«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Որոշ արձանագրումներ

Հարութ Ուլոյան. Որոշ արձանագրումներ

 Որոշ արձանագրումներ

1. Հարգելիներս, Հայաստանն ու Ադրբեջանը 35 տարի շարունակ սնիկերսի կամ տվիքսի կռիվ չեն արել, որ մի օրում օրգազմի հասնող ճոռոմաբանությամբ «խաղաղություն» եք տոնում:

2. Վերջին տարիներին փաշինյանական «քաղաքականությունն» ուղղված է եղել բացառապես պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելուն: ԱՄՆ-ում տեղի ունեցած բեմադրությունն էլ ամբողջությամբ պետք է դիտարկել այս համատեքստի շրջանակներում:

3. Մի կողմից «վերջնական խաղաղություն» են տոնում, մյուս կողմից հույս են հայտնում, թե նախաստորագրված հուշաթերթիկն իրականություն կդառնա ու կվերածվի խաղաղության պայմանագրի:

4. Մինսկի խումբը ցրելու ադրբեջանական պահանջի կատարումը, Փաշինյանը բացատրում է այն հանգամանքով, թե «Մինսկի խմբի գոյությունը կարող էր կողմերի մոտ կասկածներ առաջացնել մյուս կողմի անկեղծության մասին»: 
«Կողմերի մոտ», - նույնսիկ այս դեպքում Փաշինյանն անկեղծ չէ և չի նշում հենց բուն կողմի՝ Ադրբեջանի անունը: Ինչո՞ւ չի նշում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հայկական կողմն էլ էր շահագրգրված Մինսկի խմբի ցրմամբ: Այնինչ եփած հավի համար էլ է ակնհայտ, որ հայկական կողմը որևէ շահագրգռություն չէր կարող ունենալ Միսկի խումբը ցրելու հեռանկարից, և դրան համաձայնելն ընդամենը հայկական կողմի հերթկան միակողմանի զիջումն էր:

5. Խոսում են փոխադարձությունից, բայց թեկուզ հենց Մինսկի խումբը ցրելու ադրբեջանական պահանջի դիմաց չեն կարողացել ամրագրել Ադրբեջանում պահվող գերիների ու պատանդների ազատ արձակման հստակ հավաստիություն: Այս դեպքում, մի՞թե հայ ժողովրդի մոտ, ինչպես Փաշինյանն է նշում, չի կարող «կասկած առաջանալ մյուս կողմի անկեղծության մասին»:

6. Ներքին լսարանի համար տարբերություն չդնելով Ադրբեջանում պահվող գերիների և, ըստ էության, պատանդի կարգավիճակ ունեցող Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության միջև, լուծվում է հարցն անլրջացնելու խնդիր՝ այն համատեքստում, որ մի քանի գերիների հարցը խոչընդոտ չէ´ բաղձալի ու հավիտենական խաղաղության հասնելու համար: Այդ տարբերակումը, եթե Փաշինյանն էլ չանի, ապա թե´ միջնորդները, թե´ Ադրբեջանը, վստահաբար, անում են: 
Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն անհատներ չեն, որոնք պատահականության արդյունքում են հայտնվել Ադրբեջանում: Նրանց առևանգումն ու պատանդառումն ի սկզբանե ունեցել է 2 նպատակ. առաջին՝ ապահովել ներադրբեջանական շոու, երկրորդ՝ նվաստացնել Հայաստանին ու ողջ հայ ժողովորդին: Քանի դեռ այդ մարդիկ, մյուս գերիների հետ միասին, գտնվում են Ադրբեջանում, «խաղաղության» մասին խոսելն ուղղակի ողորմելության դրսևում է:

7. Երբ սկսում ես հակափաստարկներ ներկայացնել փաշինյանական «խաղաղության» գործընթացի վերաբերյալ, նույնսիկ ամենաբարձր մակարդակով պատասխանը լինում է հետևյալը՝ «մենք պարտված կողմ ենք և մեր հնարավորություններն այսքանն են, հակառակ դեպքում կլինի պատերազմ»։ Շատ կուռ տրամաբանություն է, ինչ խոսք: Բայց այդ դեքում, դուք ո՞նց եք այս գործընթացի անունը դնում «խաղաղություն» այն էլ՝ «նվաճումային ու դարակազմիկ խաղաղություն»: 
Երբ դու ինչ-որ պահանջների, այն էլ՝ նախկինում քո համար անընդունելի պահանջների, համաձայնվում ես պատերազմի ճնշման ներքո, դու ո՞նց կարող ես դրա անունը դնել «խաղաղություն» կամ «նվաճում»...

8. Ցո´ւյց տվեք թեկուզ մի դրույթ, Հայաստանի պահանջ, թեկուզ մի պարտավորություն, որը վերջին 5 տարիներին Ադրբեջանը միակողմանիորեն իրականացնել, կամ, թեկուզ, ստանձնել է: Չկա´: Հակառակը՝ որքան ուզեք:

9. Ամենաանբարոյական դրսևորումն, իհարկե, այս գործընթացի համատեքստում մեր նահատակների անունը շոշափելն է: Ու սա, ևս, արվում է պարտությունը որպես հաղթական ներկայացնելու նպատակով:

10. Որպես ներկայիս գործընթացի առավելություն, իրավիճակը համեմատում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: 
Մի հատ գնացեք նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները կարդացեք: Ողջ տեքստը ադրբեջանական զիջումների մասին է: Նույնսիկ Փաշինյանն էր սկսել դրա դրույթներն աննախադեպքության շրջանակներում թմբկահարել: Մոռացե՞լ եք: 
Ու այնպես են խոսում, կարծես նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի մարդ էր համաձայնեցրել ու ստորագրել, իսկ ներկայիս հայտարարությունը՝ մեկ այլ:

11. Ինչո՞ւ է ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթղթի «Թրամփի ուղուն» վերաբերող 4-րդ կետն ընդգրկվել եռակողմ փաստաթղթում, որի տակ ստորագրել է նաև Ալիևը: Տվյալ դրույթում Ադրբեջանին վերաբերող ոչ մի միտք չի արտահայտվում, այլ խոսվում է Հայաստանով անցնող հաղորդակցության ուղու վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան պայմանավորվածության մասին: 
Սա ուղղակի վկայությունն է այն բանի, ինչի մասին մի քանի օր առաջ հայտարարել էր Ալիևը, այն է՝ Հայաստանով Ադրբեջանից դեպի Նախիջևան անցնելիս ադրբեջանցիները չպետք է հայերի տեսնեն և, ընդհակառակը, Ադրբեջանի տարածքում որևէ օտար սպասարկողներ չե´ն լինելու: Այսինքն, տվյալ դույթն այն բանի մասին է, որ Հայաստանով անցնող «Թրամփի ուղու» մասով Ադրբեջանն արտոնություններ է ունենալու: Եթե արտոնությունները լինելու են փոխադարձ, ինչո՞ւ, այդ դեպքում, Ադրբեջան-Նախիջևան անցումը հիշատակմանը զուգահեռ չի նշվում նաև, օրինակ, Նախիջևանով Երասխից-Մեղրի անցումը:

12. Ու ո՞րն էր այս, իբր, «հավիտենական խաղաղության» գինը: Ղարաբա՞ղը: Այո´, Ղարաբաղը: Ու դուք դա հանգիստ շնչով եք, չէ՞, ասում: Բա դրանում ձեր ու կամ ձեզ սատարողների արժանիքը ո՞րն է. որ դուք վերջիվերջո «հասկացել» եք, որ «խաղաղության» հասնելու համար պետք է Ղարաբաղից ու սեփական շահերից հրաժարվե՞լ: Ու նախկիններն էին, այո՞, խելագար, որ այդ պարզ ճշմարտությունն այդպես էլ չէին հասկանում. խաղաղության գինը հանձնելն ու աշխարհաքաղաքական աճուրդում հայտնվելն է:

Իհարկե, հիմա կրկին պնդելու եք ձեր՝ «այս ամենը ստեղծված ներկայիս հնարավորություների հետևանք է, հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի» թեզը: Պնդե´ք: Բայց հենց դրանով իսկ, ինչպես վերևում նշեցի, դուք ապացուցում եք, որ ներկայիս գործընթացների մասով ոչ միայն ոգևորվելու նշույլներ չկան, այլև՝ իշխանությունները որևէ արժանիք չունեն դրանում: Կամ, ավելի ճիշտ, նրանց միակ «արժանիքն» այն է, որ համաձայնվում են բոլոր պահանջներին, ինչ է թե հանկարծ պատերազմ չլինի, որ իրենք իշխանության մնան:

Հարութ Ուլոյան