Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել
ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել
Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Այս մասին ասված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
«Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում: