«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Փաշինյանի 44-օրյա «հաղթանակը»

Հարութ Ուլոյան. Փաշինյանի 44-օրյա «հաղթանակը»

Քանի օր է քաղհասարակական կյանքը քննարկում է Փաշինյանի այն գրառումները, որտեղ վերջինս հպարտորեն նշում է, թե Հայաստանում հայերը սկսել են լավ ու երջանիկ ապրել, որի ապացույցը Վարդավառի տոնին մարդկանց զանգվածային մասնակցությունն էր:

Թե որքանո՞վ են հայերը սկսել լավ ապրել, կամ որքանո՞վ է Վարդավառի տոնին մարդկանց մասնակցությունը վկայում մարդկանց երջանիկ լինելու մասին, թող յուրաքանչյուրն իր մասով մտածի: 
Բայց ո՞րն է Փաշինյանի քաղաքական մոտիվացիան: Իսկ դա մեկն է. մոռացության մատնել 44-օրյա պատերազմի պարտությունն ու դրա հետևանքները, մոռացության մատնել Արցախի հայաթափումը:

Առհասարակ, իր՝ Փաշինյանի վերջին տարիների քաղաքականությունը միտված է եղել միայնումիայն այդ խնդիրը լուծելուն: Իսկ քանի որ նա հասկացել է, որ այդ խնդիրը «լուծել» նա ի զորու չէ, նա փորձում է լուծել մեկ այլ խնդիր, այն է՝ 44-օրյա պատերազմի պարտությունն ու դրա հետևանքները ներկայացնել, ոչ ավել, ոչ պակաս, որպես ձեռքբերում՝ հաղթանակ:

«Իրական Հայաստան», «Կրթվելը նորաձև է», «Իրական Հայաստանի սահման», «50 տոկոսով լավ ապրել», «ինքնիշխանություն», «խաղաղության խաչմերուկ», «եվրոպական ապագա», «ասֆալտապատ ճանապարհներ», «ապագա կա´»... վերջիվերջո՝ «Վարդավառի տոնախմբության բազմամարդություն», «հուսահատություն չկա´»... Այս ու նմանատիպ խոսույթներն ինչի՞ համար են: Հենց դրա´ համար են: Որպեսզի պարտությունն ընկալվի որպես ձեռքբերում:

Այո´, հենց այս քարոզչության մաս է կազմում նաև Փաշինյանի մեկ այլ թեզը, որը նա պարբերաբար կրկնում է, այն է՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսության որդեգրումը, այդ թվում՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը, պետք է ավելի վաղ իրականացվեր»:

Եթե այս ամենը մեկտեղենք, ապա կատարյալ կերպով կստանանք հենց այն պատկերը, որտեղ պարտությունն անխուսափելիորեն որպես ձեռքբերում պետք է ընկալել:

Եթե չլիներ այդ «ձեռքբերումը», ապա մենք ո´չ «Իրական Հայաստան» կունենաիք, ո´չ սահման, ո´չ կկրթվեինք, ո´չ լավ կապրեինք, ո´չ ինքնիշխան կլինեինք, ո´չ ասֆալտ կլիներ, ո´չ ապագա կունենաինք... այն էլ՝ եվրոպական... ու ոչ էլ Վարդավառ կտոնեինք. հուսահատությունից ուղղակի կմեռնեինք: Իսկ քանի որ Նիկոլի պես Աստծո մի պարգև ունենք, ով 44-օրյա «հաղթանակի» գնով «Իրական Հայաստան» է կառուցում, ապա մեզ ոչինչ չի մնում անելու, քան՝ երջանկությունից մեռնել:

Հարութ Ուլոյան