Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով Երևանի ավագանու հատուկ նիստը (ուղիղ)
Մեկնարկեց Երևանի ավագանու հատուկ նիստը, որում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Նիստը վարում է Հայկ Մարությանը։ Օրակարգը ներկայացնելուց հետո Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանն ու Գայանե Վարդանյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել։
Նշենք, որ երեկ նախատեսված էր Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց էր, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց նիստը և այն չկայացավ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։