«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը

Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 

Սասունցի Դավթի հանդիպումը Ս. Սարգսի հետ

Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.

- Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:

Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջևանց թոզ ու դուման կիգա: 

Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է: 

Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.

- Հանե քո Սըփ Նշան, ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:

Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:

- Դե գնա, - ըսեց, - Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:

Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

Ըստ Փավստոս Բուզանդի      

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար նա պատժվում է և 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Ս. Սարգիսը:

(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2024-01-27, 2025-02-15, 2026-01-31, 2027-01-23, 2028-02-12, 2029-01-27, 2030-02-16։