Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը։ Դեսպանությունը ֆայսբուքի պաշտոնական էջում հայտնում է, որ որոշման պատճառը մեր երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացումն է։
Այսպիսով, հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կասեցվում է քաղաքացիների մուտքը դեսպանատան հյուպատոսական բաժին՝ բոլոր հյուպատոսական, նոտարական և պետական ծառայությունների մատուցման համար:
Միաժամանակ նշվում է, որ սահմանափակումների ժամկետը կարող է երկարաձգվել։
Հյուպատոսական ընդունելությունը վերսկսելու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Covid-19-ի տարածման և զարգացման տեմպերը։
«Ժամանակավոր կացության թույլտվության ձևակերպման հարցերով ընդունումը, որն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (միգրացիայի հարցերով) ներկայացուցչությունում, նույնպես ժամանակավորապես կասեցվում է: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների, անհետաձգելի դեպքերում անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել consarmenia@mid.ru էլեկտրոնային հասցեին։
Նշվում է, որ հնարավորության դեպքում կբավարարվեն միայն հյուպատոսական սպասարկման հայտերը։ Շեշտվում է՝ բացառապես արտակարգ և հումանիտար ծանրակշիռ հանգամանքների առկայության դեպքում։
Նորությունների մասին դեսպանությունը կտեղեկացնի պաշտոնական կայքէջում։
Դեսպանությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 77837 դեպք։ Մեկ օրում թեստի դրական պատասխան են ստացել 2314 պացիենտ։