ՀՀ ՄԻՊ. Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները ՀՀ Երասխի հատվածում հանցավոր են
Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
«Այս մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը:
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող»:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: