Հարութ Ուլոյան. Մի բան է.. և լրիվ այլ բան է...
- Մի բան է, երբ Պատմական Հայաստանի խոսույթն ու դրա առանձին տարրերը (օրինակ՝ «Աղդամն իմ հայրենիքն է», «Արցախը Հայաստան է և վերջ», «ոչ թե գրավյալ տարածքներ, այլ՝ ազատագրված սուրբ հայրենիք, որը չեն զիջում») տեղ են գտնում ժողովրդի կամ ընդդիմության բառապաշարում, լրիվ այլ բան է, երբ նման խոսույթները շրջանառվում են պետական մակարդակով;
- Մի բան է այն, որ Պատմական Հայաստանն ու դրան վերաբերող խոսույթները չեն կարող տեղ ունենալ Հայաստանի պետական քաղաքականության մեջ, լրիվ այլ բան է պատմությունից, արժեհամակարգից, սիմվոլիկայից հրաժարվելուն ուղղված պետականորեն իրականացվող պրոպագանդան;
- Մի բան է Քոչարյանին ու Սերժին մեղադրել Ղարաբաղի հարցի կարգավորումը ձգձգելու, մեր դիրքերը թուլացնելու, ամեն գնով ստատուս քվոն պահպանելու ցանկության, պետական միջոցները թալանելու ու վատնելու, Ղարաբաղի՝ մեր համար նպաստավոր կարգավիճակի վերաբերյալ պատրանքներ ունենալու մեջ, լրիվ այլ բան է նրանց մեղադրել այն բանում, թե Ղարաբաղը նրանք են կործանել ու «գցել են խեղճ Նիկոլի ջեբը», կամ եթե Նիկոլը չլիներ, էլի նույն արդյունքն էր լինելու;
- Մի բան է, երբ մենք քննադատում ենք Ղարաբաղի քաղաքական ղեկավարության կողմից տարիներ շարունակ իրականացված քաղաքականությունն ու նրանց կրավորական կեցվածքը, կամ՝ մի բան է, երբ մենք նրանց էլ ենք համարում պատասխանատու՝ Ղարաբաղի կորստի համար, լրիվ այլ բան է երբ ինչ-որ մարդիկ, տուրք տալով իշխանական պրոպագանդային, իրենց բավարարված են զգում այն հանգամանքից, որ Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվում՝ պատանդի կարգավիճակում;
- Մի բան էին Ղարաբաղի վերաբերյալ Լևոնի թեզերը, որոնք թելադրված էին հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղություն հաստատելու հրամայականով, լրիվ այլ բան է այդ թեզերի մերժմամբ պատերազմի հրահրումը, կրած պարտությունն ու դրանով թելադրված, առաջին հերթին, Նիկոլի կողմից շարունակաբար իրականացվող անսկզբունքային՝ ռեակցիոն ու խամաճիկային «քաղաքականությունը»;
- Մի բան է ռուսներին, ինչպեսև՝ ՄԱԿ-ին, Մինսկի խմբին ու այն համանախագահող մյուս երկու երկրներին՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային մեղադրել, անկախ Նիկոլի «քաղաքականությունից» կամ ուկրաինական իրադարձություններից, իրենց առաքելությունը չկատարելու, ղարաբաղցիների տարրական իրավունքները չպաշտպանելու մեջ, լրիվ այլ բան է նրանց մեղադրել Ղարաբաղյան հակամարտությունը «չսեփականացնելու»՝ ադրբեջանցիների դեմ չկռվելու, Ղարաբաղի անկախությունը չճանաչելու, կամ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու ու «խեղճ Նիկոլի ջեբը գցելու» մեջ;
- Մի բան է համարել, որ ապագայում կարող է հնարավորություն ստեղծվի Ղարաբաղ վերադառնալու, լրիվ այլ բան է այդ ենթադրվող հնարավորությունն օրակարգային հարց դարձնելը, այն էլ՝ Նիկոլի դեմ պայքարում;
- Մի բան էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի և Նախիջևանի միջև «անխոչընդոտ տեղաշարժն» (!!!) ապահովող տրանսպորտային հաղորդակցություն տրամադրելու վերաբերյալ խոստումը, որը փոխպայմանավորված էր Հայաստանի հետ Ղարաբաղի անխոչընդոտ կապն ապահովող Լաչինի միջանցքով (!!!), լրիվ այլ բան է ս․թ․ օգոստոսի 8-ի ամերիկյան հռչակագրով նախատեսվող Ադրբեջան-Նախիջևան «անխոչընդոտ հաղորդակցություն» (!!!) տրամադրելու վերաբերյալ Հայաստանի միակողմանիորեն ստանձնած պարտավորությունը;
- Մի բան է, երբ ժողովուրդը քննադատում է Բանակում հաստատված վարքն ու բարքը, այլ բան է, երբ իշխող պրոպագանդան է թիրախավորում Բանակին, այն էլ՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուց ու Ղարաբաղը թոկ համարելուց հետո;
- Մի բան է չկիսել ընդդիմության ու Եկեղեցու, կամ նրա կոնկրետ շրջանակների կողմից գեներացվող խոսույթները, հնչող այլընտարնքները, կամ՝ մի բան է նրանցից որոշներին համարել օլիգարխներ, որոշներին՝ նախկին թալանիչներ, լրիվ այլ բան է հանդուրժել ու չտեսնելու տալ ներկայիս իշխող պրոպագանդայի կողմից նրանց դեմ իրականացվող ապօրինությունները, կեղծվող փաստական նյութերն ու էժանագին մեղադրանքները;
- Մի բան է, երբ եկեղեցականներին քննադատում են սովորական մարդիկ, այլ բան է, երբ իշխող պրոպագանդան է իր կեղտոտ ձեռքերով ներխուժում Եկեղեցի:


