ՀՀ պաշտոնյան գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի կոնֆերանսում. իրավապաշտպան
Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը հայ գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) միջոցառմանը, փոխարենը ակտիվ են եղել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը անցկացվում է «Մարդկային չափում-2025» միջազգային կոնֆերանսը` նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Վարշավայի կոնֆերանսին մասնակցում է նաև Սիրանուշ Սահակյանը և իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, ինչպես նաև Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Կոնֆերանսին մասնակցելու համար ԱԺ նախագահի կարգադրությամբ հոկտեմբերի 5-8-ը Վարշավա էին մեկնել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և պատվիրակության քարտուղար Մարիամ Հաջի-Հակոբյանը։
«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի շրջանակում ՀՀ պաշտոնական ներկայացուցչի կողմից հայ գերիների չլուծված խնդրի բարձրաձայնում, ըստ էության, տեղի չունեցավ։ Հասարակական դաշտը շատ ակտիվ էր և խնդիրը ներկայացրեց բազմաթիվ դիտանկյուններից։ Միջոցառմանը ներկա էին նաև ադրբեջանական գոնգոները (հասարակական կազմակերպությունները), որոնք ներդրված են և կառավարվում են պետության կողմից։ Նրանք անընդմեջ արհեստական կերպով քննարկման առարկա էին դարձնում այն, որ Բաքվում պահվող հայերը իբր դասական հանցագործներ են, նրանց մասով գործում է ներպետական օրենսդրությունը, և միջազգային ցանկացած ներգրավվածություն միջամտություն է դատական իշխանությանը»,–նշեց Սահակյանը։
«Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը առանձնահատուկ հայ գերիների խնդիրը չներկայացրեց այն պարագայում, երբ կային Ուկրաինայի պատվիրակներ, և ԵԱՀԿ–ն, ըստ էության, բացառիկության ձևով գործարկել էր մոսկովյան մեխանիզմը, ինչը ուկրաինացի գերիներին հավելյալ պաշտպանություն է տրամադրում։ Հետաքրքրական է, որ նման մեխանիզմ չի գործարկվում հայ գերիների առնչությամբ այն պարագայում, երբ նույն ԵԱՀԿ–ի համատեքստում փակվում է Մինսկի խումբը, որի առաջնային մանդատը թեև հակամարտության լուծումն էր, բայց այն պատասխանատու էր նաև հակամարտության հետևանքով ծագած մարդու իրավունքների խնդիրների համար, ինչպիսին վերադարձի իրավունքն էր և փախստականների իրավական պաշտպանվածությունը»,–ասաց Սահակյանը։
Իրավապաշտպանն ընդգծեց` հայ պատանդները թողնված են ադրբեջանական ներպետական մարմինների հայեցողության ու քմահաճությանը, որոնք երբևէ արդյունավետ չեն գործել հայերի հետ հարաբերություններում
Սահակյանը բացատրեց` քանի որ պատանդների խնդիրը քաղաքականացված է և կապված է որոշակի քաղաքական պահանջների բավարարման հետ, և երկու երկրների միջև չկան հավասարազոր բանակցային ուժեր, կարևորվում են միջազգային գործընկերների ներկայությունն ու ներգրավվածությունը և նրանց ճնշումները, որն ավելի պաշտպանված կդարձնի Հայաստանի իշխանություններին։
Սահակյանի խոսքով` հայ գերիների խնդրով ակտիվություն է ցուցաբերում ԱՄՆ վարչակազմը, որը մի քանի նախաձեռնություններ է մշակել, որոնք կարող են ակտիվ դերակատարում ունենալ գերիների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանման և արցախահայերի վերադարձի իրավունքների համատեքստում։
Իրավապաշտպանը անոմալ երևույթ դիտարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ Սպիտակ տանը խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայմաններում հայ գերիների վերադարձի հետ կապված որևէ տեղաշարժի բացակայությունը։
« Գերիներին չվերադարձնելը արդեն իսկ վկայում է պատանդառության քաղաքականության մասին, ինչը մերժված է միջազգային իրավունքում և էապես հակադրվում է Ժնևյան կոնվենցիոնալ դրույթներին։ Այն, որ դա տեղի չի ունենում հայ–ադրբեջանական հարաբերություններում, ցուցադրում է, որ թեև կա խաղաղության խոստում, բայց այն այնքան էլ անմիջական և իրական չէ, քանի որ իրական խաղաղության պրոցեսները պարզապես մերժում են մարդասիրական խնդիրների առկախումը»,–ասաց նա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


