականների վրա քարեր նետել։ Սկսվեց ջարդը․․․

Գ. ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱ․ — Չնայած երկրաշարժից ընդամենը մի քանի օր էր անցել, եւ ժողովուրդը դեռեւս կաթվածահար էր, ձերբակալության հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Երեւանում բազմահազարանոց բողոքի ցույց տեղի ունեցավ։ Դրան մասնակցում էին նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի դեռեւս չձերբակալված անդամները։ Ցուցարարների վրա հարձակվեցին տանկերով։ Զինվորները կրակում էին ամբոխի վրա, կային շատ վիրավորներ։ Հրապարակի կողքին երկաթուղային լիցք էր, մարդիկ այնտեղից մանրախիճ էին վերցնում եւ նետում կրակողների, մահակավորների վրա։ Ժողովուրդը գրավեց տանկերից մեկը: Սկսեցին ծեծել զինվորներին։ Այդ ժամանակ Համբարձում Գալստյանը թռավ տանկի վրա, գրկեց մի ջահել վիրավոր զինվորի եւ ծածկելով նրան իրենով, սկսեց ճչալ, որ նրանց ձեռք չտան, որ նրանք անմեղ, հրաման կատարող տղեկներ են: Դրանով նա ինչ-որ չափով հանգստացրեց ժողովրդին, պաշտպանեց զինվորին՝ սեղմելով նրան իրեն։ Ավետիք Իշխանյանը Մոսկվա գալով, ինձ ցույց տվեց գնդակի հետքը, որ մնացել էր այդ ցույցից հետո։ Նա տեսել էր այն սպային, որ նշան էր բռնել իր գլխին, հասցրել էր թեքվել, ու գնդակն անցել էր քունքի ու ծոծրակի շոշափման գծով։ Այդ դրամատիկ դեպքերից հետո սկսվեց ձերբակալությունների ալիքը, եւ վիրավորները վախենում էին դիմել բժշկի։ Ցույցը բռնացրվեց, սակայն հայերը ցույց տվեցին ռեժիմին դիմակայելու իրենց հզոր ուժը:

ՅՈՒ. ՌՈՍՏ․ — Հայաստանի «անկարգությունների» մասին երկիրն իմացավ Գորբաչովի հարցազրույցից։ Հետո թերթերն էլ մեղադրեցին «Ղարաբաղ» կոմիտեին՝ չեղած մեղքերի համար։ «Սուտ է, —հայտարարում էր Մանուչարյանը,— թե իբր շարժման ակտիվիստները չեն մասնակցում փրկարար աշխատանքներին... Ակտիվիստների բացարձակ մեծամասնությունն այժմ գտնվում է աղետյալ շրջաններում, նրանցից ոչ մեկը չի զիջի իր տեղը մինչեւ փրկարար աշխատանքների վերջը: Սուտ է, թե շարժումը դեկտեմբերի 7-ից հետո միտինգ է կազմակերպել։ Սուտ է, թե կոմիտեն մասնակից է խուճապ առաջացնող լուրերի տարածմանը։ Դրանք վախի իներցիայով էին տարածվում, եւ կոմիտեն իր ուժերը ներածին չափով տեղեկանքներ էր հավաքում եւ հանգստացնում մարդկանց: Սուտ է, թե կոմիտեն իշխանության էր ծարավ, կա ներքին որոշում, կոմիտեի ցանկացած անդամ, որը պաշտոն կստանձնի, մեխանիկորեն կորցնում է նրանում լինելու բարոյական իրավունքը։ Սուտ է, թե կոմիտեն դեմ է մարդկանց երկրի առողջարանները հանգստի ու բուժման ուղարկելուն»:

Սակայն թերթերում հայտնվեցին բազմաթիվ մեկնաբանություններ, ուր արտահայտում էին միայն մի՝ «գենսեկական» տեսակետը։ Իսկ բազմոցին հանգիստ նստած հեռուստադիտողին ցույցը բարկացնում էր նաեւ, որովհետեւ նորից հառնում էր Լեռնային Ղարաբաղի թեման։ Ահա բոլորն իրենց բանն ու գործը թողած, գնացել են անշահախնդիր օգնելու հայերին, իսկ կազմակերպության առաջնորդները, փոխանակ դժբախտության ժամին փրկեն ողջերին, հանեն մեռածներին, մաքրեն փլատակներն ու բռնեն դիակապտողներին, հայտարարում են, թե երկրի ձեռնարկած անկեղծ ու մեծ ջանքերը փարիսեցիություն են...

ՍԱԽԱՐՈՎ. — Գորբաչովի այցը աղետի շրջան հարթ չանցավ, նա ստիպված էր շատ մեղադրանքներ լսել դժբախտ, վշտի ու հուսահատության վերջին աստիճանին հասած մարդկանցից, որոնք արդեն ոչինչ չունեին կորցնելու: Նա, հավանաբար, կարծում էր, թե երկրաշարժի ողբերգությունը օրակարգից կհանի ղարաբաղյան հարցը, սակայն դա, իհարկե, տեղի չունեցավ։ Ցավոք, Գորբաչովի ռեակցիան բավականին գրգըռված (ես կասեի՝ նույնիսկ մանկամտորեն նեղացած) էր եւ այդ ողբերգական իրադրությանը ոչ պատշաճ: Նա բարկացած խոսում էր ինչ- որ մորուքավորների մասին, սակայն մորուքը Հայաստանում սգո նշան է։ Նրա մեկնելուց անմիջապես հետո ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները։ Նրանց ձերբակալությունը հսկայական հուզումներ եւ զայրույթ առաջ բերեց ողջ Հայաստանում (նույնիսկ նրանց մոտ, ովքեր համաձայն չէին նրանց ծրագրին)։

Գ. ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱ. — Ձերբակալությունից հետո, նրանք, ովքեր մնացել էին ազատության մեջ, չէին պատկերացնում դրության ողջ լրջությունը։ Խոսելով Համբարձում Գալստյանի հետ, ես հասկացա, որ նա կարծում է, թե կալանքը կտեւի 3-4 օր, եւ ինձ դժվարությամբ հաջողվեց զրույցի վերջում համոզել նրան, որ հեռախոսն հավանաբար գաղտնալսվում է եւ անհրաժեշտ է շտապ հեռանալ բնակարանից: Նրա հեռանալուց տառացիորեն քսան րոպե հետո նրա հին ընկերների՝ քաղաքականությունից հեռու այդ մարդկանց բնակարան ներխուժեցին զինվորներ եւ խուզարկություն անցկացրին: Այդպիսով պարզվեց, որ իմ հեռախոսը նույնպես գաղտնալսվում է եւ, իմանալով իմ կապը Հայաստանի հետ, կարող են գտնել նաեւ կոմիտեի թաքնված այն անդամներին, որոնք կզանգահարեն ինձ։ Ես խիստ մտահոգված էի, եւ անմիջապես գնացի Սախարովի մոտ։ Նա նույնպես խիստ անհանգստացած էր ողջ կատարվածի համար եւ զանգահարեց ու խոսեց տարբեր պաշտոնատար անձանց հետ՝ Չեբրիկովի, Յակովլեւի․․․ Նրանք բոլորն էլ անորոշ պատասխաններ էին տալիս, կրկնում էին միեւնույն ձեւակերպումը՝ նացիոնալիստներ, ծայրահեղականներ։ Ես եւ Սախարովը պայմանավորվեցինք համատեղ գործողությունների մասին:

Երբ մենք Երեւան ժամանեցինք, անմիջապես փորձեցինք ձերբակալվածների հետ հանդիպելու թույլտվություն ստանալ։ Սակայն Սուրեն Հարությունյանը՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղարը, նման թույլտվություն չտվեց։ Արդեն հայտնի էր, որ նա Գորբաչովին է հայտնել ««Ղարաբաղ» կոմիտեի ծայրահեղական, նացիոնալիստական ձգտումների մասին»: Բնական է, որ նա այդ արել էր, երբ զգացել էր, որ իր իշխանությունը, կուսակցության իշխանությունը երերում է։ Մեզ չթողեցին ձերբակալվածների մոտ, ավելին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կնոջը չթույլատրեցին անգամ նրան տաք սվիտեր հանձնել, չնայած նա նստած էր մի խցում, ուր ջերմաստիճանը ընդամենը +7 էր։ Այդ ժամանակ մենք որոշեցինք կազմակերպել Սախարովի հանդիպումը ընդհատակում գտնվողների հետ։ Ես գնացի հետախուզության։ Դա իսկական դետեկտիվ պատմություն է, որը պահանջում է հատուկ նկարագրություն՝ «պերեստրոյկայի» պայմաններում այլախոհության դեմ պայքարի մեթոդների գրքում։ Հանդիպատեղի բնակարան (ուր հեռախոս կար, որով պայմանավորվում էինք հանդիպման մասին) հասնելիս մենք երկար փորձում էինք ազատվել բազմաթիվ «պոչերից»։ Մեծ դժվարությամբ այդ հաջողվեց եւ երբ մտանք բնակարան, ես զարմացա, թե ինչպես նախկինում կոնսպիրացիայի հարցերում անփույթ հայերը այդքան արագ վերափոխվեցին։ Վախենալով, որ իրենց հեռախոսը կգաղտնալսվի, նրանք այն անջատել էին, իսկ խոսակցությունը վարում էին թոշակառու հարեւանուհու հեռախոսով՝ ծեր մի կնոջ, որին երբեք ՊԱԿ-ի հետ կապերի մեջ չես կասկածի։ Այդ հեռախոսով էլ, որի լարը քաշել էին դռան տակից, ընդամենը մի քանի բառ էր ասվում, օրինակ, «մեկնում ենք» կամ «սկսում ենք ութին»: Ես հասկացա, որ Սախարովի համար դժվար կլինի խուսափել լրտեսումից՝ չէ՞ որ նա շատ նշանավոր դեմք է։ Այդ հանդիպմանը մենք որոշեցինք գնալ Լեոնիդ Բատկինի հետ։ Գնացինք Անդրեյ Դմիտրիեւիչի մոտ, պատմեցինք լրտեսման մասին։ Նա ասաց, «Լավ, գնացեք, ես ձեզ կսպասեմ»: Ճիշտն ասած, այդ պահին մենք էլ ձերբակալման վտանգի տակ էինք։ Կարծում եմ, միայն Սախարովի հեղինակությունը, նրա անունն ու մեր առաքելությունը խանգարեցին ՊԱԿ-ին այդ անել։

ՍԱԽԱՐՈՎ․― Երեւանում, ակադեմիայի նիստում, բոլորը խոսում էին «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը չթույլատրելու մասին, այն մասին, որ նրանց անհապաղ արձակումը բավականին կնպաստի երկրում լարվածության թուլացմանը։ Շատ լավ եւ հուզումնալից ելույթ ունեցավ Սիլվա Կապուտիկյանը՝ հայ բանաստեղծուհին։ Խոսեցին ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության, Երեւանի սեյսմիկ վտանգի մասին: Նիստի վերջում ինձ տարան հետին սենյակը, ուր ես հնարավորություն ունեցա հանդիպելու «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվ անդամներից մեկի՝ Ռ. Ղազարյանի հետ։ Նա ֆիզիկոս է, ակադեմիայի թղթակից-անդամ, արդեն ոչ երիտասարդ մի մարդ։ Բոլորի հետ միասին ձերբակալվել էր դեկտեմբերի 10-ին, հետո արձակվել էր չբացակայելու մասին ստորագրություն տալով։

Գ. ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱ․ — Նրան ազատ էին արձակել, հավանաբար, հարգելով տարիքն ու ծառայությունները, որոնք չխանգարեցին սակայն հետագայում եւս ձերբակալելու՝ այն բանից հետո, երբ նա ելույթ ունեցավ ԳԱ ժողովում եւ ասաց, թե իրեն նեղում է հատուկ դրությունը եւ ինքը կցանկանար կիսել իր ընկերների ճակատագիրը։

ՍԱԽԱՐՈՎ․ — Ղազարյանը հատկապես համոզիչ արտահայտվեց «Ղարաբաղ» կոմիտեին հասցեագրվող այն մեղադրանքների առիթով, ըստ որոնց իբր իրենք ձգտում են իշխանությունը գրավելուն և իշխանության գոյություն ունեցող մարմինները ցրելուն։ «Մի՞թե կարելի է հավատալ, որ ես եւ մյուսները, որ հետաքրքիր աշխատանք ունենք եւ այն ժամանակավորապես մի կողմ ենք թողել՝ հանուն ազգի շահերի, կարող ենք նույնիսկ մտքներովս իշխանատենչություն անցկացնել»։ Բատկինը եւ Ստարովոյտովան նույն օրվա երեկոյան կարողացան գաղտնի հանդիպել «Ղարաբաղ» կոմիտեի ընդհատակում գտնվող անդամներին:

Գ. ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱ.— Մենք բավականին բարդ ճանապարհ անցանք՝ մինչև պոկվեցինք «պոչերից»։ Մի տեղ լրտեսումը վերսկսվեց, սակայն նրանք, որ ուղեկցում էին մեզ իրենց մեքենայով, խցանեցին Երեւանի հին թաղամասի՝ Կոնդի նեղ նրբանցքներից մեկը: Վերջապես, Բատկինի հետ հասա անհրաժեշտ տեղը.․․

Մենք զրուցեցինք համարյա մեկ ժամ, փորձելով ստեղծված իրադրությունից ելք գտնել։ Մեր դատողությունները հանգում էին նրան, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ ազդել երկրի ղեկավարության վրա, փորձել բացահայտել նրանց սխալները, համոզել, որ կոմիտեի անդամները ծայրահեղականներ չեն, այլ ընդհակառակը՝ այն ուժն են, որը ժողովրդին հետ էր պահում ծայրահեղական քայլերից նույնիսկ «Զվարթաննոց» օդավակայանի դեպքերից հետո, երբ ծեծվեցին ու խեղանդամվեցին խաղաղ բնակիչները, Սումգայիթից հետո, երբ հենց կոմիտեի շնորհիվ չթափվեց ադրբեջանցիների ու ռուս զինվորների արյունը։

Պայմանավորվեցինք, որ Աշոտը կնկարագրի շարժման պատմությունը, նրա նպատակներն ու մեթոդները, իսկ մենք պարտավորվեցինք այն հասցնել կենտկոմ։ Մշակվեց նաեւ պլան, ըստ որի Աշոտը պետք է, փոխելով արտաքինը, անձնական ավտոմեքենաներով հասներ Թբիլիսի, այնտեղից՝ Մոսկվա, ուր ես պետք է դիմավորեի նրան եւ անցկացնեի կենտկոմ: Մենք հույս ունեինք, որ նրան կլսեն, իսկ հետո՝ ոչինչ, թող ձերբակալեն։ Մենք, իհարկե, ենթադրում էինք, որ նրանք բանը նման սկանդալի չէին հասցնի։ Պատրաստվում էինք դիմել բոլոր միջազգային կազմակերպություններին: Սախարովը մեզ աջակցեց: Սակայն Աշոտին ձերբակալեցին ավելի շուտ:

ՅՈՒ. ՌՈՍՏ. — Նրանք հավաքվեցին հանդիպատեղի-բնակարանում։ Սակայն, հավանաբար, ինչ-որ մեկը բավարար չափով զգույշ չէր եղել եւ իր հետեւից «պոչ» էր բերել։ Նրանց բոլորին ձերբակալեցին 1989 թվականի հունվարի 7-ին:

Սկզբում հսկողության տակ պահեցին 30 օր: Հետո տեղափոխեցին հետաքննչական մեկուսարան, ուր չէին տալիս ոչ թերթ, ոչ ծխախոտ։ ԶԷԿ-երը նրանց ծխախոտ էին փոխանցում պարանով՝ լուսամուտից, դրանից հետո լուսամուտները մեխեցին: Հետո բոլորին տեղափոխեցին Մոսկովյան բերդեր՝ «Մատրոսկայա տիշինա» եւ «Բուտիրկա»։

Մի անգամ, գարնանը, լուսադեմին Բուտիրկայի դիմացի շենքի տանիքին հայտնվեց մի տղամարդ։ Նա բացեց պատյանը, հանեց շեփորը, եւ մոսկովյան լուսաբացը լցվեց հայկական այն երաժշտության հնչյուններով, որով սկսվում էին Երեւանի բոլոր միտինգները:

Գ. ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱ․ — Լեւոն Տեր-Պետրոսյանը քսանութ օր նստեց Սովետաշենի մեկուսարանի մենախցում։ Այնտեղ նա ծանր հիվանդացավ, ուռուցք թոքերին ու ողնաշարին։ Ազատվելուց հետո նա բարդ, վեցժամյա վիրահատություն տարավ։

ԽՍՀՄ ժողպատգամավորների առաջին համագումարը ազատման խթան հանդիսացավ: Մայիսի 27-ին, համագումարի երրորդ օրը, մենք՝ Յուրի Կորյակինը, Յուրի Ռոստը եւ ԽՍՀՄ ժողպատգամավոր Կարեն Սիմոնյանը գնացինք Բուտիրյան բանտ, ցույց տվեցինք անցաթղթերը։ Երբ բանտապետին զեկուցեցին, թե ովքեր են եկել, նա թույլատրեց անցնել իր առանձնասենյակը, սակայն չթույլատրեց հանդիպել ձերբակալվածներին։ Այդ ժամանակ մենք պահանջեցինք, որ մեզ պարզապես թույլ տան խցիկի դիտանցքից տեսնել նրանց, որովհետեւ արդեն կես տարի նրանց հետ ոչ մի կապ չկար։ Մենք լսել էինք, որ կոմիտեի անդամները հացադուլ են հայտարարել եւ ցանկանում էինք համոզվել, որ նրանք ողջ ու առողջ են։ Պետը տատանվում էր, եւ ես հայտարարեցի, որ եթե հիմա նա այդ չթույլատրի, վաղը ես այդ մասին կհայտարարեմ համագումարի ամբիոնից: Նա ասաց. «Այո, ես հիշում եմ, որ Դուք երեկ կտրուկ էիք խոսում Լուկյանովի թեկնածության առթիվ, Դուք ընդունակ եք այդ անելու»։ Մենք անցանք բանտ։ Խցիկի դիտանցքից ես տեսա Ռաֆայել Ղազարյանին: Վանո Սիրադեղյանը գիրք էր կարդում՝ ողջ ու առողջ էր։ Նա եւ մյուս բոլորը նստած էին քրեականների հետ: Հետո ես տեսա Աշոտ Մանուչարյանին: Նա շատ էր նիհարել, դեմքը հողագույն էր։ Նա նույնպես նստած էր քրեականների հետ, որոնցից մեկը տեսնելով, որ դիտանցքից նայում են, կանչեց մյուսներին։ Ես մի քիչ հեռացա դիտանցքից, եւ Աշոտը ճանաչելով ինձ, գոռաց․ «Գալյա, ողջույն, ինչպե՞ս են մերոնք այնտեղ»։ Ես չհամբերեցի եւ չնայած չզրուցելու խոստմանը, ճչացի․ «Ոչինչ, ամեն ինչ լավ է, ձեր գործն էլ շուտով հաջող կլինի»։

Այդ ժամանակ մենք դիմեցինք Սուխարեւին եւ Գորբաչովին, հավաքեցինք պատգամավորների հարյուրավոր ստորագրություններ։ Ընդմիջումներին մենք Սուխարևի շուրջ պատգամավորների խմբեր էինք հավաքում եւ կոմիտեի անդամների ազատ արձակում պահանջում: Սախարովի նախընտրական ծրագրի կետերից մեկը «Ղարաբաղ» կոմիտեի ազատման պահանջն էր։

Այդ ժամանակ քննիչները համոզում էին ձերբակալվածներին, թե ողջ աշխարհն արդեն իրենց մասին մոռացել է, եւ ոչ ոք նրանց չի փրկի։ Աշոտ Մանուչարյանի հարցաքննության ժամանակ քննիչը պատահաբար սեղանին դրեց «Մոսկովսկիե նովոստի» թերթի համարը՝ Սախարովի նախընտրական ծրագրով: Աշոտը հայացքով բռնեց ծրագրի իրենց վերաբերող կետը եւ ասաց, «Այդ ինչպե՞ս են բոլորը մոռացել, ահա՝ Սախարովը գրում է...»: Քննիչը դիվահար եղավ՝ իր հոգեբանական մշակումները հօդս ցնդեցին: Իսկ երեկոյան Աշոտը հին ու փորձված մեթոդով «տկտկացրեց» եւ նորությունը հաղորդեց բոլոր ընկերներին:

Հասանք Համբարձում Գալստյանի խցին: Նա տասնվեց օր հացադուլ էր արել, քսան կիլոգրամ քաշ էր կորցրել: Նրան նստեցրել էին հոգեկան անհավասարակշիռ մեկի հետ, որը մարդասպան էր՝ երկու մարդ էր խեղդել։ Վերջինս անընդհատ քայլում էր խցում, լալիս էր, ճչում։ Համբարձումը գիշերները պարանոցը փաթաթում էր հաստ սվիտերով, վախենալով, որ հարեւանը կարող է իրեն խեղդել։ Այդ հոգեկանի մռութն էլ հենց երեւաց դիտանցքից։ Ես նրան խնդրեցի կանչել Համբոյին: Սեմյոնովը՝ բանտապետը, քաշեց ձեռքիցս եւ ասաց, «Գնացինք, գնացինք»: Համբարձումը տեսավ ինձ եւ ընկավ դռան վրա։ Նա՝ նախկին սամբիստը, դեռեւս ուժեղ էր. «Գալյա, դեռ ինչքա՞ն պիտի մենք այստեղ նստենք»: Ես ասացի․ «Դիմացիր քիչ էլ...»։ Երկու օր հետո նրանց ազատ արձակեցին։ Ոչ մի մեղադրանք չներկայացվեց: «Հանգամանքները փոխվելու պատճառով»՝ այսպիսին էր ձևակերպումը։
 
«Ղարաբաղ» կոմիտեի դեմ գործն ու ուղեկցող միջոցառումները կայսերապետական կուրսի ռեակցիոն ուժերի «առաջին գրչափորձն» էր։ Եվ հարցը, որը հիմա տալիս է աշխարհը, մենք՝ հայկական դեպքերին ինչ-որ կերպ առնչված մարդիկ, տալիս էինք դեռ այն ժամանակ՝ «Ո՞վ է հրաման տվել»:

Այն կատարվել էր կեղծ ինֆորմացիայի հիման վրա, թե՞ Գորբաչովն ինքն էր պատրաստ վերադառնալ բռնության մեթոդներին։ Ցանկացած պարագայում, արդեն այն ժամանակ, մենք իմացանք, որ մեր ղեկավարը ոչ ճշգրիտ կամ ոչ լրիվ իրազեկության պայմաններում կարող է գործել զգացմունքների ազդեցության տակ, որ նա չի հասկանում ազգային հիմնախնդիրների էությունը եւ ազգային զգացումները եւ նույնիսկ չի փորձում ծանոթանալ մանրամասներին, վերլուծել։ Մենք իմացանք, որ երկրի պրեզիդենտը ընդունակ է օգտագործել հարյուրավոր կյանքեր կորցրած երկրաշարժի՝ ժողովրդական այդ մեծ աղետի ցնցակաթվածը։ Հայաստանում բոլորին ցնցեց նրա հրաժեշտի հարցազրույցը՝ օդանավակայանում, երբ նա իր զայրույթն էր թափում «մորուքավոր - սեւ հարյուրակայինների» վրա։

Այսօր շատ բան է հասկանալի։ Եվ, իհարկե, բանն այն չէ, որ Գորբաչովին դուր չէին եկել սեւ վերնաշապիկներն ու մորուքները։ Պարզապես այն ժամանակ Հայաստանում կայսրության տարածքում առաջին անգամ երերաց «պարտոկրատիայի» իշխանությունը, Հայաստանում ազգային-ժողովրդավարական շարժումն այն ժամանակվա համեմատ չտեսնված թափ ու ուժ էր ձեռք բերել։ Սակայն այդ մասին քիչ գիտեին եւ քիչ գիտեն առայսօր: Շարժումը սահմանափակված չէր ղարաբաղյան հիմնահարցով, այլ կար նաեւ իշխանության կառուցվածքների վերափոխման, կուսակցության մենիշխանությունից ազատվելու ձգտում: Ահա թե ինչն էր կարմիր կտորի պես գրգռում կենտրոնին: Տեղի էր ունեցել Հայաստանի ԳԽ անկախ նստաշրջանը, որը ընդունել էր միութենականի նկատմամբ հանրապետական օրենքների գերակայության մասին աննախադեպ որոշումներ:

Կենտրոնի իշխանության նկատմամբ ժողովրդի անվստահությունը գագաթնակետին հասավ երկրաշարժից եւ ազգային-ժողովրդավարական շարժման ջախջախման փորձից հետո: Ծնվեց մի տխուր անեկդոտ, հայկական ռադիոյին հարց են տալիս. «Ինչպե՞ս է Գորբաչովը պատրաստվում ազգային հարցերը լուծել ոչ սեյսմիկ գոտիներում...»։ 

“Искусство кино”, 1991թ․
Թարգմանությունը՝ «ՀՀ»